ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 24.9-15
Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք: Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն: Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եւ անօրինութեան շատանալուց շատերի սէրը պիտի ցամաքի: Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի: Եւ արքայութեան այս աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը: Արդ, երբ տեսնէք աւերածութեան պղծութիւնը – որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով – որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ):
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի առավոտ բոլորիդ սիրելի հավատացյալներ, խաղաղ օր եմ մաղթում ամենքիդ: Աստծու կամքով խաղաղությամբ ավարտեցինք նաև հունիս ամիսը:
Մատթևոսի Ավետարանի այս հատվածը կանխասածություն է Երուսաղեմի տաճարի կործանման մասին, որին անդրադարձել են նաև Ղուկասն ու Մարկոսը՝ իրենց տեսանկյունից: Առհասարակ ճիշտ է, օրվա ընթերցվածքին ծանոթանալիս, կարդալ չորս ավետարանիչների տեսակետները, որովհետև չորսի բովանդակությունը նույնն է, սակայն միշտ մեկը մի բան ավել է գրած լինում, կամ մյուսը մի բան պակաս է թողած լինում: Սա ևս խոսում է այն մասին, որ Սուրբ Հոգին ամենքին է հիշեցրել Քրիստոս Հիսուսի կատարած գործերի գլխավոր մանրամասները: Օրինակ այսօրվա հատվածի մեջ Մաթևոսն է հղում անում դեպի Դանիելի մարգարեություն: Շատ հետաքրքիր է, կարող եք կարդալ Դանիելի մարգարեության 5 և 6 գլուխները, թե ինչպես է արքայի որդին խնջույքի ժամանակ գործածում տաճարի սպասքը: Մյուս երկու ավետարանիչները այդ մասին ոչինչ չեն գրել: Հովհաննեսը ընդհանրապես չի անդրադարձել այս թեմային:
Առհասարակ Աստվածաշնչի սերտողությունը լայն հնարավորություն է ստեղծում ընթերցողի համար, գեղեցիկ վերլուծություններ անելու՝ համեմատելով չորս Ավետարանները: Այստեղ մեր Տիրոջ խոսքն ուղղված է հրեաներին՝ իրենց տաճարի կործանման, Երկրորդ Գալուստի և աշխարհի վախճանի մասին: Հիսուս զգուշացնում է, որ լինելու են համաճարակներ, սով, տեղ տեղ երկրաշարժներ, սակայն հորդորում է չխռովվել, որովհետև պետք է, որ նախ այդ ամենը լինի: Հրեաները տաճարի կործանումը տեսան իրենց աչքով, իսկ աշխարհի վախճանի մասին՝ ամեն ոք կարող է մտածել մինչև իր մահվան օրը: Աշխարհի վախճանի մասին ինչպես տեսնում ենք, խոսել են 2000 տարի առաջ, և նույնիսկ մեր Տէրը չբացահայտեց ժամերն ու ժամանակները իր աշակերտների համար: Սրանից մենք կարող ենք հետևություն անել, որ Աստվածաշնչի իրադարձությունները, դեմքերը և դեպքերը գրված են նրա համար, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ սերունդ նախորդից դասեր քաղի և պատրաստվի վերջին օրերի մեծ նեղություններին: Հիմա մեր օրերին կատարվող իրադարձությունները մենք անպայմանորեն պետք է քննենք Աստվածաշնչի համապատասխան համարների լույսի ներքո, որպեսզի մեր դիրքորոշումը լինի ճշմարտության տեսանկյունից, ոչ թե մեր: Ինչպես որ Քրիստոսի ժամանակ եղել են պատվիրանազանցներ, այնպես էլ մեր օրերում կան: Եղել են պատվիրանին հնազանդվողներ, այժմ էլ կամ: Կյանքը այսպես է շարունակվում, ուղղակի ով տեղյակ է Աստծու խոսքից, նա համբերում է ամեն տեսակ նեղության: Իսկ ով տեղյակ չէ, իր ձեռքով իր կյանքը դարձնում է դժոխք, քանի որ դժոխքը վայր չէ այլ վիճակ: Ինչու է Տէրը ասում, որ ձեզ կսպանեն իմ անվան համար: Կամ բոլոր ազգերի կողմից ատելի կլինեք: Կամ մարդիկ միմյանց պիտի ատեն և մատնեն:
Շատ նմանություն կա մեր օրերի հետ: Մենք էլ ենք տեսնում, որ Աստծու խոսքից անտեղյակը, նյութապաշտը, ամբարտավան հպարտը հալածում է նրան, որը հավատարիմ է Աստծու խոսքին: Ատում են նրան, որը հոգևոր նկարագիր ունի: Կարդացել ենք նաև թե ինչպես են սպանել սրբերին՝ Քրիստոսի հավատարիմ զինվորը լինելու համար: Այսօր մեր եկեղեցին հիշատակում է Դանիել մարգարեին և երեք երիտասարդներին՝ Միսաքին, Սեդրակին և Աբեդնագովին, որոց շիկացած հնոցը գցեցին՝ արձանին չերկրպագելու համար: Ինչպես շարականն է ասում, նահատակ սրբերի նշխարքները փայլում են եկեղեցու մեջ, նրանց հեղված արյամբ մեծարվում է հաղթանակած եկեղեցին, նրանց կենդանի ոսկորները բժշկություն են հիվանդների համար և դեղ՝ կյանքի համար: Նրանք իշխանություն ունեն սուրբ Հոգով առաջնորդելու մեզ ի Վերին Երուսաղեմ: Սուրբ Նահատակների ճգնությունն ու մարտիրոսությունը բարեխոս ունենալով Տիրոջ առջև, աղոթենք միասին:
Աղօթենք միասին
Տէ՛ր տուընջեան եւ գոյացուցի՛չ գիշերոյ, որ արարեր զտիւ ի զբօսանս բարեգործութեան՝ ի փրկութիւն անձանց մերոց, եւ զգիշեր՝ ի հանգիստ քնոյ տկարացեալ բնութեանս մերոյ, իսկ այժմ զարթուցեալ բացեր զբերանս մեր յօրհնաբանութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ, ընկա՛լ եւ այժմ զաղաչանս մեր եւ յաջողեա՛ մեզ ուղիղ հաւատով եւ առաքինասէր վարուք ի նոյն պաշտօն Քո կանխել միշտ եւ նովին կանոնիւս անդադար փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ԶՔեզ, որ յամենայնի գթած եւ մարդասէր Տէրդ ես, աղաչեմք հանապազ, զի զօրացուսցես զմեզ օր ըստ օրէ կալ ի կարգի կրօնաւորութեան մերում: Թեթեւացո՛, Տէ՛ր, զքաղցր լուծ Քո, զոր եդիր ի վերայ մեր. զի կարասցուք կալ ի պատուիրանի Քում եւ զհաճոյսն առնել առաջի Քո յամենայն ժամ ի տուէ եւ ի գիշերի, հրեշտակային երգակցութեամբ զՔեզ օրհնել, զՔեզ գովել եւ Քեզ գոհութիւն եւ փառս մատուցանել ամենազօր տէրութեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Զերեքսրբեան տէրութիւնդ Քո միաբան աղաչեմք, լո՛ւր, Տէ՛ր. աղաչանօք սրբոցն Դանիելի մարգարէին եւ երից մանկանցն Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի խնայեա՛ ի մեզ եւ կեցո՛: