ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
«Աստծուն փնտրելու ժամանակը կեանքն է».
2019 թվականի օրերն ու ամիսներն էլ սկսեցին նույն արագությամբ սլանալ, ինչպես նախորդը: Օրը ավարտվում է, և մեր գործերը կիսատ են մնում, մեր մտքերը զբաղված են ամենատարբեր կենցաղային հոգսերով, մեր սրտերում հազարավոր նպատակներ կան անիրագործելի: Մենք հանդիսատեսի նման ենք վարվում մեր կյանքի և Աստծո պատգամների վերաբերյալ, որոնք տրված են մեր կյանքի որակը բարելավելու և հստակ որոշումներ կայացնելու համար: Իսկ մենք այն մի կողմ ենք թողնում և ապավինում ենք մեր բանականությանը, մեր ուժին և մեր տրամաբանությանը, մինչդեռ մենք ամենքս գլխավոր դերակատարներից ենք աստվածաշնչյան յուրաքանչյուր իրադարձության:
Ամենքս էլ մեր կյանքի ինչ որ ժամանակահատվածում անառակ որդի ենք եղել, հիմար կույս ենք եղել, ուրացել ենք մեզ արված լավությունը, հավատքի մեջ թերացել ենք ու կասկածել ենք ճշմարտությանը, ժայռի վրա ենք ցանել սերմը և ավազի վրա ենք կառուցել մեր տունը: Պարտք ենք եղել և մեզ պարտք եղողին նեղացրել ենք: Ճրագը վերցրել ենք, բայց թաքցրել ենք, բարձր տեղ դնելու փոխարեն, բոլորս էլ Տիրոջ Խորհրդավոր Ընթրիքին հրավիրված ենք եղել ու անմտաբար մերժված ենք համարել անհիմն պատճառներով: Փարիսեցի ենք եղել մի օր, ու մի օր մաքսավոր ենք եղել, քանքար ենք ստացել ամենքս մեր չափով, բայց չենք դրել գործածության մեջ և թաքցրել ենք հողում համարյա միշտ: Մաքրվել ենք բորոտությունից և չենք գնացել շնորհակալություն հայտնելու այն իննի պես:
Բայց Աստված Սուրբ Գրքով միշտ հիշեցնում է, - դարձրէ՛ք ձեր սիրտը ձեր ճանապարհները, և դարձյալ ասում է, - Ես եմ ճանապարհը... և էլի ասում է,- Ինչքան նեղ է ճանապարհը, այն տանում է դեպի կյանք... Իսկ մենք միայն հանդիսատեսի նման նստած լսում ենք այս խոսքերը, առանց շտապելու:
Մեզնից յուրաքանչյուրին Աստված մի ժամանակահատվածում կանչել է ինչ որ մեկի միջոցով, և զգուշացրել է մյուսի միջոցով, ապաշխարության կոչ է արել երրորդի միջոցով ու չորրորդի միջոցով ողորմություն է ուզել: Իր Մարմինն ու Արյունն է առաջարկել մեզ, որպես փրկության միջոց` եկեղեցու միջոցով: Բայց նաև Սուրբ Գրքով զգուշացրել է Իր Սուրբ Առաքյալների միջոցով, որ այս բոլորի համար հաշիվը պահանջելու համար գալու է Ինքը` Անձամբ: Գալու է Արդար Դատաստան անելու և հատուցելու համար: Գալու է ու Իր վարձատրությունը Իր հետ է լինելու: Ահա` մեր կյանքը համառոտ, որի նկատմամբ անտարբեր ենք բոլորս` մեծ ու փոքր, իշխան ու ռամիկ, հոգևոր ու մարմնավոր, այր ու կին և առհասարակ:
Խորհենք այս մասին, Ողորմած Աստծու հետ միասին:
Անտոն Անապատականը լավ է ասում թե` «Կգա ժամանակ, երբ մարդիկ կխենթանան, ու եթե ինչ-որ մեկը ողջամիտ լինի, մյուսները նրան խենթ կանվանեն, քանի որ իրենց պես չի լինի»:
Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ներիր մեզ` մեր անգիտակից անցյալի համար, Օրհնիր մեր ապագան, որ անհայտ է մեզ և առաջնորդիր մեզ ներկայում, որպեսզի Քո խոսքով ապրենք:
Գոհություն ենք հայտնում Քեզ` նաև այս օրվա համար, որը պարգևեցիր մեզ խաղաղությամբ, օգնիր, որ խաղաղությամբ էլ ավարտին հասցնենք:
Հիշենք նաև իմաստուն սրբի խոսքերը, թե`
«Աստծուն փնտրելու ժամանակը կեանքն է:
Աստծուն գտնելու ժամանակը` մահը:
Աստծուն ունենալու ժամանակը` յաւերժութիւնը»
Օրվա ընթերցվածք.
Առակներ 8.4-11
«Ձեզ եմ աղաչում, ո՛վ մարդիկ, եւ մարդու որդիներին եմ ես բաշխում իմ խօսքը: Ո՛վ պարզամիտներ, խորագիտութի՛ւն իմացէք, խրա՛տ դրէք ձեր սրտերում, ո՛վ անխրատներ, ունկնդրեցէ՛ք ինձ, քանզի պարկեշտ խօսքեր պիտի ասեմ եւ շուրթերս պիտի բանամ ուղիղ բան խօսելու համար, քանզի իմ կոկորդը միշտ ճշմարտութիւն է բարբառում, եւ պիղծ են ինձ համար ստախօս շուրթերը: Արդար են իմ բերանի բոլոր պատգամները, եւ ոչ մի ծուռ ու թիւր բան չկայ նրանց մէջ, բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են, եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու»: Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ, գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի: 11 Իմաստութիւնը լաւ է անգին քարերից, եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան:
Post Views: 1,545