ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Նախորդ ընթերցվածքի մեկնաբանության ժամանակ մենք ծանոթացանք Հուդա առաքյալի ազգաբանության հետ և իմացանք, որ նա մեր Տիրոջ հետ ապրել ու մեծացել է նույն տանը: ինչպես բոլոր առաքյալները, այնպես էլ Հուդա առաքյալը մեզ հորդորում է հիշել Հիսուս Քրիստոսի նախապես ասած խոսքերը այն մասին, թե՝ «Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարուեն իրենց ամբարիշտ ցանկութիւններով»: Առաքյալները ապրեցին այդպիսի ժամանակները, տեսան այդպիսի մարդկանց, նույնիսկ իրենց մեջ գտնվեց մեկը, որը որոշեց ծառայել չարին, քան Աստծուն: Աստվածաշնչի ամբողջ համատեքստում կարելի է հասկանալ, որ սատանան ինքնուրույն չի գործում, այլ իր ծրագրերը իրականացնում է Աստծո սիրելի՝ մարդու միջոցով: Գրեթե բոլոր Ավետարաններում կարդում ենք, որ քահայանապետներն ու օրենսգետները հնար էին փնտրում, որ սպանեն Քրիստոսին: Սատանան նրանց միտքը և սիրտը զբաղեցրել էր այդ չարագործության գաղափարով, այնքան ժամանակ, մինչև գործել տվեց չարիքը՝ նախ քահանայապետների, ապա՝ Հուդայի միջոցով: Այսպիսին է սատանայի գործելաոճը: Ցավալին այն է, որ այդ ծուղակի մեջ հայտնվում են կարդացած և իբրև գիտակ մարդիկ: Սատանան Հիսուս Քրիստոսին միայնակ բռնեց անապատում, բայց չկարողացավ Նրան փորձել, որովհետև Հիսուս ասաց. Գրված է: Իսկ սատաման Նրանից հեռացավ, տեսնելով, որ անզոր է: Նույնը կարող է պատահել մարդու փորձության ժամանակ, եթե հիշենք, որ գրված է:
Մեր պարագային, երբ փորձությունը գալիս է, մենք էլ գիտենք որ գրված է, սակայն մեզ համար այդ գրվածը դեռ Գրքի մեջ է մնացել: Իսկ նրանք, որոնց սրտում է արդեն գրված պատվիրանները, նրանք միանգամից մերժում են մեղքը: Նույնիսկ եթե սայթաքում են, անմիջապես դառնորեն զղջում են կատարվածի համար: Որովհետև հիշում են Տիրոջ Սուրբ խոսքը՝ թե «Վայ նրան, ում ձեռքով կլինի»: Այդ պատճառով Հուդա առաքյալը հիշեցնում է մեզ, որ մենք էլ զգույշ լինենք այդպիսի մարդկանցից՝ մեր օրերում: Քանի որ ամբարիշտ ցանկություններով մարդիկ իրենց մեջ չունեն Հոգին: Իսկ մեզ հորդորում է, որ մեր անձերը պահենք հավատի սրբությամբ, և աղոթենք Սուրբ Հոգով, սպասելով մեր Տէր Հիսուս Քրիստոսի ողորմությանը՝ հավիտենական կյանքի համար: Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք լցվել Սուրբ Հոգով: Դա չի լինի աչքով տեսանելի, կամ երևութապես, այլ երբ մենք քայլենք արդարության ճանապարհով, ամբարիշտների խորհրդին չհետևենք, մեղավորների ոտնահետքերով չգնանք, և համախոհ չլինենք չարախոհների հետ, ինչպես որ արեց Հուդան: Այդ ժամանակ Սուրբ հոգին կբնակվի մեզ հետ և մենք զերծ կլինենք մեղքից, որքան որ հնարավորի է: Այս բոլորը հնարավոր է միայն Նրան ապավինելով՝ միակ Աստծուն եւ մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծութի՜ւն, զօրութի՜ւն եւ իշխանութի՜ւն բոլոր ժամանակներից առաջ, ե՛ւ այժմ, ե՛ւ բոլոր ժամանակներում: Ամէն:
Աղոթենք միասին:
Վասն հիւանդաց եւ ամենայն վշտացելոց աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի ողորմեսցի ըստ մեծի ողորմութեան Իւրում եւ բժշկեսցէ զախտս եւ զհիւանդութիւնս հոգւոց եւ մարմնոց ծառայից Իւրոց եւ կատարեալ առողջութեամբ հասուսցէ զամենեսեան ի մշտնջենաւոր եւ յանախտ կեանս: Որ առաքեցաւ ի Հօրէ ի բժշկութիւն ազգի մարդկան Միածին Որդին Աստուծոյ՝ Տէր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս. կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրվա ընթերցվածք.
Հուդա առաքյալի թուղթը 1.17-25
17 Բայց դուք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալների կողմից նախապէս ասուած խօսքերը: 18 Նրանք ձեզ ասում էին, թէ՝ «Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարուեն իրենց ամբարիշտ ցանկութիւններով»: 19 Սրանք նշաւակելի, մարմնասէր մարդիկ են, որ չունեն Հոգին: 20 Իսկ մենք, սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, 21 պահենք մեզ Աստծոյ սիրով՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար: 22 Կշտամբեցէ՛ք նրանց, որ դատապարտուած են. 23 փրկեցէ՛ք նրանց՝ խլելով կրակից: Իսկ ուրիշներին ողորմեցէ՛ք երկիւղով՝ դատապարտելով նոյնիսկ այն պատմուճանը, որ աղտոտուած է նրանց մարմնից: 24 Արդ, ով կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ եւ կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ, 25 նրան՝ միակ Աստծուն եւ մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծութի՜ւն, զօրութի՜ւն եւ իշխանութի՜ւն բոլոր ժամանակներից առաջ, ե՛ւ այժմ, ե՛ւ բոլոր ժամանակներում: Ամէն: