ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 1.26-38
26 Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծոյ կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, 27 մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: 28 Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: 29 Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: 30 Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: 31 Եւ ահա դու կյղիանաս եւ կծնես մի Որդի ու նրա անունը Յիսուս կդնես: 32 Նա մեծ կլինի եւ Բարձրեալի Որդի կկոչուի: Եւ Տէր Աստուած նրան կտայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կթագաւորի Յակոբի տան վրայ, 33 ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: 34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: 35 Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կգայ քեզ վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծոյ Որդի կկոչուի: 36 Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը՝ նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ սա յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. 37 որովհետեւ Աստծոյ համար անկարելի բան չկայ»: 38 Եւ Մարիամն ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ ուրախ օր եմ մաղթում ձեզ, սիրելի հավատացյալներ:
Այսօր մեր եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից՝ նրա անձնական տուփը գտնելու հիշատակության օրը: Ավետարանի այս հատվածը ընթերցվում է նաև Ավետման տոնի օրը: Եթե մտովի անդրադառնանք Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներին, կտեսնենք թե յուրաքանչյուրի խորքում ինչ զարմանալի նախախնամություն կա Տիրոմոր կյանքի հետագա ընթացքի համար: Սուրբ Կույսի մոր հղացումը Աստծո մեծագույն պատասխան պարգևն էր Աննայի ու Հովակիմի ջերմեռանդ աղոթքին: Մարիամի ծնունդը նախապատրաստություն էր Փրկչի աշխարհ գալուն: Նրա տաճարի ընծայումը սրբագործվելու գործընթացն էր: Ավետումը` խոնարհության, հեզության և հնազանդության նախապատրաստումն էր ընտրյալ լինելու: Սուրբ Աստվածածինը այնքան սիրված ու գնահատված է, որ մինչև անգամ նրա գոտու ու տուփի գտնվելը տոնի է վերածվել մեր եկեղեցում: Իսկ ամենակարևորը` Աստվածածնի վերափոխումը լրումն է բոլոր տոների, գնահատականն ու վարձատրությունն է նրա սրբության, Որդու չարչարանքները արիաբար տանելու և հավերժ բարեխոս լինելու և մնալու: Այստեղ է մեծագույն խորհուրդը վարձատրության, որ Աստված խոստանում է Իրեն հավատացողներին, ասելով Իմ մայրը նա է, ով լսում և պահում է Իմ խոսքը:
Եթե մենք երբևէ համեմատենք Աստվածածնի կյանքի փուլերը մեր կյանքի հետ, կամաչենք մեր ապրած կյանքից ու ակամայից կասենք. Ի՜նչ նորաձևություն, ի՜նչ շքեղություն, ի՜նչ նախապատիվ աթոռներ, ի՜նչ դատարկ մեծարանքի խոսքեր, որ երբեմն լսում ենք մեր ծննդյան տոներին: Միայն սրբերի հետ համեմատվելիս կտեսնենք մեր իրական գնահատականը, ու Աստվածածնից կխնդրենք միայն խոնարհություն և հնազանդություն: Դարձյալ փառք Աստծո, որ մեզ համար որպես օրինակ ունենք Սուրբ Կույս Աստվածածնին, Փառք Որդուն, որ մեզ հնարավորություն տվեց հավիտենական բարեխոս ունենալ Իր Սուրբ Մորը: Ամենասուրբ Երրորդությանը փառք ու պատիվ հավիտյան:
Սիրելիներ, մեր օրը ամբողջությամբ նվիրենք մարդկության Հավերժ Բարեխոսին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնին, խորհելով նրա կյանքի, գործերի խոնարհության և վարձատրության մասին: Հրեշտակը, հայտնվելով Կույս Մարիամին, ասաց նրան, որ նա պիտի հղիանա Սուրբ Հոգուց և ծնի աշխարհի Փրկչին. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է, օրհնյալ ես դու կանանց մեջ: ....Ահա դու կհղիանաս ու կծնես մի որդի և Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի» :
Շնորհավորում եմ Մարիամ անունը կրող կանանց և աղջիկներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ և հայցում եմ Աստվածածնի բարեխոսությունը բոլորի կյանքում`շնորհ գտնել Աստծու առաջ խոնարհությամբ, հեզությամբ, հնազանդությամբ, պատրաստակամությամբ, ինչպես մեր շատ սիրված Սուրբ Կույսը:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին. կիրակնօրյա աղոթք
Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր եր- կինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մութով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից: Տեր և Աստված իմ, որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից: Բայց դու, Տեր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրորդությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն: