ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 2.1-12
1 Մի քանի օր յետոյ, երբ նա դարձեալ Կափառնայում մտաւ, լուր տարածուեց, թէ տանն է. 2 եւ շատերը հաւաքուեցին, այնպէս որ այլեւս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջեւ: Եւ նրանց քարոզում էր Աստծոյ խօսքը: 3 Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով: 4 Եւ երբ ամբոխի պատճառով Յիսուսին չկարողացան մօտենալ, քանդեցին երդիկը այն տան, ուր գտնւում էր նա. եւ բացելով առաստաղը՝ իջեցրին այն մահիճը, որի մէջ էր անդամալոյծը: 5 Եւ Յիսուս, տեսնելով նրանց հաւատը, անդամալոյծին ասաց. «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներուած են»: 6 Օրէնսգէտներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին. 7 «Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»: 8 Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում. 9 ո՞րն է աւելի դիւրին. անդամալոյծին ասել՝ քո մեղքերը քեզ ներուա՞ծ են, թէ՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ եւ գնա՛ քո տունը: 10 Բայց որպէսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրայ իշխանութիւն ունի ներելու մեղքերը,– ասաց նա անդամալոյծին,– 11 քեզ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: 12 Եւ վեր կացաւ ու անմիջապէս վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելաւ, այնպէս որ ամէնքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս և բարի օր եմ մաղթում Հանապազօրյա Հացի ներկա ունկնդիրներին, եթերից հետո լսողներին և առհասարակ մեր էջի բոլոր հետևորդներին: Սուրբ Գրքի ընթերցանությունը, աղոթքը և պատվիրանապահությունը քրիստոնյայի կյանքի հիմնաքարերն են, որի վրա կառուցվում է մի ամուր տաճար, որտեղ էլ բնակվում է Աստծո Սուրբ Հոգին: Մեր ամենօրյա ջանքերի շնորհիվ պարտավոր ենք մաքուր պահել մեր տաճարը: Իսկ եթե կարողանանք մեր տաճարում հաստատել նաև սուրբ սեղան, ուրեմն կապրենք Աստծո ներկայության մեջ՝ հավատով, խաղաղության հետ և սիրով ողողված, հույսով սպասելով:
Մարկոս Ավետարանիչը նկարագրում է դարձյալ նույնատիպ մի տեսարան, որտեղ ժողովրդի բազմության պատճառով դռան առջև այլևս տեղ չկար, և դռան մուտքը փակվել էր բազմության պատճառով, որովհետև բոլորը իմացել էին, որ Հիսուս այդտեղ է: Սիրելի հավատացյալներ, մի պահ ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել մի իրականության վրա: Այս բազմությունը եկել էր Հիսուսին լսելու, ճի՞շտ է, չէ որ բոլորը անդամալույծ չէին, կային նաև առողջներ: Մենք չգիտենք, թե նրանցից ովքեր էին հավատում և ովքեր ոչ, բայց որ հսկա բազմություն էր հավաքվում Նրա քարոզության ժամանակ՝ գրված է բոլոր Ավետարաններում: Հիմա հարց եմ ուղղում ձեզ. Ինչո՞ւ այսօր այդ նույն բազմությունը չի հավաքվում եկեղեցում, չէ՞ որ եկեղեցում կարդացվում է նույն Ավետարանները, որոնց մեջ եղած գրվածքները խոսում է մեր Տէր Հիսուս Քրիստոս՝ մարդկանց առջև: Բոլորս գիտենք մեր Տիրոջ այն խոսքը, որ ասաց,- բայց երանի նրանց, որոնք չեն տեսնի, բայց կհավատան: Ուրեմն ո՞ւր խնդիրը: Ձեր տեսակետներն ու կարծիքները այս հարցի շուրջ կարող եք գրել մեկնաբանությունների բաժնում:
Հիմա տեսնենք թե ի՞նչ կատարվեց այս բազմության հետ, որոնց մեջ անպամանորեն ներկա էին փարիսեցիները և օրենսգետները, որոնց նպատակը մենք արդեն գիտենք նախորդ մեկնություններից, որ դավադրությունն էր: Մի անդամալույծ բերեցին մահճի վրա պառկած, և դուռը խցանված տեսնելով՝ երթիկից իջեցրին ուղիղ Հիսուսի առջև:
Սա մարդկային հնարամտությո՞ւն էր, թե՞ հավատքի զորություն: Կարևորը, որ հիվանդը գտել էր իր Բժշկին՝ այդպիսի անհավանական եղանակով: Պատկերացնենք անդամալույծի հոգեկան ապրումները, բուժվելու ակնկալիքը և սրտի ուրախությունը, որ կարողացավ չորս հավատարիմների օգնությամբ հայտնվել իր երազած տեղում: Մենք Ավետարանից մի ուրիշ դեպք էլ գիտենք Բեթեզդայի ավազանի մոտ պառկած երեսունութ տարվա անդամալույծին, որին օգնող չկար որ ջրերը խառնվելու ժամանակ իջեցնեին այնտեղ: Մարկոսը ասում է՝ Հիսուս տեսավ երդիկից իջեցրած անդամալույծի հավատքը: Փրկիչը ներկա է, փրկվողի հավատքը նույնպես: Բազմությունը ներկա է, անհավատ ու կասկածամիտ փարիսեցիները՝ նույնպես: Ուրեմն ի՞նչն է խանգարում որ փարիսեցիների ու բազմության աչքի առջև մի հրաշք տեղի ունենա:
«Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներուած են», միանգամից ասաց Հիսուս՝ անդամալույծին՝ կեղծավորներին մի անգամ ևս փաստելու համար, որ Ինքը իշխանություն ունի մեղքերը ներելու: Մինչդեռ փարիսեցիները դա հայհոյություն համարեցին, ասելով, թե միայն Աստված է, որ կարող է մեղքերը ներել: Տեսնելով նրանց հոգու խռովքը, Հիսուս ասաց հիվանդին,- «քեզ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: Վեր կացավ, վերցրեց մահիճը և բոլորի ներկայությամբ դուրս եկավ այնտեղից այնպես, որ բոլորը տեսան ու զարմացան, ասելով,- «Այսպիսի բան երբեք չենք տեսել»: Երբ Հիսուս Քրիստոս ասում է քո մեղքերը քեզ ներված են, այդ փոփոխությունը կատարվում է անդամալույծի սրտում, և ոչ ոք դա չի տեսնում, իսկ երբ ասում է վեր կաց քայլիր, բոլորին դա տեսանելի է: Սիրելիներ, Ավետարանից մեզ հայտնի են այսպիսի արտահայտությունները, որ արել մեր Տէրը բազում անգամներ, օրինակ՝
«Քեզ եմ ասում, վե՛ր կաց և վերցրու քո մահիճը, և գնա քո տունը» ասում է անդամալույծներին՝ Իր աստվածային իշխանությամբ: «Ղազարո՛ս, վեր կաց, և դո՛ւրս արի», Ասում է չորս օրվա մեռած Ղազարոսին, դարձյալ նույն իշխանությամբ: «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ», ասում է դևին: Եվ էլի շատ ուրիշ դեպքեր
Թողնենք թերահավատ փարիսեցիների իրենց տեղում և վերադառնանք մեր թերահավատությանը, որի պատճառով պառկած ենք մեր մեղքի մահիճների մեջ, և չենք ուզում դուրս գալ այնտեղից: Տասն անգամ ավելի դժվար է հաղթահարել մեր ներսի թշնամուն, (նախանձ, ատելություն, հպարտություն, հայհոյություն և այլն) քան կարծեցյալ հակառակորդը, որը մեր դիմաց է կանգնած:
Այսօր նույն իշխանությամբ Հիսուս Քրիստոս մեզ է ասում.- Ով մարդ, վեր կաց և դուրս արի քո մեղքի գբից, քո փոխարեն ոչ ոք չի կարող դուրս գալ այդտեղից: Դուրս արի Ղազարոսի պես, քայլիր անդամալույծի պես, շտկիր մեջքդ տասնութ տարվա կուչ եկած կնոջ պես: Ինչո՞ւ չես գործածում քո ազատ կամքը, քանի դեռ ժամանակ ունես: Եթե դուրս չգանք մեր մեղքի գբից, Հիսուս մեզ համար լաց կլինի, ինչպես լացեց Ղազարոսի համար.
Խորհենք այս բաների մասին, սիրելի հավատացյալներ, մենք ունենք ավելի շատ հնարավորություն, քան առաջին դարի քրիստոնյաները, ավելի շատ փորձառություն ունենք, քան՝ Քրիստոսի հետ քայլողները: Սիրով մնացեք, խաղաղությամբ գնացեք, համբերությամբ սպասեք վաղվա եթերին: Բարի կիրակի եմ մաղթում ամենքիդ, վստահ եմ, որ բոլորդ էլ աղոթակից եք Պատարագների՝ յուրաքանչյուրդ ձեր վայրում:
Աղօթենք միասին
Սաղմոս 17
Արդարութեանն ակա՛նջ դիր, Տէ՛ր, նայի՛ր իմ խնդրանքին եւ լսի՛ր աղօթքս, որ նենգ շրթներով չէ։
Փորձեցիր սիրտն իմ եւ քննեցիր գիշերով, փորձեցիր ինձ, եւ իմ մէջ անիրաւութիւն չգտնուեց։
Քո շրթների խօսքերի շնորհիւ ես հաստատ կը մնամ դժուարին ճանապարհներին։
Հաստատո՛ւն պահիր շաւիղն իմ քո ճանապարհին, որ ընթացքս չխոտորուի։
Ես քե՛զ կանչեցի, Տէ՛ր, քանի որ լսեցիր ինձ, Աստուա՛ծ. դէպի ի՛նձ խոնարհեցրու ականջդ եւ լսի՛ր իմ խօսքերը։
Սիրում եմ քեզ, Տէ՛ր, զօրութի՛ւն իմ. ո՛վ Տէր, պահպանի՛չ իմ, ապաւէ՛ն իմ եւ փրկի՛չ։
Աստուած օգնականս է, ես յոյսս դրել եմ նրա վրայ. իմ ապաւէնն է, փրկութեանս եղջիւրը, ինձ ընդունողը։
Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ ձեռքերի մաքրութեան, որ նրա աչքի առջեւ է: