ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելիներ. Այսօր միասին կսերտենք մեր Տէր Հիսուսի կյանքին առնչվող մի դրվագ, որը սերտորեն կապ ունի յուրաքանչյուրիս հետ, եթե մկրտված ենք, առավել ևս, եթե մկրտված չենք: Նիկոդեմոսի մասին մենք երկու անգամ ենք առիթ ունեցել կարդալու Ավետարաններում: Մեկը որ գիշերով եկավ Հիսուսի մոտ, մյուսը, որ Հովսեփ Արիմաթացու հետ գնացին Պիղատոսից խնդրելու՝ Տիրոջ մարմինը խաչից իջեցնելու համար: Երկու դեպքերում էլ հստակ երևում է Նիկոդեմոսի հավատքն ու ակնածանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Առաջին անգամ Նիկոդեմոսը վախի պատճառով գիշերով եկավ Հիսուսի մոտ իրեն հուզող հարցի պատասխանը իմանալու համար: Քանի որ չէր ուզում հանդիմանվել քահանայապետների և փարիսեցիների կողմից: Սակայն երկրորդ անգամ արդեն արհամարհեց վախը, և անձամբ դիմեց Պիղատոսին՝ Քրիստոսի մարմինը խաչից իջեցնելու համար: Սա բավական համարձակ քայլ էր իր հանգամանքի նկատմամբ, քանի որ հրեաների իշխանավոր է փարիսեցիների մեջ:
Ավանդությունը պատմում է, որ խաչից Տիրոջ մարմինը իջեցնելու պահին մեծ դժվարության են հանդիպել Նիկոդեմոսն ու Հովսեփ բարեպաշը, որովհետև խաչի վրայից գամերը շատ դժվարությամբ են դուրս եկել: Եվ պատմում էն, որ նրանք աղոթքով կարողացել են գամերը թուլացնել և այդպիսով վերցնել մարմինը: Բոլորիս հայտնի և շատ սիրելի է այդ աղոթքը, որը երգվում է Պատարագի և ժամերգությունների ժամանակ «Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ» երգն է: Աղոթքի բառերից էլ հայտնի է դառնում, որ Նիկոդեմոսի համար հայտնի էր Քրիստոսի Սրբությունը, հզորություն և անմահությունը, որը նշել են աղոթքի մեջ:
Նիկոդեմոսը և Հովսեփը պակաս կարևոր դեմքեր չեն Ավետարանում, թեկուզ իրենց խիզախության համար, իրենց հոգատարության համար, որ Տիրոջ մարմինը իջեցրին, և հրեական սովորության համարձայն պատանեցին և գերեզման դրեցին: Ավանդությունը ասում է նաև, որ այդ գերեզմանը Հովսեփի համար էր նախապատրաստված, և նա տրամադրեց Հիսւոսի մարմինը դնելու համար:
Մարդկային տրամաբանությամբ այս քայլը մեծ աջակցություն և հոգատարություն էր Քրիստոսի ընտանիքի համար, որոնք ևս անմխիթար վիճակում էին: Այս ամենի հիմքում ընկած էր Նիկոդեմոսի հավատքը և վստահությունը Հիսուս Քրիստոսի աստվածության հանդեպ: Սրտեր քննող Աստված հասկացավ Նիկոդեմոսի տարակուսանքը և առանց հարց տալու պատասխանեց նրան, ասելով որ մարդը պետք է վերստին ծնվի, այսինքն ներքուստ պետք է ազատվի հին մարդուց, որ մեղավոր է, և նոր մարդ դառնա Քրիստոսով: Նիկոդեմոսին անշուշտ հետագայում պարզ դարձավ Քրիստոսի խոսքերը, քանի որ ինքն էր ելել ու եկել ճշմարտությունն ու իմաստությունը լսելու: Ինչպես իմաստունն է ասում,-
«Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտրողներից: Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար: Ով վաղ է ելնում նրան փնտրելու, նա չի չարչարուի, որովհետեւ դեգերելիս կգտնի այն իր դռան մօտ »: Իսկ մեր դասը այստեղից այն է, որ հավատով մկրտվենք, հույսով պահենք Սուրբ Մկրտությունը, որով Սուրբ Հոգին իջնում է մեզ վրա, սիրով հետևենք Ավետարանի ճշմարտությանը, որը կյանք է մեզ համար, փրկություն է, և հավիտենական կյանքի խոստում է բոլորիս համար: Պողոս առաքյալն ասում է.- արդարեւ, նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. քանի որ մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն.
Աղոթենք միասին
Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 3.1-8
1 Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր: 2 Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»: 3 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծոյ արքայութիւնը տեսնել»: 4 Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. մի՞թէ կարելի է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել եւ ծնուել»: 5 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծոյ արքայութիւնը մտնել. 6 որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի: 7 Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. 8 որովհետեւ քամին ուր ուզում է, փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես՝ որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»: