ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 13.1-8
Այդ օրը Յիսուս, տնից դուրս գալով, նստեց ծովեզերքին: Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում. «Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ: Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ: Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին: Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ՝ մէկին՝ հարիւր. եւ կար որ՝ մէկին՝ վաթսուն. եւ կար որ՝ մէկին՝ երեսուն:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ.
Այսօրվա Ավետարանը մեզ պատմում է սերմնացանի առակի մասին, որը մեր եկեղեցում ամենաշտ կարդացված և մեկնաբանված առակն է, չնայած, որ Տէր Հիսուս առակը ընդհանուրին պատմելուց հետո, աշակերտների համար առանձին բացատրեց առակի իմաստը: Պարզ դարձավ նաև մեզ համար, որ Տէր Հիսուս խոսում է մարդկանց չորս տեսակների մասին, որոնք լսում են Աստծու խոսքը: Առակը բոլորիդ հայտնի է, առակի իմաստը՝ նույնպես: Այս առակը անհատական ընկալում ունի, որովհետև բոլոր կարդացողները Աստծու խոսքը նույն կերպ չեն լսում ու հասկանում վերը նշված պատճառներով: Այդ պատճառով յուրաքանչյուրը իրեն է տեսնում այս առակում՝ ըստ իր հավատքի, գիտելիքի, ջանքի և արդյունքի: Սովորաբար աստվածաշնչյան առակները հենց այն բանի համար են, որ մենք կարդաք, սերտենք, ընկալենք, և այդ առակը կամ պատգամը մեր կյանքի մեջ փոփոխություն բերի, կյանքի որակը փոխի, սխալը ցույց տա և ուղղությունը շտկի, քանի որ Աստծու խոսքը ուրիշ անելիք չունի, բացի մարդու սխալը ուղղելուց: Աստվածաշնչի մեկնաբանները ասում են, որ Ավետարանը ընթերցելու երկու ձև կա, մեկը հեռադիտակով, մեկը մանրադիտակով: Վստահ եմ, որ բոլորդ ունեք այդ փորձառությունը, որ ամեն անգամ նույն գլուխը կարդալիս մի նոր միտք է ի հայտ գալիս: Այս տեսակ ընթերցանությունն է, որ կարող է պտուղ տալ կյանքերի մեջ: Ոչ թե արագ և շատ կարդալով է, այլ կարդացածը կյանքում կիրառելով է, որ մեկին ՝ 30 , 60 և 100 պտուղ տվեց: Այս առակը պատմելու ժամանակ բազմության շատության պատճառով Հիսուս նավակի մեջ է մտնում, իսկ ամբողջ ժողովուրդը մնում է ծովեզերքին, և Նա նավակի մեջ նստած է խոսում:
Մենք սովորաբար մեր եկեղեցիներում քարոզխոսության ժամանակ բարձրախոսներ ենք օգտագործում՝ փակ տարածքում ձայնը լսելի լինելի լինելու համար, եթե բարձրախոս չլինի վերջում կանգնած մարդկանց համար հավանաբար ձայնը լսելի չի լինի: Իսկ ինչպես էր լսվում Նրա ձայնը բաց տարածքում, այդքան բազմության համար: Դրա համար էլ ասում են Քո կարողությունը անքննելի է, Տէր:
Իսկ աշակերտների հետ առանձնանալուց հետո, նրանց մի ուշագրավ բան է ասում, երբ աշակերտները հարցնում են, թե ինչո՞ւ է առակներով խոսում: «Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում»։ Անշուշտ Տէր Հիսուս նկատի ուներ փարիսեցիներին ու օրենսգետներին, որոնք օրենքը գիտեին ու կառչած էին միայն դրանից և ավելի չէին տեսնում, ինչ որ անում էր Հիսուս, և անվերջ նրանից նշան էին հայցում: Պատահական չէ, որ ամեն մի կարևոր միտք ասելուց հետո, Տէր Հիսուս ասում էր, ով ականջ ունի լսելու, թող լսի: Բայց աշակերտներին ասում է,- երանի ձեր աչքերին, որ տեսնում են, ձեր ականջներին, որ լսում են, քանի որ շատ մարգարեներ կամեցան տեսնել այն ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում և չլսեցին: Խոսքը այն մարգարեների մասին էր, որոնք կանխասացություններ էին ունենում Հիսուս Քրիստոսի ծնվելու մասին, սակայն հերթով մեռան և չտեսան Փրկչի Սուրբ Ծնունդը: Այս բոլոր պատմությունները մեր աչքի առջև է, մեր ականջի տակ է, մեր ձեռքերի մեջ է Ավետարանը: Հարց տանք ամենքս մեզ՝ Սերմնացանի առակի որ տեսակին ենք պատկանում, և որքանով են մեր ականջները լսելու համար, և մեր աչքերը՝ տեսնելու համար: Իսկ Պողոս Առաքյալն ասում է, Կարելի չէ, որ Աստծոյ խօսքը գետնին մնայ.
Աղօթենք միասին
Աղոթենք միասին.
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով: Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի: Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից: Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս: Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ: Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ: Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ: Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ: Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ: Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի: Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ: Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ: Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ: Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո: