ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի առավոտ սիրելի հավատացյալներ: Նոր շաբաթը սկսենք նորովի և փոփոխություն մտցնենք մեր կյանքի և մեր մտածելակերպի մեջ: Մեն պարտավոր ենք ամեն օրվա ընթերցվածքը ընկալել մեզ տրվելիք պատգամի համաձայն, որպեսզի մեր կյանքի մեջ փոփոխություն լինի: Այսօրվա թզենու առակը եթե մենք ուղիղ իմաստով հասկականք, ապա Տէր Հիսուս նույնիսկ ծառից, որն ստեղծված էր բարիք տալու համար, ակնկալում էր պտուղ, որպեսզի երբ մեկն անցնի նրա կողքով, օգտվի նրա պտղից, քանի որ հենց դրա համար էր ստեղծված: Իսկ եթե փոխաբերական իմաստով հասկանանք թզենու առակը, ապա որքան առավել մարդուց է պահանջում Տէրը բարի պտուղ ունենալ, և հագեցնել այլոց: Հիսուս Քրիստոս նույն պտուղը պահանջում էր իր աշակերտներից, քանի որ նրանք էին լինելու այն պտղատու թզենիները, որոնք կերակրելու էին ամբողջ աշխարհը: Բայց նրանցից մեկը՝ Հոդան չտվեց այդ պտուղը և չորացավ՝ իր անհուսության և անհավատության պատճառով:
Միամիտ սրտերը զարմացած էին Նրա ուսուցման վրա, և հետևում էին Նրան, իսկ նենգ սրտերը առիթ էին փնտրում Նրան ծուղակը գցելու և սպանելու: Քանի անգամ, որ փորձեցին Հիսուսին ծուղակը գցել, իրենք ամոթով մնացին, քանի որ ճշմարտությունը երբեք չի ամաչեցնում, և բարձր է պահում նրա գլուխը, որը ճշմարիտ է խոսում ու գործում: Փորձեցին Հովհաննես Մկրտչի մասին հարցնելով ամբաստանել Նրան, սակայն իրենք նույնիսկ պատասխան չունեին տալու, որովհետև Հիսուս տեսնում էր նրանց կեղծավորությունը և կեղծիքը թաքցնելու մեծ վարպետությունը, և ամեն անգամ մի համապատասխան առակով մերկացնում էր նրանց և կրկին փաստում նրանց տգիտությունը՝ միևնույն ժամանակ այդ բոլորով կրթում էր Իր աշակերտներին։ Երկու որդիների առակը, որ պատմեց նրանց, ևս մարդկության երկու տեսակնների մասին է, որոնց մեջ մտնում ենք նաև մենք՝ քրիստոնյաներս։ Մի մասը ձևացնում է, որ լսում է Աստծո խոսքը և չի կատարում, իսկ մյուս մասը մերժում է, սակայն խղճմտանքի պատճառով կատարում է: Բայց մեր Տէրը շարունակ փնտրում է այն երրորդ որդուն, որը և խոստանում, և կատարում է: Փնտրում է այն թզենին, որ պտուղ է տալիս: Այն հողը, որը մեկի դիմաց հարյուր բերք է տալիս, այն ծառային, որը իր տված մնասը գործի մեջ է դնում: Այն աշակերտին, որն արածեցնում է Իր հոտը: Այն Զաքիոսին, որը Տիրոջը տեսնելու համար ջանք թափեց և ծառը բարձրացավ, որպեսզի տեսնի Նրան և իր տանը փրկություն եղավ այդ օրը և այլն:
Թզենին առակ է իր իրական իմաստով, սակայան կարելի է այն հասկանալ և առանց փոխաբերական իմաստի, և փոխաբերական իմաստով: Քանի որ Մեր Տէր Հիսուս Քրիստոսի պահանջն է, որ ծառը պտուղ տա, մարդը բարիք գործի և ազգը դարձի գա: Ոչ միայն հրեաներից է ակնկալվում դարձ, այլ՝ բոլոր ազգերից: Խոշոր պետությունների ղեկավարները այսօր պատրա՞ստ են իրենց իշխանությունը հանձնելու Հիսուս Քրիստոսին, կասկածում եմ նույնիսկ փոքր իշխանություների վրա, ինչպես որ Իր ժամանակի քահանայապետներն էին վախենում իրենց իշխանությունից: Մաքսավորի ու պոռնիկի պես հավատանք արդարությամբ եկածին, որպեսզի երբ Տէրը մեզ հարց տա, մենք համարձակ պատասխան ունենանք տալու:
Աղոթենք միասին:
Հիշիր Տէր, Քո պաշտոնյաներին, մեր հոգևոր ծնողներին, վարդապետներին, եղբայրներին, ընկերներին, մեզ կերակրողներին, ուխտավորներին, ճանապարհորդներին, վաստակավորներին, խոստովանողներին, ապաշխարողներին, գերիներին, հիվանդներին, բանտարկյալներին. իշխաններին, չարիք գործողներին, բարիք գործողներին, մեր թշնամիներին, մեզ ատողներին, և բոլոր նրանց, որոնք պատվիրեցին մեզ հավատով: Հիշիր Տէր և ողորմիր:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 21.18-32
18 Եւ առաւօտեան, երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց: 19 Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ: 20 Երբ աշակերտներն այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ»: 21 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կանէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լեռանն ասէք՝ “Ելի՛ր ու ծո՛վն ընկիր”, այն կկատարուի: 22 Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կստանաք»: 23 Եւ երբ տաճար եկաւ, մինչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը եւ ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»: 24 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձեզ կասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում: 25 Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞ մարդկանցից»: Նրանք իրար մէջ խորհուրդ էին անում ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. 26 իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»: 27 Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք: Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում: 28 Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. մի մարդ երկու որդի ունէր: Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա այսօր աշխատի՛ր այգում»: 29 Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգնաց: 30 Մօտեցաւ միւսին էլ եւ նոյնն ասաց: Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»: Բայց յետոյ զղջաց եւ գնաց այգին: 31 Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»: Նրանք ասացին՝ վերջինը: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորները ու պոռնիկները ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն, 32 որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներն ու պոռնիկները հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք: