ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի հավատացյալ քույր և եղբայր. Եթե ուշադրությամբ հետևել եք Պատարագներին, ուրեմն նկատել եք, որ Հարությունից մինչև Հոգեգալուստ բոլոր կիրակիները ունեն իրենց անվանումները, ինչպես որ մեծ պահքի բոլոր կիրակիները: Այսօր կիրակի է, և կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Երկրորդ Ծաղկազարդի տոնախմբությունը սահմանել է Սբ Ներսես Շնորհալու եղբայը՝ Գրիգոր վկայասեր կաթողիկոսը՝ հիմք ունենալով մի ավանդական դեպք, որը կապված է Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում գտնվելու հետ: Ավանդությունը պատմում է , որ Խոր Վիրապում գտնված ժամանակ Սուրբ Գրիգորին ամեն օր այցելում է մի հրեշտակ: Համբարձման տոնի չորրոչդ օրը՝ կիրակին, այսինքն այս օրը հրեշտակը չի գալիս Գրիգորի մոտ, հաջորդ օրը Լուսավորիչը հարցնում է հրեշտակին՝ իր բացակայության պատճառը: Հրեշտկը պատմում է, որ այդ օրը երկնայի քահանայապետությունը տոնում է Հիսուսի երկինք համբառնալը և այդ օրը չորրորդ դասակարգության օրն էր, այդ պատճառով չի այցելել սրբին: Մեծահրաշ այս խորհուրդը մեզ է հասել ավանդությամբ:
Այսօր չորս Ավետարաններն էլ այսօրվա ընթերցվածքում հիշատակում են Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, որը խորհրդանշում է նաև իր երկրային կյանքի վերջին օրերը: Մենք արդեն գիտենք պատմությունը, թե ինչպես Ծաղկազարդի օրը Նա տաճար մտավ և այտեղից դուրս վռնդեց վաճառականներին, որովհետև աղոթքի տունը և վաճառատունը պետք է տարբեր լինեն: Չի կարելի որ աղոթքը և առևտուրը զուգահեռաբար նույն տեղում լինեն: Տոնի առիթով Երուսաղեմում հավաքված բազմությունը միաբերան ասում էին. «Օրհնեա՜լ է այդ Թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»:
Ինչպես Քրիստոսի ժամանակ, այնպես էլ մեր օրերում հանրությունը մի սովորություն ունի. շուտ խանդավառվել և շուտ պաղել: Այդ նույն Օվսաննա գոռացողները հաջորդ օրը քահանայապետրի պատվերով գոռում էին «խաչը հանիր դրան»: Այս երևույթը ցույց է տալիս մարդկության անարմատ հավատքը, ինչպես որ սերմնացանի առակի մեջ սերմը արագ բուսնեց, բայց արմատ չունենալու պատճառով արագ էլ խանձվեց: Քրիստոսի խոսքն ունի այդպիսի հատկություն, որ հասնում է մարդկանց սրտին, հաճելի է ականջին, բայց դժվար է թափանցում սրտի մեջ, որովհետև սիրտը լիքն է աշխարհի հոգսերով ու հաճույքներով: Այդ պատճառով էլ մարդը դժվարությամբ է դառնում Քրիստոսին աշակերտ, որը պատրաստ է իր ականջ, աչքը, սիրտը ամբողջությամբ տրամադրել Նրա խոսքին: Այսպիսիները արթուն են և կարողանում են կշեռքի նժարին դնել հավիտենականն ու ժամանակավորը, անմահն ու մահկանացուն, աշխարհի տված պսակը և երկնային անթառամ պսակը: Այս մասին շատ գեղեցիկ նկարագրում է Հովհաննես Առաքյալը իր ընդհանրական նամակում, թե հավիտենական կյանքը ձերն է, եթե հավատաք Աստծո Որդու անվանը: Եթե այս վստահությունը ունենաք, ինչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի: Բայց միայն Նրա անվանը հավատալով չէ, որ պիտի ստանանք մեր խնդրանքները, այլ պայման կա լսվելու համար: Սա է այդ պայմանը. «ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, եւ չարը նրան չի մօտենում»: Գիտենք, որ Աստծուց ենք, եւ ամբողջ աշխարհը չարի մէջ է, սակայն Նա մեզ խելք տվեց, որպեսզի չարը բարուց տարբերենք և արժանանաք մեր Տիրոջ Սիրուն և հավիտենական կյանքին: Միթե կգտնվի աշխարհում մի միամիտ մարդ, որը կհավատա, թե միայն Աստծու անվանը հավատալը բավական է փրկություն գտնելու համար, կամ թե հաճույքի և մեղքի մեջ ապրելով և Տիրոջ անունը կանչելով կգտնի՞ փրկություն: Մի՞թե իզուր թափվեց անգնահատելի սուրբ արյուը՝ այն էլ խաչի վրա: Ոչ, չկա այդքան միամիտ մարդ աշխարհում և փառք Աստծո, որ չկա: Ուրեմն համարձակությամբ վկայենք մեր Տիրոջ անունը ամենուր, որպեսզի Ինքն էլ վկայի մեր անունը Իր Հոր մոտ, որ երկնքում է:
Աղոթենք միասին.
Դու իմ Հայրն ես ու Տերը, Արարիչը և ստեղծողը, ու՞մ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն: Քո դեմ մեղանչեցի և Քեզ եմ խոստովանում ու աղաչում՝ մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունից և մի՛ զրկիր Քո երեսից: Աղաչում եմ Քեզ՝ բարերար Տիրոջդ և իմ բազմագութ Արարչիդ՝ հավիտենական ամոթով ինձ մի՛ամաչեցրու և դատաստանի մեծ օրը ինձ մի դատապարտիր, տիեզերական հրապարակիդ առաջ ինձ մի՛ հանդիմանիր, անողորմ տանջանքներով մի՛ տանջիր և սոսկալի գեհենովդ մի՛ պատուհասիր: Այլ գթա՛ մեղքերով վիրավորվածիս և բժշկի՛ր անօրենությամբ հիվանդացածիս:
Հովհան Մանդակունի
Օրվա ընթերցվածք.
Հովհաննես առաքյալի Ա թուղթը 5. 13-21
13 Այս բաները գրեցի ձեզ, որպէսզի գիտենաք, թէ յաւիտենական կեանք ունէք եւ թէ հաւատում էք Աստծոյ Որդու անուանը: 14 Եւ այս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ինչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի. 15 եւ քանի որ գիտենք, որ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից: 16 Եթէ մէկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, եւ Աստուած մահացու մեղք չգործողին կեանք կշնորհի. մեղք կայ, որ մահացու է. դրա մասին չեմ ասում, որ խնդրես: 17 Ամենայն անիրաւութիւն մեղք է. բայց մեղք կայ, որ մահացու է: 18 Գիտենք, որ ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, եւ չարը նրան չի մօտենում: 19 Գիտենք, որ Աստծուց ենք, եւ ամբողջ աշխարհը չարի մէջ է: 20 Եւ գիտենք, որ Աստծոյ Որդին եկաւ եւ մեզ տուեց խելք, որպէսզի ճանաչենք նրան, ով Ճշմարիտն է. եւ մենք Ճշմարտի՝ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի մէջ ենք. որովհետեւ նա է ճշմարիտ Աստուած եւ յաւիտենական կեանք: 21 Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք ձեզ կռապաշտութիւն