ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.32-40
Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. որովհետեւ ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն: Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ երբ կվերադառնայ հարսանիքից, որպէսզի երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կկապի մէջքին, սեղան կնստեցնի նրանց եւ կանցնի նրանց սպասարկելու: Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ եւ գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: Բայց այն էլ իմացէք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ որ ժամին գող կգայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կգայ մարդու Որդին»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, Ավետարանի պատգամներին սպասող սիրելի հավատացյալներ:
Ավետարանը կարելի է համեմատել այն կատարյալ ընտանիքի օրինակին, որտեղ հայրը հոգատար է ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ, մայրը խնամում է ողջ ընտանիքին, իսկ զավակները հնազանդ են ծնողներին: Այսօրվա ընթերցվածքը մեզ այդ մասին է հիշեցնում: Հայրը՝ որ Աստված է, կամեցել է Իր զավակներին տալ արքայությունը: Մայրը՝ որ եկեղեցին է, այս պահին հիշեցնում է մեզ այդ մասին: Մենք՝ զավակներս լսում ենք այդ խոսքը և աստվածավախները նաև հետևում են Սուրբգրային ճշմարտություններին:
Մեր Հայրը մեզ կամենում է տալ Արքայություն, և զգուշացնում է, ասելով՝ «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»։ Մեր մեծագույն խնդիրն այն, որ մենք Արքայությունը միշտ հեռավոր մի վայր ենք նկատում, և անտեսում ենք, անտեսելով՝ կառչում ենք ժամանակավոր հարստությունից: Այս մասին էլ է Տէրը զգուշացնում մարդկությանը, թե՝ ով մարդ դու ավելի թանկ ես քան ոսկին ու ածաթը: Մի վախեցեք,- ասում է,- քանի որ դուք ավելի հարգի եք, և ձեր գլխի բոլոր մազերը հաշված են: Դուք պետք է հարստանաք միայն Աստծով, իսկ մնացածը Աստված գիտե, թե ձեզ ինչ է պետք, և ավելիով կտա ձեզ:
Մարմնի կարիքները հոգալու անվերջանալի անհանգստությունը չի լքում մեր տկար բնությանը, մեր ամբողջ ժամանակն ու ֆինանսը տրամադրված է նյութական բարիքներ ստեղծելու վրա, ու այդպես անցնում ամեն մեկի կյանքը, իսկ Աստծու խոսքը մնում է չկատարված: Մինչդեռ մենք՝ քրիստոնյաներս մի շատ կարևոր պատգամ ունենք կատարելու ամենքս մեր ծառայության վայրում: «Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։ Մատթ. 5:16
Մատթևոսի Ավետարանի 12րդ գլխում տեսանք, որ փարիսեցիներն ու օրենսգետները Հիսուսին Վարդապետ անվանեցին և նրանից նշան էի էին խնդրում: Նա ասաց, որ չար ու շնացող ազգին այլ նշան չի տրվելու քան Հովնան Մարգարեի նշանը: Իսկ ինչ է Հովնանի նշանը, եթե ոչ ապաշխարություն և հարություն: Եթե մենք էլ ենք նշան սպասում Տիրոջից, ուրեմն նույն պատասխանը մեզ է տրվելու, քանի որ մենք էլ ունեցանք Հովնաններ՝ քարոզելու համար, Լուսավորիչներ՝ լուսավորվելու համար, Սահակներ ու Մաշտոցներ՝ մեր լեզվով Աստվածաշունչը կարդալու և Աստծուն դիմելու համար: Տեր Հիսուս պատվիրում է, որ մեր գոտիները ամուր կապած լինի և մեր ճրագները վառած լինի, որպեսզի երբ գա Տէրը, մեզ արթուն գտնի, և երանի է տալիս արթուններին:
Հիմա անդրադառնանք մեր կյանքին, այսօր քաղցած մարդ չկա, մերկ մարդ էլ չկա, կարծես թե միջին հաշվարկով մարդը ապրում է բավարար պայմաններում, սակայն մարդու մոտ միշտ մի բանի պակաս կա, մի բանի կարոտություն կա, մի դատարկություն կա: Մարդը ուրախ չէ, և չի պատկերացնում, որ այդ դատարկ տեղը պետք է լցնել մնայուն արժեքներով, որը՝ Աստծու խոսքն է: Աստված սպասում է ամեն մարդու, որ լցնի այդ դատարկությունը և պատրաստ լինի, քանի որ ոչ ոք չգիտե, թե երբ կգա Մարդու Որդին, գուցե այն ժամանակ, երբ չէինք սպասում: Եթե համարենք, որ մենք ենք այդ փոքրիկ հոտը, որին Տէրը ասում է մի վախեցիր, ապա մեր ապրած կյանքը այս պահից պետք է փոխվի, որովհետև այն չի համապատասխանում Տիրոջ այսօրվա պահանջին:
Առաքելական եկեղեցին այսօր հիշատակում է Սուրբ Սահակ Պարթև և Սուրբ Մեսրոպ Մաշտոց Հայրապետների խնկելի անունները, որոնց ճգնության և թարգմանության աշխատությունների պտուղները վայելում ենք մենք՝ այսօրվա փոքրիկ հոտը, որոնց Աստված որպես պարգև էր ուղարկել, որպեսզի Քրիստոս Հիսուսի նշանները մեր լեզվով կարդանք ու իմանանք:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին:
Զողորմութիւն Քո, Տէ՛ր, արա՛ ի մեզ եւ բարեխօսութեամբ սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ մի՛ կորուսաներ զմեզ: Երրորդութի՛ւն Սուրբ, ողորմեա՛ մեզ: Առաջնո՛րդ կենաց եւ պարգեւի՛չ խաղաղութեան, Քրիստոս Աստուա՛ծ մեր, առաջնորդեա՛ մեզ գնալ ի ճանապարհս Քո արդարութեան եւ խաղաղութեամբ ժամանել ի նաւահանգիստն կենաց եւ փրկութեան շնորհօք ողորմութեան Քո. զի Դու ես օգնական եւ փրկիչ մեր, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեան յաւիտենից. ամէն: