ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 10.16-20
16 Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ Ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»: 17 Եօթանասուներկուսը վերադարձան խնդութեամբ եւ ասացին. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում քո անունով»: 18 Եւ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպէս փայլակը: 19 Ահա ձեզ իշխանութիւն տուեցի՝ կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ: Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու: 20 Բայց մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, հավատացյալ քույրեր և եղբայրներ: Հոգու խաղաղություն եմ մաղթում ամենքիդ՝ օրվա Ավետարանի ընթերցանության, սերտողության և աղոթքի ընթացքում, որպեսզի Աստծու խոսքը սիրով հանգրվան գտնի ձեր սրտերում: Երեկվա սերտողության ժամանակ մենք տեսանք, որ Տէր Հիսուս առաքելական կոչման պատրաստություն էր տեսնում, հավաքագրելով աշակերտներ, որնոց պետք է դարձներ մարդկանց որսորդներ՝ ըստ Իր խոստման: Իսրայելի քաղաքներն ու գյուղերը շրջելով Հիսուս տեսավ, որ հունձը առատ է, և մշակները շատ քիչ են: Միանգամից հասկացավ, թե որտեղ է ցավը, և գտավ բուժման եղանակը: Առաջինը, որ նախաձեռնեց, դա առաքյալների պատրաստությունն էր: Քանի որ հոտը առանց հովիվ գայլի բաժին կդառնա: Նաև հոտը վարձկան հովվի պարագայում անգետ կմնա: Ուրեմն հոտին Բարի Հովիվ է պետք, որպեսզի վտանգի պահին իր կյանքը տա հոտի փրկության համար, որովհետև այդպես արեց Ճշմարիտ Հովիվը: Բացի իր տասներկու աշակերտներից, Հիսուս ընտրեց նաև յոթանասուներկու հոգի ևս, և իրենից առաջ ուղարկեց այն վայրերը, ուր հետո Ինքը հետագայում գնալու էր լուսավորելու, քարոզելու և բժշկելու: Խոսում էր մեր Տերը մեծ բազմությունների համար, խոսում էր նաև իր աշակերտների հետ, լուսավորում էր ինչպես բազմությանը, այնպես էլ առանձին Իր աշակերտներին, սովորեցնելով նրանց իրենց առաքելության մեջ վտանգներից խուսափելու, կեղծավորությունից հրաժարվելու, նյութական արժեքների վրա ուշադրություն չդարձնելուց, և այլն:
Անուս մարդկանցից պատրաստում էր բարի հովիվներ, որպեսզի Իր հոտը հանձներ նրանց: Երբ հովիվը բարի է և նրա նպատակը հոտի հոգու փրկությունն է, հոտը այդպիսի հովվին անպայման կարժանացնի իր հասանելիք վարձին: Պողոս առաքյալն ասում է, դուք հոտին հաղորդակից դարձրեք հոգևոր բարիքներին, հոտը կամավոր մասնակից կլինի ձեր մարմնավոր կարիքներին: Նույնիսկ մեր Տէր Հիսուս ասաց այս խոսքը, թե՝ մշակը արժանի է իր վարձին: Այո, անշուշտ մշակը արժանի է իր վարձին, երբ հոգ է տանում բանավոր հոտի հոգևոր կրթությանն ու դաստիարակությանը:
Ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոս այդքան հանգամանալից բացատրում և սովորեցնում իր աշակերտներին: Նա գիտեր,որ Իր ժամանակի սերնդի մեջ գայլերի ոհմակներ էին շրջում գառան մորթով: Այդ պատճառով էր ասում, ձեր ուղարկում եմ որպես գառներ՝ գայլերի մեջ: Ինչպե՞ս կրթեց, ի՞նչ սովորեցրեց, ինչպե՞ս ներարկեց աշակերտների մեջ այդքան խոնարհությունը, այդքան ծառայասիրությունը, որ մինչև մեր օրերը առաքյալների թղթերը կարդալիս, մեզ է փոխանցվում նրանց խոսքի ազդեցությունը և Սուբ Հոգու ներգործությունը: Առաքյալների խոնարհությունը ակնհայտ է իրենց թղթերում:
Երբեմն երբեմն հանդիպում ենք բարձրաստիճան հոգևորականների, որոնք իրենց հպարտ քայվածքի պատճառով նույնիսկ չեն նկատում իրենց կողքի հավատացյալին, որը գուցե խորը ակնածանքից չի համարձակվում մոտենալ և օրհնություն ստանալ: Գուցե այստեղ է գաղտնիքը, որ վիհ է առաջացել է հոգևորականի և հավատացյալի միջև: Որովհետև Ավետարան կարդացող հավատացյալը ուզում է զգալ այդ հոգևոր ջերմությունը իր հոգևորականից, ուզում է զգալ հայրության ապահովությունը, և հոգևոր օրհնության անհրաժեշտությունը: Ինչո՞ւ եմ այս մասին բարձրաձայնում, որովհետև այսօրվա Ավետարանի մեջ մեր Տէրը ասում է, «Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ Ուղարկողին է մերժում»: Չլինի հանկարծ, որ անգիտության պատճառով անտեսած լինենք այս պատվիրանը, և հարուցած լինենք Աստծու բարկությունը: Որովհետև եթե հոգևորականի խոսքը համոզիչ չեղավ, մարդիկ չեն լսելու և անգետ են մնալու:
Ժողովուրդը լսում են նրան, ում խոսքը հասանելի է, արժեքավոր է, համապատասխան է խոսողի վարքին և հեղինակություն ունի: Այսպիսի խոսքը սիրով է հիշվում, հաճույքով է պահվում, և հեշտությամբ է իրագործվում: Տէր Հիսուս կամենում էր, որ իր առաքյալների խոսքը հեղինակություն ունենա ոչ թե ըստ պաշտոնի, այլ ըստ իրենց ապրած կյանքի: Նա այդ պատասխանատու լուծը դնում էր Իր աշակերտների ուսերին՝ սրբացնելով նրանց: Կա՞ ավելի պատվավոր ու հեղինակավոր մի պաշտոն, քան Քրիստոսի պատգամաբեր կոչվելը: Մեր Տէրը գիտակ էր օրենքին ու մարգարեություններին, անգիր գիտեր բոլոր գրքերն ու մարգարեությունները և գիտեր թե ինչ խստությամբ էր հանձնարված մարգարեներին՝ Աստծու խոսքը ժողովրդի հասցնելու պարտականությունը.
Հիսուս Քրիստոս Գիտեր, որ Աստծու պատգամը ճշգրտությամբ ժողովրդին չհասցնելու դեպքում, ժողովրդի արյունը մարգարեից էր պահանջվելու: Հետագայում առաքյալները պետք է այդ պատասխանատվությունը վերցնեիր իրենց ուսերին ու այդպես շարունակ, մինչև մեր օրերը: Դրա համար Քրիստոս ընտրեց Իր խոսքի պատգամաբերներ և ուղարկեց աշխարհով մեկ տարածելու և քարոզելու Արքայության Ավետարանը: Այնուհետև Պողոս առաքյալը իր Տիմոթեոս աշակերտին գրում է,- «Հիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծոյ շնորհը, որ տուեցի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրայ, որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան: Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը»:
Սիրելիներ, ես ձեզ այսքան մանրամասն բացատրում եմ, ոչ թե նրա համար, որ իմ նպատակն է որևէ մեկին քննադադել, այլ որպեսզի ձեր հավատքը հիմնված լինի ոչ թե անձերի, այլ Քրիստոսի ուսմունքի վրա և ամուր լինի ինչպես ժայռի վրա կառուցած տունը: Թերություններ կան ամենուրեք, բայց մեր պարտքն է մեր անձերով շտկել մեր Հոր տան թերությունները, որոնք առաջացել են մեզնից յուրաքանչյուրի պատճառով: Այստեղ ավարտեմ միտքս դարձյալ նույն մաղթանքով՝ մնացեք սիրով, գիտակից հավատքով, սթափ վերլուծական մտքով, որովհետև ժամանակները այլ բան են ցույց տալիս, Իսկ մեզ ամուր հավատք է պետք:
Աղօթենք միասին
Սաղմոս 13
Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ չկայ Աստուած. ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի։ Տէրն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտռի։ Բոլորը խոտորուեցին, միասին անպիտան դարձան. բարութիւն անող չկայ, ոչ իսկ մէկ հոգի։ Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում, ովքեր խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակուր ու հաց եւ Տիրոջը չեն դիմում։ Այնտե՛ղ են երկիւղից սարսում, ուր երկիւղ չկայ, քանզի Տէրը արդարների ազգի մէջ է։
Տէր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակուի քո սուրբ լերան վրայ. նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտութիւն խօսում իր սրտում։ Ով չի նենգել իր լեզուով եւ ընկերոջը վատութիւն չի արել, Մերձաւորներից նախատինք նա չի ստանում, եւ չարագործն անարգուած է նրա աչքում։ Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկիւղ ունեն Տիրոջից, երդւում է իր բարեկամին չի դրժում։ Իր արծաթը վաշխով չի տալիս, իրաւունքի դէմ կաշառք չի վերցնում։ Ով անում է այս, նա յաւիտեան չի սասանուի։