ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելիներ, Հիսուս Քրիստոս Իր Հրաշափառ Հարությունից հետո քառասուն օրեր շարունակ երևաց իր աշակերտներին՝ նրանց հետ խոսելով նախորդ ուսուցումների, Աստծո Արքայության և գալիք հանձնարարականների մասին: Քառասուներորդ օրը, վերջին անգամ հանդիպեց նրանց, պատվիրեց մնալ Երուսաղեմում մինչև Պենտեկոստեի օրը, երբ կիջնի Սուրբ Հոգին և բնակվելով նրանց մեջ կգործի և կառաջնորդի իրագործելու իրենց առաքելությունը ողջ աշխարհում: Այնուհետև աշակերտների հետ Ձիթենյաց լեռը բարձրացավ, օրհնեց նրանց, և նրանց աչքի առջև բարձրացավ երկինք, և ամպը ծածկեց Նրան: Աշակերտները ապշահար երկինք էին նայում, երբ երևացին երկու ճերմակազգեստ մարդիկ և ասացին. «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում եք երկնքին. այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացաւ, պիտի գայ նոյն ձեւով, ինչպէս տեսաք նրա երկինք գնալը»։ Գործք.1:11 Այս խոսքերով հրեշտակներն աշակերտներին հիշեցրին աշխարհի վախճանին Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին: Քրիստոս իր համբարձմամբ ոչ թե հեռացավ Իր աշակերտներից, այլ գնաց, որպեսզի Սուրբ Հոգին գա, և հեղվի նրանց մեջ՝ օժտելով նրանց երկնային շնորհներով: Նա ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում, առանց լքելու Իր սիրելի առաքյալներին և բոլոր նրանց, որոնք հավատում և սիրում են Իրեն, որոնց համար ասել էր. «Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»։ Մատթ. 28:20: Համբարձման տոնը Հայ Եկեղեցին տոնում է Հինանց շրջանում՝ Զատկից քառասուն օր անց, և տասը օր շարունակ մինչև Հոգեգալուստ: Ղուկասի Ավետարանում գրված , որ Հիսուս բացեց նրանց մտքերը, որպեսզի հասկանան գրքերը: Ամեն ինչ պատրաստեց աշակերտների համար, սովորեցրեց, ցույց տվեց, բացատրեց և վերջում էլ նրանց մտքերը բացեց, որ հասկանան այն բոլորը ինչ կատարվել էր, քանի որ նրանք էին վկաները բոլոր գործերի: Աշակերտներին սպասվում էր նաև երկնայի զորություն, որպեսզի Տիրոջ վարդապետությունը տարածեին ողջ աշխարհում՝ տարբեր լեզուներով: Այս հրաշափառ տոնից մեր պատգամն ու դասն այն է, որ մենք վստահաբար պետք է գիտակցենք, որ մենակ չենք մեր փորձության պահին, դժվարության մեջ, հիվանդության ժամանակ, այլ մեզ հետ է Տէրը մինչև աշխարհի վախճանը: «Գնացէ՛ք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէ՛ք աւետարանը բոլոր մարդկանց: Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, եւ ով չհաւատայ, պիտի դատապարտուի»: «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք, ուրեմն, աշակե՛րտ դարձրէք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»: Այս խոսքերից կարելի է պարզ հասկանալ, որ Տէրը նրանց հետ է, ովքեր հավատում և պահում են Իր խոսքը:
Աղոթենք միասին.
Քրիստոս Աստուա՛ծ մեր, անճառելի համբարձմանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 24.41-53
41 Եւ մինչ դեռեւս ուրախութիւնից չէին հաւատում եւ զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք»: 42 Եւ նրանք տուեցին նրան խորոված ձկան մի կտոր եւ մեղրախորիսխ: 43 Եւ նա առաւ կերաւ նրանց առաջ, իսկ մնացածները տուեց նրանց ու ասաց. 44 «Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարուի այն ամէնը, որ գրուած է իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ եւ սաղմոսներում»: 45 Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը: 46 Եւ ասաց նրանց. «Այսպէս պէտք է չարչարուէր Քրիստոս, յարութիւն առնէր մեռելներից երրորդ օրը, 47 եւ քարոզուէր նրա անունով ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն բոլոր ազգերի մէջ՝ Երուսաղէմից սկսած: 48 Եւ այս բաների վկաներ էք դուք: 49 Եւ ահա ես ուղարկում եմ ձեզ իմ Հօր խոստումը, իսկ դուք նստեցէ՛ք Երուսաղէմ քաղաքում, մինչեւ որ երկնքից զօրութեամբ զգեստաւորուէք»: 50 Ապա նրանց տարաւ հանեց մինչեւ Բեթանիա եւ բարձրացնելով իր ձեռքերը՝ օրհնեց նրանց: 51 Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանուեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում: 52 Իսկ նրանք երկրպագեցին Յիսուսին եւ մեծ ուրախութեամբ վերադաձան Երուսաղէմ: 53 Եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն: