ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 3.10-15
Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից: Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն: Իսկ չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին: Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մէջ, որ սովորեցիր եւ որին հաւատարիմ եղար. գիտես, թէ ումից ես սովորել, որովհետեւ մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկութեան համար այն հաւատի միջոցով, որ Քրիստոս Յիսուսի մէջ է:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ.
Եթե Տէր Հիսուս Քրիստոս Իր երեքամյա ծառայության ընթացքում ուրիշ աշակերտ չընտրեր Իր խոսքը աշխարհում տարածելու համար, ապա Պողոս առաքյալը պիտի բավական լիներ քրիստոնեությունը իր ողջ հմայքով ու մանրամասնությամբ ներկայացնելու համար համայն աշխարհին, ինչպես իր անձնական կյանքի օրինակով, անպես էլ Քրիստոսի հանդեպ ունեցած իր մեծագույն սիրո դրդմամբ: Պողոս առաքյալը իր 14 նամակների բովանդակությամբ մեծ մխիթարություն է աշխարասփյուռ քրիստոնյաների համար, որովհետև Քրիստոսի վարդապետությունը ամբողջությամբ հասկանալու համար Պողոս առաքյալի կյանքի հարուստ փորձառությունը մեր աչքի առջև է, առանց որևէ գաղտնիք թաքցնելու: Եթե մեղքը վերցնենք, Պողոսից մեղավորը չկար, քանի որ հալածում էր Քրիստոսին և իր ականջով լսեց այդ մասին՝ Դամասկոսի ճանապարհին: Եթե դարձն ու ապաշխարությունը վերցնենք քննելու համար, ապա Պողոսից փայլուն օրինակ չկա, իր անկրկնելի դարձով դեպի Քրիստոս: Եթե կամենանք սիրո գաղտնիքը հասկանալ, դարձյալ Պողոսի վարքից կարելի է պատկերացնել, թե որն է Հիսուս Քրիստոսի քարոզած սերը, քանի որ նա Քրիստոսին իր կյանքն է համարում, և մահը՝ օգուտ իր համար: Եվ վերջապես քարոզության մեջ՝ առաջիններից է, որ աչքի է ընկնում իր խոսքը լսողի ոչ միայն ականջին, այլ՝ մինչև սրտի խորքերը հասցնելու վարպետությամբ: Հալածանքների ու նահատակության պատրաստ այս մեծ այրը Քրիստոսին ընկալել էր իր ամբողջ սրտով, իր ամբողջ հոգով և իր ամբող զորությամբ, ինչի շնորհիվ էլ կարողանում էր սիրել ու ցավել բոլորի հաաամար:
Հայրերն ասում են Քրիստոսին ծառայել պատրաստվողը կամ պետք է երկաթ լինի, որ դիմանա հալածանքներին, կամ պետք է ոսկի լինի, որ կարողանա սիրել բոլորին: Պողոս առաքյալը երկաթ էր՝ ոսկով պատած: Սիրելիներ, մենք գիտենք արդեն, որ Տիմոթեոսը՝ որին ուղղված է այս նամակը, Պողոս առաքյալի սիրելի աշակերտն էր, որի համար հիացմունքով գրում է, որ դու հետևեցիր իմ վարդապետությամը և վստահ եմ քեզ վրա, որ գալիք փորձությունները քեզ չեն ընկճելու, որովհետև դու ես ականատես եղել, թե ինչպես Տէրը ինձ փրկեց այդ բոլորից: Բոլոր նրանք, որ ուզում են աստվածպաշտությամբ ապրել, հալածանքների մեջ պետք է լինեն: Նամակի սկզբում առաքյալը Տիմոթեոսին վերջին օրերի համար զգուշացնում է մի բան, ինչը մենք այսօր՝ մեր օրերում պարզ տեսնում ենք առանց չափազանցության: Կարդանք միասին այդ հատվածը և համեմատենք մեր օրերի հետ:
«Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը»։ Այնուհետև Տիմոթեոսին զգուշացնում է, որ հեռու մնա նրանցից, որոնք անպետք են հավատի մեջ իրենց ապականված մտքերի պատճառով:
Հետևությունը թողնում եմ ձեզ: Պողոսը վստահ էր Տիմոթեոսի վրա, որ հաստատ կմնար իր հավատքի մեջ, իսկ մեր հարցը ինչ կլինի, այսօրվա ալեկոծ աշխարհի մեջ, որ ալիքները տանում ու բերում են մեզ: Քանի դեռ ժամանակ ունենք, օրվա պատգամը նույն օրը կիրառենք, ով գիտե, թե իր վերջին օրը որ մեկն է: Բայց մենք հուսադրող խոսք ունենք մեր Տիրոջից, թե՝ դուք իմ բարեկամներն եք, եթե պահեք իմ խոսքերը և ինչ որ իմ անունով խնդրեք Հորից՝կստանաք: «Տէրը ճանաչեց նրանց, որ իրն են»
Աղօթենք միասին
Աղոթենք միասին:
Յարեւելից մինչեւ ի մուտս արեւու ընդ ամենայն տեղիս քրիստոնէութեան, ուր եւ կարդան զանուն Տեառն սրբութեամբ, Տէր աղօթիւք նոցա եւ բարեխօսութեամբն մեզ ողորմեսցի: Ուխտիւք զԱստուած աղաչեսցուք, զի Նա փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ ի ցանկութենէ աշխարհի: Ընկալցի զուխտս եւ զխնդրուածս սրտից մերոց. եւ արժանի արասցէ զմեզ հաւատոց եւ պատուիրանաց Իւրոց ընդ ամենայն սուրբս Իւր: Աստուա՛ծ մշտնջենաւոր, Աստուա՛ծ յաւիտենական, որ ի ստորին աշխարհս լոյս ծագեցար եւ լուսաւորեցեր զմեզ ի խաւարային մեղաց մերոց. որ վասն մեր ի չափաւորութիւն եկիր, անչա՛փդ Աստուած, եւ հեղեալ ծաւալեցեր զշնորհս Հոգւոյդ Սրբոյ յարարածս Քո: Այժմ եւ յաւիտեանս ժամանակաց բարեբանեալ ես, ամենամե՛ծդ Աստուած, ընդ Հօր եւ Ամենասուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: