ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելիներ, այսօր մեր եկեղեցին հիշատակում է Սուրբ Եղիա մարգարեի անունը իր ընդհանրական աղոթքներում՝ ինչպես Պատարագի, այնպես էլ ժամերգությունների ժամանակ: Եղիան միակ սուրբ մարգարեն է, որի հիշատակը կատարվում է Տերունական կիրակի օրը: Սովորաբար սրբերի հիշատակության օրերը Շաբաթն օրն է: Սուրբ Եղիա մարգարեն աստվածաշնչյան մարգարեների մեջ առանձնանում է իր անապատական ու հրաշքներով լի կյանքով, կրակոտ նախանձախնդրությամբ և անսովոր վախճանով: Նրա պատմությունը գրված է Աստվածաշնչի Թագավորություններ երրորդ և չորրորդ Գրքերում: Աստվածաշունչը նրա մասին հայտնում է, որ Թեզբացի է, Գաաղադի Թեզբե անունով բնակավայրից: Ապրել է Քրիստոսի ծնունդից առաջ իններորդ դարի առաջին կեսում՝ Աքաաբ արքայի թագավորության օրոք: Եղիան Աստծուց ուղարկվում է արքայի մոտ, ում կինը փյունիկեցի Հեզաբելն էր, որը կռապաշտ էր, և իր երկրից իր հետ բերել էր կուռքեր և շուրջ հազար քուրմ, Իսրայելում ևս կռապաշտությունը տարածելու համար: Հեզաբելը կոտորել էր տվել Աստծու բազմաթիվ մարգարեներին: Իսրայելի ժողովուրդը մոռացել ու հեռացել էր իր իսկական Աստծուց, մինչդեռ Եղիան էր մնացել Աստծու հավատարիմ ծառա: Եղիան Աստծու անունից ներկայանում է Աքաաբ արքային, կշտամբում է նրան, և ասում , որ Իսրայելը մի քանի տարի արձրև չի ունենա որպես պատիժ և հեռանում է այդտեղից: Սակայն ամբարտավան թագավորը խիստ բարկացավ ու ցանկացավ սպանել մարգարեին: Եվ Եղիան ստիպված հեռացավ անապատ, որտեղ իր գոյությունը պահպանում էր Ատսծո հրաշքով: Երեք տարի անց, երբ ժամկետը լրացավ, Աքաաբի սուտ աստվածների ոչնչությունը բացահայտելու և ճշմարիտ Աստծա զորությունն ապացուցելու նպատակով Եղիան աղոթեց Տիրոջը, և երկնքից իբրև նշան կրակ իջավ, որը լափեց պատրաստված զոհը: Տեսնելով այդ հրաշքը՝ ժողովուրդը հավատաց ճշմարիտ Աստծուն, մինչդեռ կռապաշտ թագավորը ավելի զայրացավ և դարձյալ սպառնում էր սպանել մարգարեին: Իր կյանքը փրկելու համար Եղիան հեռացավ ու պատսպարվեց լեռներում, որտեղ Տիրոջ կողմից հայտնություններ էր ստանում և մխիթարվում: Աստծո հրամանով նա մի անգամ ճանապարհ ընկավ և գտնելով Եղիսեին՝ նրան օծեց իբրև մարգարե, որպեսզի նա փոխարինի իրեն: Եղիսեն անմիջապես հետևեց Եղիային և սկսեց ծառայել նրան: Այնուհետև Տերը հրամայեց Եղիային դարձյալ այցելել Աքաաբին և սպառնալով հանդիմանել նրան իր անօրինությունների համար: Այս անգամ թագավորը զղջաց՝ վախենալով իրեն սպասող պատուհասից: Աստված երկրի վրա Եղիային բազում հրաշագործություններով փառավորելուց հետո ի վերջո հրեղեն կառքով նրան փոխադրեց երկինք՝ մարգարեին տրված շնորհները փոխանցելով Եղիսեին: Ըստ սուրբ Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքի և քրիստոնեական ավանդության՝ աշխարհի վախճանից առաջ Եղիան Ենոքի հետ պիտի վերադառնա երկիր՝ Նեռի օրոք քարոզելու անհավատներին: Այնուհետև նահատակվելուց 3 օր անց, նրանք պիտի հարություն առնեն և բոլորի աչքի առջև բարձրանան երկինք:
Աղոթենք միասին.
Լցաք առաւօտու ողորմութեամբ Քով, ցնծացաք եւ ուրախ եղաք զամենայն աւուրս կենաց մերոց: Ուրախ եղաք փոխանակ աւուրցն, յորս խոնարհ արարեր զմեզ, եւ ամացն՝ յորս տեսաք զչարչարանս: Հայեա՛, Տէ՛ր, ի ծառայս Քո եւ ի գործս ձեռաց Քոց եւ առաջնորդեա՛ որդւոց նոցա. եղիցի լոյս Տեառն Աստուծոյ ի վերայ մեր: Զգործս ձեռաց մերոց ուղի՛ղ արա ի մեզ, Տէ՛ր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա՛ մեզ: Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Հակոբոս առաքյալի թուղթը 5.16-20
16 Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է: 17 Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ. նա աղօթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց: 18 Ապա դարձեալ աղօթեց, եւ երկինքը անձրեւ տուեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը: 19 Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղուի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, 20 թող իմանայ, որ ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կփրկի նրա հոգին մահուանից եւ կծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն: