Իսկ կա՞ մեկը, որին հայտնի է իր կյանքի օրերի թիվը: 3 հունիսի 2020թ.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020

Ողջույն Սիրելիներ, Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղղված նամակի նախորդ մեկնաբանության մեջ մենք իմացանք, որ Աստծու բարկությունը գալու է նրանց վրա, որոնք լցված են ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, անզգամությամբ, կատարյալ նախանձով, սպանությամբ, կռվազանցությամբ, նենգությամբ, չարասրտությամբ, բանսարկու, չարախոս, աստվածատյաց, նախատող, հպարտ ամբարտավան, չարահնար, ծնողատյաց, ուխտադրուժ, անողորմ և էլի նմանօրինակ մեղքերով: Այս մեղքերը եղել են նույնիսկ Պողոս առաքյալի ժամանակաշրջանում, քանի որ թվարկելով չի վերջանում դրանք: Այս մեղքերի մեջ գտնվողները գիտեին, որ Աստծու դատաստանը արդար է, նաև գիտեին նաև, որ այսպիսի մեղք գործողները մահվան են արժանի: Ոչ թե միայն այսպիսի մեղք գործողներն են մահվան արժանի, այլ նաև նրանք, որոնք գործողներին հավանություն են տալիս: Սա շատ կարևոր բացահայտում է մեզ համար: Քանի որ, մենք էլ մեր շուրջը հաճախ ականատես ենք լինում, որ մեկի մեղքը բացահայտվում է հանրության առջև, և հայտնվում ենք մարդիկ, որոնք փաստաբանի դեր են կատարում և անգիտակցաբար պաշտպանում և հավանություն են տալիս այսպիսի մեղքեր գործողներին: Իսկ այս գլխում առաքյալը բացահայտում է մեկ այլ խմբի պատկանող մարդկանց, որոնք  նույն մեղքն են գործում և մեղադրում են մեղք գործողներին: Այսպիսիներին հարց է տալիս առաքյալը.- կարծում ես թե ազատվելո՞ւ ես Աստծո դատաստանից: Մեղավորը մեղավորին անշուշտ իրավունք չունի դատելու, այնպես, ինչպես հիվանդը՝ հիվանդին: Պողոս առաքյալի նամակի այս գլխից մենք շատ կարևոր դաս ունենք սովորելու, որովհետև ևս մի կարևոր հարց է ուղղում կարծես բոլորիս՝ ասելով.- չգիտե՞ս, որ Աստծոյ բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում: Ամենքս գիտենք մեր մեծ ու փոքր մեղքերը, և շարունակում ենք մնալ այդ մեղքերի մեջ, անվերջ հետաձգելով զղջումը: Նույնիսկ երբ Պատարագի զղջման աղոթքի ժամանակ ծնկի ենք գալիս մեղքերի խաստովանության համար, մեր մարմինը ծնկած է, բայց մեր հոգին պատրաստ չէ զղջալ մեղքի համար, ինչպես հարկն է: Այո, Աստված բարի է, համբերատար է, ներողամիտ է, սակայն Արդար է Իր դատաստանի մեջ: Համբերատանությամբ սպասում է մարդու զղջմանն ու ապաշխարությանը, սակայն երբ մարդը համառում է իր մեղքի մեջ, թույլ է տալիս, որ մեղավորը զգա իր գործած մեղքի պատճառած ցավը: Այդ պատճառով է առաքյալը ասում, որ Աստծու բարությունը քո ապաշխարության համար է, իսկ դու արհամարհում ես: Յուրաքանչյուրս այս կյանքում ժամանակ ունենք մինչև մեր կյանքի ավարտը, որից հետո արդեն սպասում է հատուցում, և այլևս զղջումն անկարելի է: Իսկ կա՞ մեկը, որին հայտնի է իր կյանքի օրերի թիվը: Չկա: Թող Պաղոս առաքյալի այս նամակը այսօր պատգամ լինի մեզնից յուրաքանչյուրին՝ հիշելու համար, որ այսօր է փրկության օրը, այսօր է զղջման օրը, իսկ վաղը հատուցման օր է՝ յուրաքանչյուրին ըստ իր գործերի: Բարի գործերի համար՝ հավիտենական կյանք, իսկ չար գործերի համար հավիտենական տանջանք: Որովհետև Ատսծու առաջ աչառություն չկա:

 

Աղոթենք միասին:

Հա՛յր գթութեանց եւ Աստուա՛ծ ամենայն մխիթարութեանց, որ մխիթարես զմեզ յամենայն նեղութեան մերում. լո՛ւր եւ այժմ ձայնի պաղատանաց ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր. անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով: Ներեա՛ եւ լո՛ւր մեզ, քաւեա՛ եւ թո՛ղ զմեղս մեր, արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Որդւոյ եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 2.2-11

2 Քանզի գիտենք, որ Աստծոյ դատաստանը ճշմարտութեամբ է գործադրւում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում: 3 Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նոյնն ես գործում, կարծում ես, թէ ազատուելո՞ւ ես Աստծոյ դատաստանից: 4 Եթէ արհամարհում ես նրա բարութեան առատութիւնը եւ ներողամտութիւնն ու համբերութիւնը, չգիտե՞ս, որ Աստծոյ բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում: 5 Եւ քո խստասրտութեամբ ու անզեղջ սրտով քո անձի դէմ բարկութիւն ես դիզում բարկութեան օրուայ եւ Աստծոյ արդար դատաստանի յայտնութեան օրուայ համար. 6 Աստծոյ, որ հատուցում է իւրաքանչիւրին ըստ իր գործերի. 7 յաւիտենական կեանք՝ նրանց, որ բարի գործերի մէջ իրենց յարատեւ համբերութեամբ փնտրում են փառք, պատիւ եւ անմահութիւն, 8 իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտութեան դէմ ապստամբողներ ու անիրաւութեան յետեւից գնացողներ՝ բարկութիւն եւ զայրոյթ, 9 նեղութիւն եւ անձկութիւն՝ ամէն մարդու, որ չարիք է գործում՝ նախ հրեայի եւ ապա հեթանոսի, 10 իսկ փառք, պատիւ եւ խաղաղութիւն՝ իւրաքանչիւրին, որ բարին է գործում՝ նախ հրեայի եւ ապա հեթանոսի. 11 որովհետեւ Աստծոյ առաջ աչառութիւն չկայ: