ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 13.16-23
Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ՝ լսել, ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին: Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը. ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց: Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն: Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում-ընկնում է: Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ: Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ՝ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ՝ մէկի դիմաց՝ վաթսուն, եւ կայ որ՝ մէկի դիմաց՝ երեսուն»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելի քույրեր և եղբայրներ, Քրիստոսի սերն ու խաղաղությունը ամենքիդ հետ լինի՝ Իր խոսքը լսելու և կատարելու համար:
Այսօրվա Ավետարանը դարձյալ Սերմնացանի առակի մասին է: Բայց շատ հետաքրքիր ու կարևոր նախաբան ունի, որն ասում է. երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: Այս խոսքերը մեր Տէրը ասաց իր առջև գտնվող և Իրեն լսող աշակերտներին, որոնց ինքն էր ընտրել: Ի՞նչ է տալիս մեզ այս խոսքերը, այսօրվա քրիստոնյաներիս : Կարող ենք լինել Տիրոջ մատնացուց արած երանելիները: Կարող ենք նաև հեռու լինել այդ երանությունից, ինչպես որ այդ ժամանակվա շատ մարդիկ, որոնք չէին հավատում, և չէին շրջում Նրա հետ: Երանելի կարող ենք լինել գիտակցաբար, եթե կարդանք Հիսուսի կողքին ներկա գտնվող աշակերտներից մեկի խոսքը, որն անմիջապես տեսել է Քրիստոսին, լսել է Նրա շրթներից հնչած ամեն խոսք, փարվել է Նրա կրծքով, և հաց է կերել Նրա հետ և քայլել է երեք տարի շարունակ: Այնուհետև իր տեսածները Սուրբ Հոգու շնորհով գրի է առել մեզ համար, որ մենք էլ երանության մաս կազմենք: Խոսքը Հովհաննես առաքյալի մասին է, որը Տիրոջը ներկայացնելիս ասում է,- Աստված լույս է, և Նրա մեջ խավար չկա: Երանելի կոչվելու համար մի քանի գաղտնիքներ կան, որոնք բացահայտում է առաքյալը իր ընդհանրական թուղթը գրելիս: Հիմա մենք այդ երանելիներից ենք, որ կարդում ենք նրա գրածը, ով անմիջապես խոսել է մարդկության Փրկչի հետ: Առաջին գաղտնիքն այն է, որ ասում է, եթե դու քրիստոնյա ես, հաղորդության մեջ ես Քրիստոսի հետ, և քայլում ես խավարի մեջ՝ մեղքի ճանապարհով, ուրեմն դու ստում ես և քո խոսքի մեջ ճշմարտություն չկա:
Երկրոդ գաղտնիքն այն է, որ ասում է, եթե դու քրիստոնյա ես, հաղորդության մեջ ես Քրիստոսի հետ և քայլում ես արդարության ճանապարհով և քո այոն այո է, իսկ ոչը՝ ոչ, և սիրում ես բոլորին Քրիստոսի սիրով, ուրեմն Հիսուս Քրիստոսի արյունը մաքրում է քեզ ամեն մեղքից: Եվ մի երրորդ գաղտնիք էլ կա, որ ասում է, եթե դու քրիստոնյա ես, ուրեմն ստուգիր քեզ, իրապես ճանաչում ես Քրիստոսին: Եթե պահում ես Նրա պատվիրանները, ուրեմն ճանաչում ես Նրան: Առաքյալը այս բաները գրում է, - սիրելիներ,- որպեսզի մենք մոլորության մեջ չընկնենք, կարծելով թե՝ միայն քրիստոնյա լինելը բավարար է փրկության համար: Աշխարհի ստեղծման պահից սկսված Աստված առաջին մարդուց՝ իր գործած մեղքի համար զղջում և խոստովանություն էր ակնկալում, ինչը չեղավ: Մեր Տէրը խաչի վրա ավազակի զղջման համար ուրախացավ և նրան դրախտ խոստացավ: Ուրեմն Քրիստոնյա անունը մեծ պատասխանատվություն է պահանջում: Երբ քրիստոնյայի կյանքը կտրված է պատվիրաններից, այդ կյանքը ինքնախաբեություն է, և ժամանակի կորուստ: Եթե դու գիտես, որ չի կարելի գողանալ և գողանում ես, ուրեմն դու խախտում ես միանգամից երեք պատվիրան՝ պատվիրանազանցություն, գողություն, և ստել գողության վերաբերյալ, կամ չխոստովանել գողացածը: Սակայն երբ դու պահում ես մեկ պատվիրան, միանգամից ձեռք ես բերում երեք առաքինություն՝ պատվիրանապահություն, հնազանդություն, և ժուժկալություն, որ կարող էիր անել, բայց չարեցիր: Այսինքն՝ մեկ պատվիրան խախտելով երեք մեղք ես հանձն առնում, իսկ մեկ պատվիրան պահելով երեք առաքինություն ես ձեռք բերում:
Սիրելիներ, մեր օրերում մեղքի և խոստովանության մասին խոսելը մի տեսակ մոդա չէ, բոլորը խուսափում են խոսել մեղքից, պատսխանատվությունից, սակայն Աստծո առջև Դատաստանը երբեք մոդայից դուրս չի գալիս և միշտ անխուսափելի է: Չէ որ մեր ապրած կյանքում բոլորս հնարավորինս խուսափում ենք դատարան ընկնելուց և դատավորի առջև կանգնելուց, ինչը համեմատելի չէ դատաստանի հետ: Այս պարտականությունը եկեղեցու սպասավորինն է, հավատացյալ հոտին սովորեցնել ճանաչել մեքերի բոլոր տեսակները: Շատ մեղքեր կան, որ հավատացյալը մեղք չի համարում և ապրում է այդ մեղքի հետ մինչև մահ, և շարունակ դժգոհում է իր բախտից ու կյանքից, չիմանալով բուն պատճառը: Սովորաբար հավատացյալը տագնապի մեջ է ընկնում այն ժամանակ, երբ փորձության մեջ է հայտնվում: Ոչ մի ջանք չի խնայում փորձությունից դուրս գալու համար, բայց երբեք չի անդրադառնում, թե որն էր պատճառը փորձության մեջ ընկնելու, որպեսզի այլևս չկրկնի:
Սիրելի հավատացյալներ, Աստծու պահանջը նույնն էր երեկ, նույնն է այսօր և նույնն է լինելու մինչև յուրաքանչյուրի անհատի կյանքի ավարտը: Խոնարհություն ունենաքն ընդունելու այս ճշմարտությունը որպես իրականություն: Զգոն եղեք ձեր կյանքերի և ձեր հոգիների փրկության համար, քանի որ ամեն օր աշխահը իր կանոններն է թելադրում մեզ: Եթե մենք խաղի կանոները չիմանանք տանուլ կտանք Քրիստոսի թանկ արյունով փրկագործվա մեր կյանքը: Միշտ հիշեք, որ Աստվածանունչը հների մեջ հնագույն է, իսկ նորերի մեջ Նորագույն: Նա բոլոր ժամանակների համար պատասխան ունի տալու անիրավ աշխարհին: Թող Ավետարանը լինի ձեր կյանքի ուղեկիցը, որպեսզի ուրախ ապրեք ձեր կյանքը: Մնացեք սիրով և խաղաղությամբ:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին: Աղոթք ուրբաթ օրվա համար.
Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից: Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այս օրը խաչ բարձրացար, Բանդ Աստված: Եվ արդ, աղաչում եմ քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի, քանի որ քոնն եմ, Տեր, և հույսս դու ես, և քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից: Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. Ամեն: