ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելի հավատացյալներ. Չար մշակների առակը, որի մասին խոսում է մեր Տէրը, անդրադարձել են երեք ավետարանիչներն էլ, բացի Հովհաննեսից: Առակները առհասարակ ընդլայնում են կարդացողի մտահորիզոնը, և մարդը հնարավորություն է ունենում ինչպես ուղիղ իմաստով հասկանալու, այնպես էլ այլաբանորեն վերլուծելու: Սակայն ամենաճիշտ տարբերակն այն է, որ մենք մեզ փնտրենք առակի մեջ: Այնպես, ինչպես փարիսեցիներն ու օրենսգետները անմիջապես հասկացան, որ առակը իրենց է վերաբերում, որովհետև իրենք էլ իրենց հասանելիք պտուղը ժամանակին չէին տվել, և պատժից խուսափելու համար հարմար առիթ էին փնտրում, թե ինչպես սպանեին այգու Տիրոջ ժառանգին: Այս առակը կարծես պատմում է աշխարհի արարչագործությունից մինչև Մարդու Որդու խաչելությունը կատարված դեպքերի հաջորդականություն մասին, ինչին քաջատեղյակ էին հրեա իշխանավորները:
Հիմա պատկերացնենք, որ Աստված արարեց երկիրը իր բոլոր բարիքներով և հանձնեց մարդուն՝ մշակելու, ապրելու և տնտեսության հաշիվը մաքուր պահելու համար: Աստված ուղարկեց Մարգարեներ՝ սովորեցնելու համար, թագավորներ՝ կառավարելու համար, քահանաներ, ու քահանայապետներ՝ ծեսերի համար, առաքյալներ: Բոլորին անարգեցին, ոմանց սպանեցին, ոմանց չենթարկվեցին: Աստված տեսավ, որ մարդկությունը կորստյան է մատնվում իր անհնազանդության պատճառով, վերջում ուղարկեց Իր Միածին Որդուն, որպեսզի թերևս Նրանից պատկառեն: Ճշմարտությունը եկավ և բացահայտեց նրանց կեղծ գործերը, խավար մտքերը, ծածուկ արարքները և նենգավոր ծրագրերը: Հրեաները չհանդուրժեցին նաև Միածին որդուն և խաչը հանեցին Նրան: Բայց սա ամենևին չի նշանակում, որ խաչելությունից հետո մարդկությունը գնահատեց իրավիճակը և կարգավորեց իր տնտեսությունը ապագայում հաշիվ տալու համար: Ժամանակներ անցել են, պատմությունը կրկնվել է մինչև մեր օրերը: Հավանաբար չկա մի պետություն, որը ամբողջությամբ պատրաստ լինի դիմավորելու Հիսուս Քրիստոսին և Նրա վարդապետությանը հավատարիմ մնացած լինի:
Մեր իրականությանը նայելիս շատ ավելի պարզ է դառնում այս առակը այն իմաստով, որ յուրաքանչյուր խոշոր սեփականատեր պատրաստ է խլել նրա կյանքը, որը կպահանջի իրենից ճշմարտություն: Ճշմարտությունը միշտ մեղրի պես քաղցր է քիմքին, սակայն դառն է որովայնում՝ ինչպես Հայտնության գրքում է գրված: Տէր Հիսուս Քրիստոս իր առակներում օգտագործում է զանազան գոյականների անվանումներ, և Իրեն համեմատում է դրանց հետ, մեզ հասկացնելու համար, որ առանց ճշմարտության անկարելի է ապրել կյանքը: Օրինակ՝ անապատ, հաց, ջուր, լույս, ճանապարհ, դուռ և այլն: Մեր կյանքը իրական անապատ է, մենք ուղղորդվելու կարիք ունենք, որպեսզի գտնենք Աստծուն, իսկ առանց հաց, ջուր, լույս, ճանապարհ, դուռ և ճշմարտություն մենք կմոլորվենք անապատում և կդառնանք օձերի բաժին:
Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցուի Աստծոյ արքայութիւնը եւ կտրուի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն: Մենք այս բոլորը կարդում ենք, լսում ենք, և ոչինչ չի փոխվում շատերիս կյանքում, և մենք էլ այդ ազգը չեղանք, որ պտղաբեր դարձնի Աստծու Արքայությունը: Իսկ ինչ կպատասխանենք մենք Տիրոջ այս հարցին, թե Արդ, երբ այգու տէրը այդպիսի մշակներին ի՞նչ կանի: Մի՞թե իրավունք ունենք ասելու, թե Իր Արքայության մեջ տեղ կտա: Անշուշտ ոչ: Ուրեմն ականջը լսելու համար է:
Աղոթենք միասին
Ազատի՛չդ Քրիստոս, ազատի՛ր ինձ ձմեռային մեղքերի դառնաշունչ քամիներից, պայծառացրո՛ւ և ջերմացրու խավարած և սառած հոգիս, և ցողի՛ր Քո շնորհի ջերմության ցողը՝ իմ սրտի խորհուրդների անդաստաններում: Հասունացրու՛ ինձ, Տե՛ր, բարին գործելու ամեն ժամ, և խափանի՛ր իմ չար մտքից բոլոր չարիքները, ե՛տ պահիր ինձ պիղծ և անխրատ ընթացքից ու չար սովորությունից և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ և շնորհի՛ր ինձ հավատով ապավինել Ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Սուրբ Եփրեմ Ասորի:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 20.9-19
9 Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց: 10 Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան եւ ձեռնունայն արձակեցին: 11 Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամփու դրեցին: 12 Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին: 13 Այգու տէրն ասաց. “Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից պատկառեն”: 14 Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին եւ ասացին. “Սա է ժառանգը. սպանենք նրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի”: 15 Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին: Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կանի: 16 Չէ՞ որ կգայ ու կորստեան կմատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կտայ»: 17 Երբ այս լսեցին, ասացին՝ քա՛ւ լիցի: Եւ Յիսուս, նրանց նայելով, ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ “Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա է, որ անկիւնաքար եղաւ”: 18 Ով որ այս վէմին բախուի, կխորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կճզմի նրան»: 19 Եւ օրէնսգէտներն ու քահանայապետները նոյն պահին ուզում էին նրա վրայ ձեռք դնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, որ այն առակը իրենց մասին ասաց: