ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ. Կույր մուրացկանը, որ նստած էր Երիքովի ճանապարհի վրա, երբեք էլ չէր հաշտվել իր կուրության հետ, առավել ևս իր մուրացկանության հետ: Չնայած, որ երկար տարիներ էր այդտեղ նստում, և շատերն էին նրան ճանաչում: Հիսուս Քրիստոսի շրջագայության այդ մեկ օրը կույրի կյանքի մեջ բեկում մտցրեց, կույրը տեսավ, թռչկոտում էր ուրախությունից, որովհետև և աչքերն էին տեսնում երևելի լույսը և իր մտքի աչքերը բացվեցին և նա տեսավ Իրական և ճշմարիը Լույսը իր առջև կանգնած: Կույրի կյանքում շրջադարձ տեղի ունեցավ, որովհետև ինքը անտարբեր չէր իր կուրությնա նկատմամբ: Երբ իրարանցում զգաց, հարցրեց, թե ի՞նչ աղմուկ է, որ անցնում է այդտեղով, և նրան ասացին որ Հիսուս Նազովրեցին է անցնում: Ապա կույրը առիթը բաց չթողեց և աղաղակեց. «Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: Նրա շուրջ գտնվող մարդիկ սաստում էին նրան, բայց նա չենթարկվեց ոչ ոքի, չնայած որ չէր տեսնում, թե ինչ հեռավորության վրա էր գտնվում Դավթի Որդին: Սա է փրկության ճանապարհներից լավագույնը, ջանք թափելով հասնել Նազովրեցուն: Ով չի տեսնում, թող աղաղակի, Հիսուս նրա ձայնին է սպասում, որ օգնի: Մեր կարծիքով մեր աչքերը տեսնում են: Սակայն մենք միայն նայում ենք և չենք տեսնում: Կամ չենք նայում տեսնելու համար: Բայց երբեք կույր մուրացկանի նման չենք աղաղակում մեր կուրության համար: Կույրը հավատում էր, որ Դավթի Որդին կարող է իրեն ողորմել: Նա միանգամից չասաց ես կույր եմ, ասաց ողորմիր: Նա ակնկալում էր որ այդ ողորմությունը հենց իր տեսողությունն է: «Ի՞նչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ», -ասաց Հիսուս: Եւ նա ասաց. «Որ բացուեն աչքերս, եւ տեսնեմ, Տէ՛ր»: Եւ Յիսուս նրան ասաց. «Նայի՛ր, քո հաւատը քեզ փրկեց»: Րոպեների ընթացքում անհայտացավ տարիների ցավը, ընդամենը աղաղակով Հիսուսի հետ հանդիպում պահանջելու պատճառով:
Մեր ժողովուրդը արդեն ամիսներ է, որ կանգնած է ալեկոծ ծովի ալիքների առջև, փոթորիկը անխուսափելի է, մենք լողալ չգիտենք, և չենք արթնացնում Հիսուս Նազովրեցուն, ինչպես աշակերտները իսկույն արթնացրին, ասելով, թե քո հոգը չէ՞, որ կորչւոմ ենք: Չենք աղաղակում կույրի պես, թե Դավթի որդի, ողորմիր մեզ: Հիմա կարո՞ղ ենք ասել, որ մեր աչքերը տեսնում են, կամ մեր ականջները լսո՞ւմ են, կամ մենք հավատացյա՞լ ենք: Եթե հավատացյալ ենք, ապա ո՞ւմ են հավատում, ո՞ւմ ենք ապավինում մեր վտանգի պահին: Մի՞թե մոռացել ենք, որ Գերագույն ուժն է հաղթելու աշխարհին: Մի՞թե մոռացել ենք, որ Աստված - եկեղեցի - հավատք - հոտ կապը թուլացել է, այդ պատճառով է, որ նայում ենք ու չենք տեսնում վտանգը: Ինչպես Հովհաննես առաքյալն է իր ընդհանրական նամակում ասում. Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ՝ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծոյ Որդին: Իսկ եթե մենք անհոգության մատնենք մեզ, նունիսկ նապաստակը կարող է մեզ վախեցնել: Բայց Աստված մեզ վախկոտ ու անտարբեր հոգի չի տվել, մեզ աչք է տվել, որ տեսնենք, միտք է տվել որ մտածենք, և ձայն է տվել, որ աղաղակենք վտանգի պահին: Նա մեր աղաղակին է սպասում...
Աղոթենք միասին.
Ամենախնամ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապան դիր իմ աչքերին՝ որ չնայեն պագշոտությամբ, և իմ ականջներին՝ որ չախորժենլսել չարության խոսքեր, և իմ բերանին՝ որ սուտ չխոսի, և իմ սրտին՝որ չարը չխորհի, և իմ ձեռքերին՝ որ չգործեն անիրավություն, և իմ ոտքերին՝ որ չգնան անօրեն ճանապարհով:
Հրամայի՛ր, Տե՛ր, որ անդամալույծի պես առողջանամ, մի կողմ նետեմ ցավերիս անկողինը, Տիրոջ տանը շրջեմ Քո կամարարների հետ և Աստծո գավթում ծաղկեմ ու չմեղանչեմ: Խորտակի՛ր, Տե՛ր, սատանայի բռնությունը, հատի՛ր ու դե՛ն նետիր նրա զորությունը, արգելի՛ր նրա հարձակումն ինձ վրա, որպեսզի, մարմինս ընդունայն վարելով՝ չտանի ընդարձակ ճանապարհով, որը կորստյան ու ապականության է մատնում: Եփրեմ Ասորի
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 18.35- 43
35 Եւ երբ նա մօտենում էր Երիքովին, ճանապարհի վրայ նստել էր մի կոյր մուրացկան: 36 Երբ սա լսեց, որ ժողովուրդն անցնում է, հարցրեց, թէ այդ ինչ է: 37 Եւ նրան պատմեցին, որ անցնում է Յիսուս Նազովրեցին: 38 Նա աղաղակեց ու ասաց. «Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: 39 Եւ առջեւից գնացողները սաստեցին նրան, որ լռի: Իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: 40 Յիսուս տեղում կանգնեց եւ հրամայեց իր մօտ բերել նրան. եւ երբ կոյրը մօտեցաւ, նրան հարցրեց եւ ասաց. 41 «Ի՞նչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ»: Եւ նա ասաց. «Որ բացուեն աչքերս, եւ տեսնեմ, Տէ՛ր»: 42 Եւ Յիսուս նրան ասաց. «Նայի՛ր, քո հաւատը քեզ փրկեց»: 43 Եւ իսկոյն կոյրը տեսաւ. գնում էր Յիսուսի յետեւից եւ փառք էր տալիս Աստծուն: Եւ ամբողջ ժողովուրդը, տեսնելով այս, Աստծուն գոհութիւն էր տալիս: