ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Երբեմն հանդիպում ենք մարդկանց որոնք պնդում են, թե իրենք կարդում են Աստվածաշունչ և կարիք չունեն որևէ մեկի մեկնության: Այս նյութը վերաբերվում է նման մտածող մարդկանց: Երկու հազար է Սուրբ Գիրքը մեկնվում է հոգեկիր վարդապետների, շնորհալի հայրապետների, և բազմաթիվ լուսավոր մարդկանց կողմից, սակայն մեզ համար էլի ունի պարզեցման և բացատրության կարիք:
Կարող եք պատկերացնել, երբ մի քրիստոնյա առանց բացատրության կարդա Երկրորդ Օրենքի 21:18 համարը, որտեղ ասվում է.
«Եթէ մէկն ունի անառակ ու անզգամ որդի, որն իր հօրն ու մօրը չի լսում, որին խրատում են, բայց նա չի անսում նրանց, ապա նրա հայրն ու մայրը նրան թող տանեն իրենց քաղաքի ծերերի մօտ, իրենց հրապարակի դարպասի առջեւ, եւ ասեն իրենց քաղաքի մարդկանց. «Մեր այս որդին անառակ է ու անզգամ. նա մեր ասածը չի լսում, որկրամոլ է ու հարբեցող»։ Այն ժամանակ այդ քաղաքի մարդիկ քարկոծելով թող սպանեն նրան։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից, իսկ ուրիշներն այդ լսելով՝ կը վախենան»։
Բայց վարդապետների ուսումնասիրության և բացատրության շնորհիվ հստակ է պարագան, որ հրեա իրականության մեջ ծնողները իրենց զավակին վեց տարեկանից պարտավոր էին ուսուցանել Սուրբ Գիրքը, իսկ երբ երեխան չենթարկվեր և չպահեր դրանք, նրան նույնիսկ աղջիկ չեն տալիս հետագայում ամուսնության: Ընդունված չէր անգրագետ զավակ ունենալ: Զավակը նույնպես գիտեր, որ օրենքին չենթարկվելու դեպքում ծնողները կարող էին իր հետ վարվել վերը նշվածի պես: Այո, սա մեր կյանքում անիրագործելի երևույթ է, անընդունելի է, սակայն իր մեջ պարունակում է հոգևոր խորհուրդ, որը կարող է օգտակար լինել նաև մեր օրերում, հատկապես, որ անհնազանդ զավակների պակաս չունենք: Ըստ վարդապետների խորհուրդը հետևյալն է.
Բազում զգուշացումներից հետո պետք չէ պաշտպանել անհնազանդ զավակին, և խղճալ նրան, հատկապես, որ նա չի խղճում ոչ ոքի, առավել ևս ծնողներին: Մեր օրերում նախկին ծերերի փոխարեն կա օրենք և դատ: Երբ նրան բռնեն օրինակ թմրանյութի վաճառքի մեջ, մի պաշտպանեք նրան, մի վաճառեք ձեր տունը և ունեցվածքը` նրան ազատելու համար, թող կրի իր պատիժը, որովհետև չի լսել ծնողների խրատները: Խիստ է, այո, շատ խիստ է: Արդարացի է, այո լիովին:
Այսպես ահա բացատրության կարիք ունի Աստվածաշնչի յուրաքանչյուր գլուխ և համար, որովհետև առանց բացատրության այդ խոսքերը մեկի համար կարող է դառնալ հեռացում` Սուրբ Գրքից, վախի պատճառով, մյուսի համար կարող է դառնալ հիասթափության առիթ և երրորդի համար` ծաղր, այսօրվա հետ համեմատելու պատճառով: Ուրեմն Աստծո շնչով գրված Գիրքը կարդանք նրանց մեկնությամբ, որոնց Աստված տվել է այդ շնորհը: Գեղարվեստական գրքի միտքը չհասկանալը մեզ վնաս բերի միայն ժամանակ կորցնելու առումով, իսկ Սուրբ Գիրքը չհասկանալը` հազար ու մի անդառնալի վնաս կարող է բերել մեր հոգուն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 13.31-35
Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան ու ասացին նրան. «Վեր կաց գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կաւարտեմ: Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի: Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜-քանի անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար: Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք. “Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով”»:
Post Views: 1,110