ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, քրիստոսասեր բարեկամներ. Ամեն օր Ավետարանների միջոցով մեզ համար բացահայտվում են ճշմարտություններ, որոնց մասին Քրիստոս երեք տարի շարունակ բացատրեց իր աշակերտներին, որոնց ընտրել էր, և որոնց հետ շրջում էր Երուսաղեմում և շրջակա տարածքներում: Բացահայտում էր նրանց համար իրականությունից թաքցրած ճշմարտություններ և հորդորում էր , որ աշակերտները երանելի կլինեն, եթե պահեն իր խոսքերը: Հովհաննեսի Ավետարանի 13 րդ գլխում Հիսուս արդեն բացահայտ աշակերտներին ասում է, որ ձեզնից մեկը ինձ մատնելու է: Ասում է այդ մասին և իր հոգին խռովում է դրանից, քանի որ իրեն հայտնի էր, թե ինչ չարչարանքներ էր կրելու: Տէր Հիսուս հավանաբար շատ ու շատ բաներ ասաց աշակերտներին, որոնք մոռացվեցին զարհուրելի իրադարձությունների պատճառով, սակայն երբ մի բան էր ասում, նաև զգուշացնում էր, որ երբ կատարվի, իրենք հիշեն, որ ասել է իրենց այդ մասին: Ճիշտ է Պետրոը համարձակ էր առաջինը խոսելու մեջ, սակայն այս անգամ չհամարձակվեց հարցնել, թե ո՞վ է մատնելու, և խնդրեց, որ դա անի Հիսուսի սիրելի աշակերտը՝ Հովհաննեսը: Հետագա պատմությունը բոլորս գիտենք, թե ինչպես սատանան արթուն սպասում էր, թե երբ Հուդան թույլ կտա, որ նա մտնի Հուդայի մեջ և նրա միջոցով կատարել տա այդ սոսկալի աղետը:
Աշակերտների ամեն քայլից մենք սովորելու դաս ունենք: Մենք արդեն գիտենք, որ Հուդան ազնիվ չէր, և նույնիսկ Ավետարանը ասում է որ, գող էր և գանձանակը նրա մոտ էր: Խորհրդավոր ընթրիքի ժամանակ նա անարժանապես ճաշակեց Քրիստոսի Մարմինն ու Արյունը, և սատանան նրա մեջ մտավ: Մեզ համար սա զգուշավոր դաս է, Սուրբ Հաղորդությանը մոտենալիս: Ամեն միտք կարդալիս, թող այն չանցնի ուղղակի մեր աչքի տակով, այդ միտքը մեր կյանքի մի դրվագում դեր ունի խաղալու, ասելիք ունի մեզ: Դրա համար էր աշակերտներին ասում, երբ կատարվի, հիշեք, որ նախապես ասել եմ ձեզ:
Այսօրվա ընթերցվածքների մեջ Ղուկաս և Մատթևոս Ավետարանիչները ևս մի ուշագրավ տեսարան են նկարագրում Երուսաղեմի տաճարի վերաբերյալ: Աշակերտները նկարագրում են տաճարի գեղեցկությունը, Հիսուսի ուշադրությունը գրավելով տաճարի աշտանակների և քարերի վրա, սակայն Հիսւոս առանց հիաանալու ասում է. որ կգա ժամանակ, որ քարը քարի վրա չի մնա այդ տաճարից: Աշակերտների համար այդ խոսքերը այդքան էլ հասկանալի չէր թվում, քանի որ ինչպես հետագայում իմացանք այդ խոսքերը քառասուն- հիսու տարվա վաղեմություն ունեին, մինչև տաճարի քանդվելը և քրիստոնյաների մեծ հալածանքների սկսելը:
Մենք էլ այս օրերին շատ լուրջ չենք նայում մեզ հետ պատահած երևույթներին, շատերս նունիսկ չենք կարդացել Հայտնության գիրքը, էլ չեմ ասում Ավետարանները: Հետագայում աշակերտների հետ պատահելիք բոլոր հալածանքների մասին Նա ասել էր նրանց, և ավետարանիչները իրարից անկախ գրեցին այդ պատմությունները սուրբ Հոգուց ներշնչված:
Մեզ համար էլ գրվեց, որպեսզի մենք էլ միամիտ չլինենք մեր օրերում կատարվելիք երևույթների նկատմամաբ: Կարողանանք ճիշտ վերլուծել և գնահատական տալ միայն Աստվածաշնչի լույսի ներքո: Հիսուս Իր աշակերտներին զգուշացնում էր, որ քահանայապետների և օրենսգետների խոսքը լսեն, բայց նրանց գործերին չհետևեն: Այսպիսի հորդոր մենք էլ ենք այսօր լսում, ինչը շատերի համար գայթակղության քար է դառնում: Մենք գիտենք, որ երեխան ծնողի օրինակին ավելի շատ է հետևում քան խոսքին: Աշակերտը ուսուցչի բարի օրինակին ավելի շատ է հետևում: Ուսանողը դասախոսին է ընդօրինակում: Լավ մասնագետից շատ բան կա սովորելու: Եկեղեցում էլ խոսքը լսում է հավատացյալը, կպնում է սրտին, քանի որ Աստծո խոսքն է, բայց երբ հակասություն է տեսնում խոսքի և գործի միջև, հավատքի տատանում է տեղի ունենում: Հենց այս մասին էր ակերտներին զգուշացնում, ասելով՝ Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք: Երանի այն վարդապետին, որը Հիսուսի նման կասի.- Արի և տես: Երբ հարցրին նրան, թե վարդապետ, ուր ես ապրում: Իսկ աշակերտները գնացին, տեսան և վերադարձին ասացին՝ գտանք Մեսիային:
Աղոթենք միասին:
Առաջնորդեա՛ մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, եւ ուսո՛ մեզ գնալ ի ճանապարհս Քո արդարութեամբ. պահեա՛ ի խաղաղութեան զկեանս մեր եւ զգնացս ի հաճոյս Քո: Ժամանեցո՛ զհոգեւոր եւ զմարմնաւոր ընթացս ծառայից Քոց անարատ ճանապարհաւդ յաւիտենական ի կեանսդ շնորհօք Միածնի Քո՝ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որ եղեւ մեզ առաջնորդ կենաց եւ յոյս փրկութեան: Ընդ Որում օրհնեալ ես, Հա՛յր ամենակալ, հանդերձ կենդանարար եւ ազատիչ Սուրբ Հոգւովդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 13.16-30
16 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց: 17 Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք: 18 Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետեւ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ՝ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ «Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ». 19 հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ: 20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով որ ընդունի նրան, ում ես կուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»: 21 Երբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկը ինձ մատնելու է»: 22 Աշակերտներն իրար էին նայում՝ տարակուսելով, թէ ում մասին է ասում: 23 Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ: 24 Սիմոն Պետրոսը նրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ում մասին է ասում: 25 Եւ սա Յիսուսի կրծքով ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»: 26 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ եւ կտամ իրեն»: Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային: 27 Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ: Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»: 28 Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի համար այդ նրան ասաց. 29 որովհետեւ ոմանք կարծում էին, թէ քանի որ Յուդան է գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է», եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին: 30 Իսկ նա, պատառը վերցնելով, իսկոյն դուրս ելաւ: Եւ գիշեր էր..