ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ:
Օրհնեալ է Ծնունդն եւ Յայտնութիւնն Հիսուս Քրիստոսի.
Սուրբ Ծննդյան բարի Ավետիսը ամեն օր պարտավորեցնում է մեզ ուրախ պահել մեր սրտերը, ինչպես որ ուրախ դեմքով ենք արտաբերում Հիսուս Մանկան Ծնունդը:
Նոր երանիներ նոր տարում:
1. Երանի նրան, որը արթնանում է, արթուն տեսնելով իր ներսի հոգևոր մարդուն.
2. Երանի նրան, որը բերանը բացում է աղոթքով, և փակում է գոհությամբ և վաստակել է լռության շնորհը:
3. Երանի նրան, որը ողջ օրը անցկացնում է հոգևոր արթնությամբ` մեծ ջանք թափելով:
4. Երանի նրան, որը իր կենցաղավարությունը համապատասխանեցնում է Աստուծո բարոյական օրենքներին, և հնարավորինս ապրում այդ կյանքով:
5. Երանի նրան, որի միտքը անվերջ երկխոսության մեջ է Աստծո հետ:
6. Երանի նրան, որը չի մոռանում, որ ինքը ստեղծված է Աստծու պատկերով ու նմանությամբ, և դեպի բարին ընթանալով ձեռք է բերում հոգևոր աճ:
7. Երանի նրան, ում հանրային ծառայությունը սկսվում և ավարտվում սիրով և ողորմությամբ, առավել` խոնարհությամբ:
8. Երանի նրան, որը հասարակաց շահը բարձր է դասում իր շահերից:
9. Երանի նրան, որ Աստծո խոսքը լսելիքի միջոցով ներծծվում է արյան մեջ, իսկ Սուրբ Հաղորդությամբ կապի մեջ է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ:
Երանի նրան, ով այս 9 երանիները ունի իր մեջ:
Աստվածաշնչի մի մեկնաբան ասում է...
Աստվածաշունչ կարդալը նման է անձրևաջրին, որ լվանում է փոշին, իսկ սերտելը` անձրևաջրով փափկացնել հողը, որից հետո դյուրին կլինի թափանցել խորին շերտերը...
Ովքեր տարիք և փորձառություն ունեն, նրանք կարող են համամիտ լինել այս մտքի հետ, որովհետև մեր մեջ եղած որևէ բարի բան հաստատվում է աստվածճանաչողությունից հետո:
Միայն Աստվածաշնչից հետո մենք հասկացանք, որ, եթե ծառա ենք Աստծո, ուրեմն տերն ենք ազատության, իսկ եթե տերն ենք մեր կրքերի, ուրեմն ծառա ենք մեղքին:
Մեր էության մեջ կա երեք ոսկե որակներ` երեք շնորհներ...
համբերություն, չափի զգացողություն, լռելու կարողություն: Չնայած նրանք մեր կյանքում ավելի շատ են օգնում մեզ, սակայն մենք միշտ գործի ենք դնում շտապողականությունը, անժուժկալությունը, և ինքնավստահությունը:
Բոլորս գիտենք, որ մենք հյուր ենք այս աշխարհում, ուրեմն պետք չէ, որ այդքան ամուր կապերով կապվենք աշխարհի հետ, հյուրը ժամանակավոր է ամենուր:
Իսկ եթե ժամանակավոր ենք այս կյանքում, արժե՞ նեղացնել որևէ մեկին ժամանակավոր բաների համար: Այսօ՛ր մտածենք այս մասին և եթե խոսք ունենք ասելու մեկին, ուրեմն մեր խոսքը թող խաղաղությամբ հանգրվանի դիմացինի ականջում, ոչ թե գրգռի նրան ողջ օրը: Դարձյալ ամեն ինչի կհասնենք խոնարհությամբ հետևելով և հնազանդվելով Աստծո անսուտ, անկեղծ և իսկական բարեկամական խոսքին` որ է Ավետարանը և եկեղեցին:
Փառք Աստծուն` Իր կատարյալ բարիքների համար:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 2.1-7
Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ ամբողջ երկրում մարդահամար անելու համար: Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում: Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում: Յովսէփն էլ, Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով, Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար:
Post Views: 1,056