ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս մեր էջի սիրելի հետևորդներ, և Աստծու խոսքը լսել փափագողներ, քանի որ այսպիսիները երանելի կոչվեցին Տիրոջ կողմից: Երանելի է նաև այս Հուդա առաքյալը, որը Հակոբոսի եղբայրն էր, այսինքն Քրիստոսի հետ նույն տանը մեծացած և նաև Նրան եղբայր կոչած մեկը, որը իր մեծ խոնարհության պատճառով իրեն Քրիստոսի ծառա է անվանում: Բոլոր առաքինությունները, որ ունեին առաքյալները Քրիստոսի խոսքին ու գործին հետևելու արդյունք էր: Աստվածաշունչը մարդու համար է, ոչ թե մարդը՝ Աստվածաշնչի, որովհետև Աստվածաշունչն է պահում մարդուն ուղիղ վարքով, պարզ մտքով, միամիտ սրտով, կատարյալ հավատքով և սիրով լցած: Հուդա առաքյալը նախապատրաստվել էր հեթանոսներին գրել համընդանուր փրկության մասին, բայց Սուրբ Հոգու դրդմամբ փոխում է ծրագիրը և որոշում է խոսել հավատքի մասին: Քանի որ եթե մարդու հավատքը տկար է, ուրեմն նա ինչպես կարող է հավատալ և ըմբռնել փրկության մասին: Առաքյալը զգացել էր, որ նրանց մեջ էլ հայտնվել են ճշմարտության հակառակորդներ և կարող են վնասել նրանց: Բոլոր ժամանակներում էլ եղել են հավատքի ամուր սյուներ, և միևնույն ժամանակ նրանց կողքին հայտնվել են այդ սյուների հիմքերը թուլացնողներ: Մեր ժամանակներում էլ քիչ չեն Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը ծաղրողները և Առաքելահիմն եկեղեցու ուսմուքը խեղողները: Ամբարիշտ մարդիկ միշտ էլ Աստծու շնորհը վերածել են անառակության և ուրացել են Միակին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Այսպիսիները մոռանում են, որ Աստված նախ փրկեց իրեն հավատացողներին, ապա կործանեց նրանց հետապնդողներին: Չար հրեշտակներին,- ասում է առաքյալը,- Սոդոմ Գոմորի բնակիչների հետ Աստված պահել է դատաստանի մեծ օրվա համար, որովհետև նրանք պոռնկացան՝ անբնական կրքերի յետեւից ընկնելով, եւ յաւիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին: Եթե Քրիստսի ժամանակակիցները երեք տարում չհասցրին լսել Նրան, չկարողացան շրջել Նրա հետ, մնացին անտեղյակ, ապա նույնը չի կարելի ասել Աստվածաշունչ գրքերը տպագրվելուց հետո ապրող մարդկանց համար, որովհետև դրանք վերաբերում ենք Քրիստոսից հետո բոլոր ազգերին ու բոլոր սերունդներին անխտիր: Հովհանու Ավետարանի 12 րդ գլխում հստակ տրված է Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը և մարդու անելիքը. «Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ: Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը: Ով անարգում է ինձ եւ իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա պիտի դատապարտի նրան վերջին օրը»: Ուրեմն Աստվածաշունչը մարդու համար է գրված, նրա հոգու փրկության դեղատոմսն է, նրա սրտի ուրախության հիմնադիրն է, մտքի պայծառության ջահն է, գլուխը բարձր պահող պատիվն է և հոգևոր ճաշակ զարգացնող հավերժական խոսքն է:
Աղոթենք միասին.
Հիշեցրո՛ւ, Տե՛ր, իմ զբաղված և մոռացկոտ մտքին Քո ահավոր և սոսկալի դատաստանը, արդարների պատիվն ու փառքը և մեղավորների աններելի տանջանքները և, նրանցով զարհուրեցնելով, դողացրու իմ մարմինը, որ իմ աչքերի առջև հանապազ տեսնեմ մահը:
Դարձրու՛ ինձ, Տե՛ր, իմ մեղքերի համար սգացող և արտասվող, քանզի ծանրացած եմ անօրենության բեռով և հագեցած՝ աղտեղի խորհրդով, շատ ներեցիր ինձ, քանզի չպատժեցիր մարմնի մեջ. Արդ, սարսելով դողում եմ, թե ինձ համար աններելի չե՞ն մնա այսպիսի չարիքները:
Աղաչում եմ, բարերա՛ր Տե՛ր, մի՛ կանչիր ինձ ատյան և մի մատնի՛ր ինձ տանջանքների, այլ փրկի՛ր գեհենի հրից, ազատի՛ր վտանգներից և ողորմի՛ր ինձ, քանզի միայն Դու ես մարդասեր:
Իմ գլուխն արտասուքների բխման աղբյուր դարձրու, Տե՛ր, լվա իմ հոգու թարախը, սրբի՛ր իմ զգայարանները:
Եվ չարություններ գործողիս դարձրո՛ւ դեպի Քո ջերմ սիրո զղջումը՝ զգաստ մարմնով ապրելու, ըստ Քո պատվիրանի:
Հալածի՛ր, Տե՛ր, խավարն իմ հոգո՛ւց և հագցրու Քո արդարության ճառագայթների լույսը:
Զարդարիր իմ սիրտը երկյուղով, զղջմամբ և արտասուքով՝ երկնչելու Քո դատաստաններից և պահելու Քո բոլոր պատվիրանները: Սուրբ Եփրեմ Ասորի
Օրվա ընթերցվածք.
Հուդա առաքյալի թուղթը 1.1-7
1 Յուդան՝ ծառան Յիսուս Քրիստոսի եւ եղբայրը Յակոբոսի՝ հեթանոսներիդ, որ սիրուած էք Հայր Աստծուց, պահուած եւ ընտրուած Յիսուս Քրիստոսի համար. 2 թող ողորմութիւնը, խաղաղութիւնը եւ սէրը առատ լինեն ձեզ համար: 3 Սիրելինե՛ր, ամէն ջանք յանձն էի առնում՝ գրելու ձեզ մեր ընդհանուրի փրկութեան մասին. հարկ համարեցի գրել ձեզ եւ աղաչել, որ պայքարէք հաւատի համար՝ այն հաւատի, որ մի անգամ ընդմիշտ աւանդուեց սրբերին. 4 քանի որ ձեր մէջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանուած էին սոյն դատապարտութեան համար. ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծոյ շնորհը վերածեցին անառակութեան եւ ուրացան մեր միակ Իշխանին եւ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին: 5 Կուզենայի ձեզ յիշեցնել – թէեւ դուք այդ բոլորը գիտէք – որ Աստուած նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից, իսկ ապա կորստեան մատնեց անհաւատներին: 6 Եւ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանութիւնը, այլ լքեցին իրենց բնակութեան տեղը, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց դատաստանի մեծ օրուայ համար, 7 ինչպէս Սոդոմն ու Գոմորը եւ նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նոյն ձեւով պոռնկացան՝ անբնական կրքերի յետեւից ընկնելով, եւ յաւիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին: