Պատգամը լսողները չեն, որ արդար են Աստծո առաջ, այլ՝ կատարողները պիտի արդարացվեն: 4 հունիսի 2020թ.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020

Ողջույն Քրիստոսասեր բարեկամներ, և Ավետարանի լուրին սպասող ու հետևող սիրելի հավատացյալներ:                                                                                                                           Ավետարանի ամեն մի դրվագ, որը սերտ կապված է մեր Տէր Հիսուս Քրիստոսի կյանքին ու գործունեությանը, մեզ համար ավելի հասկանալի կդառնա, եթե տեղափոխենք մեր ժամանակներ, կամ մեր կյանքի մեջ: Հիմա, մի պահ պատկերացնենք, որ մենք էլ ենք աշակերտների հետ, այդ փակ դռների հետևում:  Պատկերացնենք նրանց հոգեվիճակը այդ պահին, որ ահաբեկված էին հասկանալի պատճառներով: Մենք արդեն գիտենք, որ Քրիստոսին դատապարտելուց և խաչը հանելուց հետո աշակերտները ինչ սարսափի մեջ էին անցկացնում իրենց այդ օրերը, ինչպես վախի, այնպես էլ անորոշության պատճառով: Քանի որ իրենց աչքի առջև եղավ ամբողջ ամբաստանությունը, և արդարի խաչելությունը: Իրենցից վերցված էր իրենց միակ Հույսը, իրենց Վարդապետը, որին հավատալով թողել էին ամեն ինչ և հետևել էին Նրան: Նրանք նաև լսել էին մեկ այլ՝ ավելի ծանր ամբաստանություն իրենց հասցեին, քահանայապետներից հորինված, թե իբրև աշակերտները եկել և գողացել են իրենց Վարդապետի մարմինը, զինվորների քնած ժամանակ: Նպատակ ունենալով հերքել հարության փաստը: Վախը համակել էր նրանց մի քանի առումով, որովհետև եթե արդարի հետ այդպես վարվեցին, ինչ կանեիր իրենց հետ: Այս տագնապի ու խուճապի մեջ գտնված ժամանակ հանկարծ փակ դռների միջից հայտնվում է իրենց Լույս Վարդապետը և փարատում բոլոր վախերն ու կասկածները, խուճապն ու տագնապը: Կա՞ արդյոք ավելի երջանիկ ու երանելի պահ, քան այս պահը: Խաղաղություն է տալիս աշակերտներին, բավական չէ, տալիս է նաև իշխանություն մարդկանց մեղքերը կապելու և արձակելու: Ուրիշ ի՞նչ էր պետք աշակերտներին գոտեպնդվելու համար: Ոչ ոք երբեք չի կարող թեկուզ իր մտքում մեղադրել աշակերտներին՝ իրենց վախի ու երկմտության համար: Քանի որ նրանց փորձը ունենալով հանդերձ, մենք հիմա էլ հաճախ նույն վախերի մեջ ենք: Քրիստոս աշակերտներին ցույց տվեց Իր ձեռքերը և կողը, որպեսզի ավելի հաստատի նրանց իրենց հավատքի մեջ: Փչեց նրանց վրա և ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին»:

Եթե անկեղծ լինենք, իրոք դժվար է հասկանալ Աստծու գործերը՝ պարզ մարդու համար: Աշակերտներն էլ մեզ պես պարզ մարդիկ էին, չունենալով գոնե մեր փորձառությունը:                              Սողոմոն Իմաստունն ասում է. - Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծոյ խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը:                                                   Մահկանացուներիս  մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: Իսկապես ո՞վ կարող է հասկանալ, եթե Տէրը իմաստություն չտա, և Իր Սուրբ Հոգին չառաքի Իր բարձունքներից: Սովորենք ամեն օր մեր Տիրոջ խորհուրդները, իմաստություն խնդրենք դրանք հասկանալու և կիրառելու համար, իսկ Տէր Հիսուս երբ տեսնի, որ մենք այդ ճանապարհի վրա ենք, ընդառաջ կգա մեզ:

Աղոթենք միասին:

Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին։ Նա նման է ջրերի հոսանքի վրայ տնկուած ծառի, որն իր պտուղը ժամանակին կը տայ, իսկ նրա տերեւը չի թափուի, ու ամէն բան, ինչ էլ որ անի, կը յաջողուի նրան։ Այսպէս չեն ամբարիշտները, այսպէս չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին։ Ուստի ամբարիշտները չեն դիմանայ դատաստանին, ոչ էլ մեղաւորները կը լինեն արդարների հաւաքի մէջ, քանզի Տէրը գիտէ արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստեան են տանում։ Սաղմոս 1

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Հովհաննեսի 20.19-23

19 Նոյն կիրակի օրուայ երեկոյեան աշակերտները հաւաքուած էին մի տան մէջ, որի դռները փակուած էին հրեաներից վախենալու պատճառով: Յիսուս եկաւ, կանգնեց նրանց մէջտեղում եւ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»: 20 Այս ասելով՝ նրանց ցոյց տուեց իր ձեռքերը եւ կողը. եւ աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը: 21 Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»: 22 Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին: 23 Եթէ մէկի մեղքերը ներէք, նրան ներուած կլինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»: