ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելի հավատացյալներ, ամեն անգամ երբ Պետրոս առաքյալի մասին նկարագրություն է լինում, ասում են, որ Պետտրոսը անուս մի ձկնորս էր: Իսկ ահա իր գրած այս նամակը զարմացնում է մեզ իր գրագիտությամբ և շարադրությամբ: Աստծո սուրբ Հոգին ի զորու է մարդուն դարձնել իմաստուն, եթե մարդը կամենա: Իմաստությունը բացահայտում է ամեն ծածուկ բան,- ասում է Սողոմոն Իմաստունը: Եթե դուք հետամուտ լինեք ամենօրյա ավետարանական ընթերցվածքներին, մի օր էլ դուք կզգաք, թե ինչ հոգևոր աճ եք ունեցել ձեր ջանքերի և Աստծու ողորմության շնորհիվ:
Պետրոս առաքյալը նկարագրում է իր ժամանակակից այն մարդկանց, որոնք զբաղված էին իրենց մարմնի պիղծ ցանկություններով, և արհամարհում էին Աստծո իշխանությունը: Միևնույն ժամանակ տեղեկացնում է, որ Աստված փրկում է փորձություններից Իրեն հավատացողներին և դատաստանի համար է պահում անիրավներին: Առաքյալն անբան անասունի հետ է համեմատում այն մարդկանց, որոնք օրը ցերեկով իրենց ցանկությանը հագուրտ տալը հաճույք են համարում և հաստատվում են իրենց խաբեբայությունների մեջ: Նրանց անէծքի՜ որդիներ է անվանում:
Վերադառնանք մեր ժամանակներ և կրկին համոզվենք, որ երկու հազար տարի անց էլ ոչինչ չի փոխվել այն մարդու կյանքի ու կենցաղի մեջ, որը ճանաչում է Աստծուն, սակայն արհամարհում է Նրա խոսքը և ապրում է իր հաճույքների, վայելքների և խաբեությունների հետ միասին, միևնույն ժամանակ անհանգստանալով աշխարհի վախճանի, նեռի գալստյան, նրա կնիքի և այլ աստվածաշնչյան ճշմարտությունների պատճառով: Այսպիսիները և՛ իրենք են ապրում մեղքերի մեջ, և՛ խաբում են տատանվող հոգիներին՝ սիրելով անիրավության վարձը:
Նեռի կնիքից ավելի շատ են հետաքրքրվում, քան Աստծու զորությունից ու պատգամներից, որովհետև Աստծու խոսքը հանդիմանություն է նրանց կյանքի համար, իսկ սոդոմը՝ նրանց ամեն ինչ թույլ է տալիս անելու: Հայտնության գիրքն ասում է, որ նեռի կնիքը կդրվի նրանց աջ ձեռքին և ճակատին: Հայրերը մեկնաբանում են այս խորհրդավոր միտքը՝ ասելով, որ մարդու աջ ձեռքը իր գործերն են, իսկ ճակատը՝ իր մտածումները: Եթե մարդու ձեռքի գործերը բարի են, և նրա ներքին մտածումների մեջ չարախորհուրդ մտքեր չկան, ապա նեռի կնիքը այդպիսի մարդկանց նույնիսկ մոտ չի գա: Սակայն կան շատ մարդիկ, որ նեռի կնիքը կրում են իրենց ձեռքին ու ճակատին՝ մինչև նեռի հայտնվելը: Պետրոս Առաքյալը այսպիսի մարդկանց մասին է խոսում, որոնք կան բոլոր ժամանակներում: Նրանք իզուր են անհանգիստ նեռի կնիքի համար, որովհետև իրենք արդեն ծառայում են նեռին և նրա գործակալներին: Եթե դու խոսում ես հայհոյանքով, ապա դու արդեն կնքված ես այդ կնիքով: Եթե քո գլխում միայն չար ծրագրեր են, ապ դու արդեն կնքված ես: Եթե քո ձեռքերը չեն ծառայում Աստծո դաշտի մեջ, ուրեմն նրանք ազատ եմ նեռի կնիքի համար: Եթե դու մինչև այսօր չգիտես այս մասին, ապա հեշտությամբ կհայտնվես չարի ձառքում: Իրական ախշարհում ավելի վատ երևույթներ են տեղի ունենում, քան նեռի կնիքը: Եթե մարդը չգիտե, որ Աստված է գլխավորը, արդեն կնքված է չարի կողմից: Հետևաբար վստահ կարող ենք ասել, որ եթե մարդը Աստծուն չի սիրում, անկարելի է, որ սիրի իր նմանին: Առաջին պատվիրանը հենց այդ մասին է խոսում: Ինչպես որ մեղավոր մարդը չի կարողանում նայել արդար մադու աչքերի մեջ, առավել ևս Աստծո առջև չի կարող կանգնել իր մեղավոր վիճակով: Աստված լույս է, ճշմարտություն է, Սէր է, արդարություն է, բարություն է: Այս բոլորը չի կարող անվերջ կեղծվել մահկանացու մարդու միջոցով: Մի օր կլինի ամեն ինչի ավարտը և մահկանացուների և անմահների Ատսվածը կկանգնի արդար դատաստանի:
Աղոթենք միասին.
Քրիստոս Աստուա՛ծ մեր, անճառելի մարդասիրութեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:
Օրվա ընթերցվածք.
Պետրոս առաքյալի Բ թուղթը 2.9-22
9 Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին՝ պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց, 10 մանաւանդ՝ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնացողներին, Աստծոյ իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառաւոր էակներին հայհոյելուց, 11 այն դէպքում, երբ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ: 12 Բայց այս մարդիկ անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են) հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով՝ 13 որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով: 14 Աչքեր ունեն՝ պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանուողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնուած սիրտ. անէծքի՜ որդիներ: 15 Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորուեցին՝ ընթանալով Բէորի որդի Բաղաամի ճանապարհով, որն անիրաւութեան վարձը սիրեց: 16 Եւ այդ՝ այն Բաղաամի, որն իր անօրինութեան համար յանդիմանութիւն ստացաւ, երբ անխօս էշը, մարդկային լեզուով խօսելով, արգելք եղաւ մարգարէին՝ կատարելու այդ անօրինութիւնը: 17 Սրանք ցամաքած աղբիւրներ են եւ մրրիկից քշուած մառախուղներ. խաւարի աղջամուղջները յաւիտեան նրանց համար են պահուած. 18 քանզի մեծախօս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառակութիւններով, մարմնի ցանկութիւններով խաբում են նրանց, որոնք ստուգապէս փախել էին մոլորութեան մէջ թափառողներից: 19 Սրանց ազատութիւն են խոստանում, մինչ իրենք ծառայ են ապականութեանը, քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է. 20 որովհետեւ եթէ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծութիւններից փախչելուց յետոյ դարձեալ նոյն բաներով բռնուեն-մնան, նրանց վախճանը կլինի աւելի վատ, քան առաջին վիճակը. 21 քանի որ աւելի լաւ էր նրանց համար, եթէ բնաւ ճանաչած չլինէին արդարութեան ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին եւ յետ կանգնեցին այն սուրբ պատուիրանից, որ աւանդուեց նրանց: 22 Նրանց յարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թէ՝ «Շունը վերստին դառնում է իր փսխածին», եւ թէ՝ «Լուացուած խոզը վերստին թաւալւում է տիղմի մէջ»: