ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 1.35-45
35 Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ-գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր: 36 Նրա յետեւից նրան փնտրելու գնացին Սիմոնը եւ նրանք, որ նրա հետ էին: 37 Եւ երբ գտան նրան, ասացին. «Ամէնքը փնտրում են քեզ»: 38 Եւ նրանց ասաց. «Եկէք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»: 39 Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում: 40 Նրա մօտ եկաւ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»: 41 Իսկ Յիսուս գթալով ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: 42 Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց: 43 Եւ Յիսուս իսկոյն դուրս հանեց նրան եւ խստիւ պատուիրեց. 44 «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասե՛ս, այլ գնա, քեզ քահանայի՛ն ցոյց տուր եւ մաքրուելուդ համար ընծա՛յ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը նրանց համար իբրեւ վկայութիւն»: 45 Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դրսում՝ ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, մեր ուղիղ եթերի սիրելի ունկնդիրներ, ուրախ եմ կրկին ձեզ հանդիպելու առավոտյան այս ժամին, և հատկապես Աստծո խոսքի քննարկման առիթով: Թող Աստված օրհնի ինչպես ներկա գտնվողներին, այնպես էլ՝ հետո միացողներին:
Հիմա տեսնենք, թե ինչ պատգամ ունի մեզ տալու այսօրվա Ավետարանի ընթերցվածքը, որպեսզի մեր առաջիկա օրը կառուցենք այդ պատգամի պահանջի կամ ասելիքի հիմա վրա: Մարկոսի Ավետարանի սկիզբն է այսօրվա ընթերցվածքը, հետևաբար երկու խոսքով ձեզ ներկայացնեմ, թե ինչ էր պատահել դրա նախորդող օրերին:
Հովհաննես Մկրտիչը արդեն պատրաստել էր Տիրոջ ճանապարհը ապաշխարության քարոզով: և՛ քարոզում էր ապաշխարության մկրտություն, և՛ տեղեկացնում էր ամբողջ Հրեաստանին ու երուսաղեմացիներին, որ իր հետևից գալու է իրնեից հզոր մեկը, և մկրտելու է մարդկանց Սուրբ Հոգով: Այստեղ մի պահ անդրադառնանք մի տեսարանի, որին երբեք ականատես չենք լինելու մեր կյանքում, ինչքան էլ որ ապրենք: Գալիս է աշխարհի Փրկիչը՝ Տէր Հիսուս Քրիստոս, առանց թիկնապահների ու շքախմբի, և նրանից առաջ գալիս է Նրա պատգամաբերը, որը ոչ թե երևելի մեկն էր, այլ ուխտի մազից զգեստ հագած և մեջքին կաշվե գոտի կապած ոմն մի պարզ մարդ, Հովհաննես անունով: Մեր աչքերը սովոր են տեսնել առաջնորդների առջևից ու հետևից գնացող մեքենաներին, թիկնապահներին ու շքախմբերին՝ ուղեկցելու համար թեկուզ մի փոքր տարածություն: Ինչևէ:
Գալիլիայի Նազարեթ քաղաքից գալով Հորդանան Հիսուս մկրտվեց Հովհաննեսից, և ապա Հոգին Նրան տարավ Անապատ՝ փորձվելու և քառասուն օր հետո՝ պարտության մատնելով սատանային, վերադարձավ Գալիլիա, սկսելու իր հանրային ծառայությունը: Սկսեց ընտրել իր աշակերտներին և սկիզբը դրեց Իր քարոզությանն ու առաքելությանը: Ընտրել էր Սիմոնին և Նրա եղբայր Անդրեասին, Հակոբոսի և Հովհաննեսին, որոնք ծովեզերքին թողել էին իրեն ուռկանները և Հիսուսի մեկ խոսքով հետևել էին Նրան: Ժողովարանում քարոզելով, ճանապարններին դևեր հանելով, ու մարդկանց բժշկելով՝ աշակերտների հետ Հիսուս եկավ Սիմոնի տուն: Այստեղ էր, որ բուժեց Սիմոնի զոքանչին:
Մարկոսը պատմում է, որ ամբողջ քաղաքը հավաքվել էր նրանց դռների առջև, իրենց հիվանդություններից բժշկվելու համար: Եվ ասում է՝ լուսադեմին Հիսուս գնաց մի ամայի տեղ աղոթելու: Ի՞նչ էր աղոթում, ինչո՞ւ էր աղոթում, ո՞ւմ համար էր աղոթում՝ Ավետարանը մեզ ոչինչ չի ասում, մենք էլ բավարարվենք նրանով, ինչ ասում է:
Բայց նայելով իրականությանը և Հիսուս Քրիստոսի առաքելության նպատակին, կարելի է պատկերացնել, որ Նրա ամբողջ հոգսը անմխիթար վիճակում հայտնված խեղճ ժողովուրդն էր, դիվահարված հիվանդներն էին, մեղքի պատճառով անդամալույծ դարձած հաշմանդամներն էին, փարախը կորցրած հոտն էր, որ հովիվ չուներ: Դրա կողքին տեսնում էր փառասեր կրոնական իշխանավորներին, ձևապաշտ փարիսեցիներին, սառնասիրտ քահանաներին, ու քահանայապետներին, որոնց էր հանձնված անմխիթար ժողովուրդը: Կարելի է պատկերացնել, թե ինչու էր գնացել մի ամայի տեղ միայնակ մնալու,և վերլուծելու եղածը: Բազմությունը Նրան հանգիստ չէր թողնելու, քանի որ կարոտ էր նման վերաբերմունքի, թեկուզ ողջ գիշեր էլ Սիմոնի դռանը սպասեին: Նրա խոսքի քաղցրությունը և զորությունը զմայլել էր ոչ միայն իրենց մասնագիտությունը մոռացած ձկնորսներին, այլ ողջ ժողովրդին: Քրիստոսի սիրո կրակը արդեն բռնկել էր Սիմոնի և մյուսների սիրտը, և գնացին ու գտան Նրան միայնության մեջ, ասելով՝ «Ամէնքը փնտրում են քեզ»:
Աշխարհի Տէրը, Արարիչը, և Փրկիչը ոտքով էր շրջում գյուղաքաղաքներ, որպեսզի քարոզեր, բժշկեր, քանի որ հենց դրա համար էր եկել:
Այսօր էլ մեր ժողովուրդը հիվանդ է, տկար է, անդամալույծ է, ամենքը Քրիստոս են փնտրում, որ բժշկվեն իրենց մեղքերից ու հիվանդություններից: Բայց ավաղ, մենք չունենք քաղաքներով ու գյուղերով քայլող քրիստոսներ, ձեռք դնող և բժշկող առաքյալներ: Սակայն Ավետարանի պահանջ նույնն է՝ Սիմոն, որդի Հովհանի, սիրո՞ւմ ես ինձ, արածեցրու իմ հոտը:
Ճգնավորը միայն նա չէ, սիրելիներ, որը անապատում մեկուսացած է, նաև նա է, որը իր կյանքը դրել է որպես ճգնություն, Քրիստոսի խոսքը կատարելու համար, իր կյանքը դարձրել է խաչ, որի վրայով մեղավոր մարդը կանցնի ու կգնա դեպի փրկություն: Ինչպես Պողոս Առաքյալն է ասում.,- Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին:
Սիրելի հավատացյալներ, կուզեմ, որ դուք Աստվածաշունչը ընկալեք որպես ձեր կյանքի բաղկացուցիչ մաս, քանի որ մարդու աշխարհ գալու նպատակը աստվածճանաչողությւոնն է: Ուզում ես վախճանիդ օրը օրհնվես, ուրեմն ապրածդ օրերում ունեցիր Աստծո երկյուղը: Մնացեք սիրով, ամենքդ Քրիստոսին փնտրելով, և ձեր սրտերում պահելով:
Աղօթենք միասին
Սաղմոս. 11
Փրկի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի սուրբ չմնաց, նուազեց ճշմարտութիւնը մարդկանց որդիների մէջ։
Ստութեամբ խօսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցուեցին նենգ շրթունքներով։
Տէրը կ՚ոչնչացնի բոլոր նենգ շրթունքներն ու լեզուները մեծախօս, որոնք ասացին.
«Երկարեցնենք մեր լեզուները, մենք շրթունք ունենք, արդ՝ ո՞վ է մեր տէրը»։
Աղքատի տառապանքին եւ տնանկի հեծութեան համար այժմ ես կ՚ելնեմ, – ասում է Տէրը, –
կը բերեմ իմ փրկութիւնը եւ վստահ կը լինեմ նրանց վրայ։ Տիրոջ խօսքերը սուրբ խօսքեր են,
ինչպէս ընտիր ու փորձուած արծաթ՝ եօթնապատիկ մաքրուած եւ զտուած հողից։
Դու, Տէ՛ր, պահպանեցիր մեզ եւ փրկեցիր այս ազգից մինչեւ յաւիտենութիւն։
Ամէն կողմ ամբարիշտներ են շրջում. քո բարձրութեան համեմատ դու մեծութի՛ւն տուր մարդկանց որդիներին։