ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելիներ, դուք արդեն գիտեք, որ Սուրբ Հարության տոնից մինչև Համբարձում կոչվում է ուտիքի և ուրախության օրեր: Հանված են բոլոր պահոց օրերը, նույնիսկ չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերը: Որպես հիշեցում ասեմ, որ այսօրվանից վերականգնվում է չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերը, իսկ առաջիկա շաբաթապահքը, որ կոչվում է Եղիական, Հունիսի մեկին է: Պահքերը նույնպես մաս են կազմում քրիստոնյայի բարեպաշտ կյանքի: Հիմա տեսնենք, թե ինչ է պետք քրիստոնյային՝ հավիտենական կյանքը ժառանգելու համար: Ավետարանի ընթերցումից մենք իմացանք, որ իշխանավորը դեռ մանկությունից պահել էր բոլոր պատվիրանները՝ սակայն Տէր Հիսուս ասաց, որ նրան հավիտենական կյանքը ժառանգելու համար դեռ մի բան պակաս էր: Մեծահարուստը պետք է վաճառեր իր ունեցվածքը և բաժաներ աղքատներին, որպեսզի լիարժեք լիներ հավիտենականության արժանանալը: Ավետարանիչը նկարագրում է, որ իշխանավորը տրտմած գնաց իր տուն, քանի որ շատ հարուստ էր: Իմիջի այլոց այդ ժամանակների համար այդ իշխանավորը միակն էր Քրիստոսին հանդիպած մարդկանցից, որ տրտմած գնաց, քանի որ սիրում էր իր հարստությունը: Իսկ Քրիստոսին աշակերտելու և երկնքում գանձեր դիզելու համար պայման է աղքատներին գոհացնել և ուրախացնել: Շատ տպավորիչ համեմատություն արեց մեր Տէրը ասեղի և պարանի վերաբերյալ, երբ հարուստի և Աստծո Արքայության միջև զուգահեռներ տարավ: Բոլորս էլ գիտենք, որ պարանը ասեղի ծակից չի անցնի նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում: Ուրեմն Տէրը տեսնում է, որ հարուստների սրտերը իրենց գանձերի մոտ են, դրա համար էլ ասաց, անհնար է մեծահարուստը երկնքի արքայություն մտնի:
Ներկաները որ լսեցին, թե պատվիրանները պահողը չարժանացավ հավիտենական կյանքին, զարմացած հարցրին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»: Նույնիսկ Պետրոս զարմացած ասաց, որ աշակերտները ամեն ինչ թողել են, և հետևել են Իրեն: Գուցե ուզում էր վստահ լինել, որ գոնե աշակերտները, որ թողել էին ամեն բան ու հետևել են Քրիստոսին, կարժանանան հավիտենական կյանքին: Բայց Պետրոսը դարձյալ շտապեց, և դեռ չգիտեր, թե ինչեր պետք է պատահեր, և չգիտեր, որ 2000 տարի շարունակ որտեղ որ Տիրոջ Սուրբ անունը կարդացվեց, հիշվեց նաև Պետրոսի անունը, և Պետրոսը մնաց մարդկության պատմության և հիշողության մեջ որպես մեծագույն զղջացող և Վեմ, որի հավատքի վրա պիտի կառուցվեր եկեղեցին: Այսօրվա պատգամն այն է, որ մենք միայն Հիսուս Քրիստոս անունը ասելով չենք արժանանա հավիտենական կյանքին, կամ միայն մկրտությամբ չէ, ոչ էլ քրիստոնյա անունը կրելը չէ, նույնիսկ եկեղեցի գնալն ու մատաղ անելը չէ պայմանը, այլ նորոգված սիրտ է պետք, որ ի սեր Աստծո սիրի մերձավորին և զերծ մնա մեղքից: Այո, սիրի Աստծուն և այդ պատճառով զերծ մնա մեղքից: Այլապես բոլոր կրքերը մեզ հետ են բնակվում, մի զորություն է պետք, որ սաստի դրանք:
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեանը, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: Եւ ամէն ոք, ով թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի: Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին: Սիրելիներ, այս բարիքները խոստացողը Տիեզերքի Թագավորն է, ոչ թե մի պարզ նախարար, որի նյութական օգնությանն ենք սպասում ամեն օր, մոռանալով իրական Բարերարին: Թողնենք ամեն ինչ և վստահաբար գնանք մեր Տիրոջ հետևից՝ ժառանգելու հավիտենականությունը:
Աղոթենք միասին:
Պահպանեա՛ զմեզ, Քրիստոս Աստուա՛ծ մեր, ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչիւդ Քով ի խաղաղութեան: Փրկեա՛ յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն: Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 18.15-34
15 Մանուկներին էլ մօտեցնում էին նրան, որպէսզի նրանց դիպչի. երբ աշակերտներն այդ տեսան, սաստեցին բերողներին: 16 Իսկ Յիսուս, կանչելով մանուկներին իր մօտ, ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին, որ ինձ մօտ գան, եւ մի՛ արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Աստծոյ արքայութիւնը: 17 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով որ Աստծոյ արքայութիւնը չընդունի ինչպէս մի մանուկ, այնտեղ չի մտնի»: 18 Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 19 Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած: 20 Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»: 21 Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»: 22 Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կունենաս. եւ արի՛ իմ յետեւից»: 23 Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր: 24 Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծոյ արքայութիւնը կմտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն: 25 Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծոյ արքայութիւնը մտնի»: 26 Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»: 27 Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծոյ համար հնարաւոր է»: 28 Եւ Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամէն ինչը թողեցինք եւ եկանք քո յետեւից»: 29 Եւ Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկայ մէկը, որ թողած լինի տունը կամ ծնողներին կամ եղբայրներին կամ կնոջը կամ զաւակներին՝ Աստծոյ արքայութեան համար, 30 եւ այս ներկայ ժամանակում բազմապատիկ չստանայ ու յաւիտենական կեանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է»: 31 Եւ տասներկուսին առանձին մի կողմ տանելով՝ նրանց ասաց. «Ահաւասիկ ելնում ենք դէպի Երուսաղէմ, եւ մարգարէների միջոցով մարդու Որդու մասին բոլոր գրուածները պիտի կատարուեն. 32 որովհետեւ նա պիտի մատնուի հեթանոսներին եւ պիտի ծաղրուի. 33 նրան պիտի ձաղկեն ու սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: 34 Եւ առաքեալները այս բոլորից ոչինչ չիմացան, այլ խօսքը նրանցից ծածկուած էր, եւ ասուածները չէին ըմբռնում: