ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Ամուսնական բոլոր խնդիրները գալիս են երեք մուտքերով, որոնք օգտագործում է սատանան: Մենք պետք է կենտրոնանանք այս երեք պատուհանների վրա, որտեղից էլ մտնում են խնդիրները` սատանայի միջոցով:
1. Օտար խորհուրդ.
2. Օտար ցանկություն.
3. Օտար անձ.
Օտար անձը մեզ կարող է տալ միայն մարդկային խորհուրդ, որը աստվածային չէ: Խնդիրը զույգի մեջ չէ, այլ սատանայի:
Որևէ խռովություն, որ դրսից է գալիս, սատանայից է: Հետևաբար կինը կամ ամուսինը չէ քո թշնամին, այլ սատանան: Քրիստոնեական ամուսնության մեջ երեք անձ կա, ամուսինը, կինը, և Աստված: Չորրորդ անձ գոյություն չունի: Եթե չորրորդ անձը մտնի ամուսնական կյանքի մեջ, ուրեմն այդ ընտանիքը շուտով կքանդվի, որովհետև չորրորդը սատանան է՝ մեկի տեսքով: Ամուսնական կապը երեքի մեջ է, ինչպես Սուրբ Երրորդությունը: Աստված ինքը միացրեց այր ու կին, հետևաբար Ինքն էլ Երրորդն է: Չորրորդը միայն փչացնելու է այդ միությունը և փորձելու է Աստծուն հանել ամուսնական կյանքից: Այնպես, ինչպես փսփսաց Եվայի ականջին, և արգելված պտուղը հաճելի թվաց նրան, և նա չխորհրդակցեց ամուսնու հետ` ուտելուց առաջ: Հետևաբար ամուսնական միության մեջ` կողակցի բացակայության պարագայում, փնտրեք միայն Աստծուն, ձեր հաջորդ զրուցակիցը և խորհրդատուն պետք է լինի միայն Աստված: Հոգևոր պատերազմները տարբեր են և նրանց նպատակներն էլ տարբեր է: Սատանան պատերազմ է մղել մեծ եկեղեցու դեմ, որի ներսում են փոքր եկեղեցիները` մեր ընտանիքները:
Ոչ ոք զերծ չէ այս փորձությունից, հետևաբար ունենանք համապատասխան դեղորայք մեր ընտանիքները ամբողջական պահելու համար:
«Ամուսնական արդի խնդիրներն ու պատճառները» քարոզից
Տեր Արմեն Քահանա Մելքոնյան.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 10.37-42
Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի: Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին: Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ: Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կտայ խմելու իբրեւ աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»: