Հոգեգալուստ (Պենտեկոստէ) Բարեկենդան Եղիական պահոց 31 մայիսի 2020թ.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020

Սիրելներ, եկեղեցական բոլոր տոները դասավորված են ըստ Աստվածաշնչի իրադարձությւոնների: Տոներն էլ ամեն տարի կրկնվում են, որպեսզի հայտի դառնան բոլոր նրանց, որոնք նորադարձ են, որպեսզի իրենց հավատքը զորացնեն նաև գիտելիքով:

Քրիստոսի Հարությունից 7 շաբաթ անց, երբ Երուսաղեմում բազում ժողովուրդ էր հավաքվել Պենտեկոստեի առիթով, առաքյալները, Տիրոջ պատվերի համաձայն, հավաքվեցին վերնատանը: Նրանք բոլորը, մի սիրտ դարձած, աղոթում էին՝ սպասելով Սուրբ Հոգու գալստյանը, ինչպես խոստացել էր Հիսուսը: Եվ ահա  երկնքից հանկարծակի մի ձայն հնչեց ու լցրեց ողջ վերնատունը: Աշակերտներին երևացին կրակե լեզուներ, որոնք իջան ու նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ նրանք լցվեցին  Սուրբ Հոգով: Այսպես ի վերուստ զորանալով՝  առաքյալները սկսեցին քարոզել ու վկայել Հիսուսի մասին: Աշխարհի տարբեր ժողովուրդներ, որոնք հավաքվել էին Երուսաղեմում, ունկնդրում էին նրանց և զարմանում, որովհետև յուրաքանչյուրը լսում և հասկանում էր իր մայրենի լեզվով: Այս զարմանահրաշ  քարոզի շնորհիվ այդ օրը դարձի եկավ և Հիսուս Քրիստոսի անունով մկրտվեց շուրջ 3000 հոգի: Այսպես ծնվեց Քրիստոսի Եկեղեցին՝ իր առաջին անդամներով: Այդ օրն ավարտվեց աստվածային փրկագործությունը, և սկսվեց նոր դարաշրջան: Սուրբ Հոգին սկսեց հեղվել բոլոր հավատացյալների և Քրիստոսի անվամբ Մկրտվողների վրա, և այսպես շարունակվելու է մինչև աշխարհի վախճանը:

Սուրբ հոգեգալուստը եղավ հրեական Զատկից 50 օր հետո՝ Պենտեկոստեին՝ այն օրը, երբ Մովսես Մարգարեի միջոցով Աստված Իսրայելին պարգևեց Տասնաբանյա Օրենքը: Եվ ինչպես որ Զատիկը՝ Եգիպտոսի գերությունից դուրս գալու տոնը, նոր ուխտում դարձավ Քրիստոսի Հարության տոնը, այնպես էլ Պենտեկոստեն եղավ նոր Օրենքի՝ Շնորհի և ճշմարտության  պարգևման օրը՝ Ս. Հոգեգալուստը:  Տոնելով Զատկից հիսուն օր հետո՝ Հայ Եկեղեցին հոգեգալուստը հիշատակում է ևս 6 օր՝ ամփոփելով Հարության տոնախմբական շրջանը:                                      Հովհաննես Առաքյալն ասում է, որ այս աշխարհը ճշմարտության հոգին չի կարող ընդունել, որովհետև Նրան չի տեսնում և չի ճանաչում: Իսկ ովքեր պահում են պատվիրանները և սիրում են Հիսուս Քրիստոսին, Մխիթարիչը հավիտյան կբնակվի նրանց հետ:

Աղոթենք միասին.

Ե՛կ, ճշմարիտ լույս: Ե՛կ, հավիտենական կյանք: Ե՛կ, ծածուկ խորհուրդ: Ե՛կ, անճառելի գանձ: Ե՛կ, աննկարագրելի իրականություն: Ե՛կ, Անձ, ում ոչ մի միտք չի կարող ըմբռնել: 

Ե՛կ, անվերջ երջանկություն: Ե՛կ, անմայրամուտ լույս: Ե՛կ, փրկվածների ճշմարիտ հույս: Ե՛կ, ննջեցյալների վերազարթոնք: Ե՛կ, մեռյալների հարություն: Ե՛կ, Ամենակարո՜ղ: 

Դու, որ միայն կամքիդ գործադրմամբ ամեն բան ստեղծում, վերստեղծում և փոխակերպում ես: Ե՛կ, անտեսանելի, ամբողջովին անշոշափելի: Ե՛կ, հավիտենական ուրախություն:

Ե՛կ, իմ շունչ և իմ կյանք: Ե՛կ, իմ թշվառ հոգու կատարյալ մխիթարիչ: Ե՛կ, քաղցրություն իմ, իմ փառք, իմ անվերջ բերկրանք:

Շնորհակալություն եմ հայտնում Քեզ, որ եղար իմ համար անմարելի լույս, անմայրամուտ արեգակ, որովհետև չկա մի վայր, որ կարող է թաքցնել Քեզ.                                                           Քեզ, որ ամբողջ տիեզերքը լցնում ես Քո փառքով: 

Ե՛կ, Տեր, այսօր ինձնում հաստատիր Քո վրանը, իմ մեջ հաստատիր Քո բնակությունը, մնա՛ ընդմիշտ, իմ՝ Քո ծառայի մեջ մնա՛ մինչև վերջ. Դու, որ բարի ես: Որպեսզի այս աշխարհից դուրս գալուս ժամանակ և դուրս գալուցս հետո՝ ես վերագտնեմ ինձ Քո մեջ և թագավորեմ Քո հետ, Աստվա՜ծ, որ ամենքից ու ամեն ինչից գերիվեր ես: 

Եվ այնպես արա՛, որ անդադար Քեզ նայելով, ես՝ որ մեռած եմ, ապրեմ. Քեզ ունենալով, ես՝ որ աղքատ եմ, դառնամ հարուստ. և ավելի հարուստ կլինեմ, քան բոլոր թագավորները:

Քեզ ուտելով և ըմպելով, և պատշաճ ժամանակին Քեզնով զգեստավորվելով, վերագտնեմ ինձ աննկարագրելի բարիքների մեջ և դրանք վայելեմ լիովին:

Որովհետև Դու ամբողջովին բարիք ես, ամբողջովին փառք, ամբողջովին բերկրանք:

Քեզ վայել է փառք, համագոյակից և կենարար Երրորդությանդ, որ երկրպագություն, դավանություն, պաշտամունք ու ծառայություն ես ստանում բոլոր հավատացյալներից, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

 Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան .

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Հովհաննեսի 14.25-31

25 Այս բաներն ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ: 26 Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կուսուցանի եւ ձեզ կյիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ: 27 Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք: 28 Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կգամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես: 29 Եւ հիմա ասացի ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի երբ լինի, հաւատաք: 30 Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ ինձ վրայ ոչ մի իշխանութիւն չունի: 31 Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»: