Գյուղական եկեղեցու քահանան գալիս է եպիսկոպոսի մոտ և սրտնեղությունից հուզված բողոքում է նրան իր ծառայության վայրի բնակիչների անտարբերությունից, ծեսերի և խորհուրդների նկատմամբ նրանց դրսևորած սառնասրտությունից և անտեղյակությունից:
- Գյուղում ո՛չ մկրտություն կա, ո՛չ պսակ, ո՛չ Պատարագ են գալիս, ժամերգությանն էլ 3 հոգի են, որից մեկը իմ երեցկինն է, - ասում է քահանան:
Եպիսկոպոսը լսում է, և երկար լռությունից հետո ասում է,- - Լսի՛ր, թե քեզ ինչ հանձնարարություն եմ տալիս օրհնությամբ, որը գուցե տարօրինակ է, և դժվար, բայց պարտավոր ես այն կատարել ամեն գնով:
Համաձայնվում է քահանան, քանի որ գյուղի հոգևոր վիճակը ծայրահեղ անմխիթար էր նկատում ինքը:
- Դու նախ շրջիր գյուղում` տնետուն և գրիր բոլորի անունները մեծից փոքր, և ամեն օր գիշերը 12 ից հետո աղոթիր նրանցից յուրաքանչյուրի համար, կարդա աղոթքներ, սաղմոսներ, շարականներ,
Սուրբ Գրքից կարդա, մի խոսքով ինչպես ուզում ես կարդա, և դա թող տևի 2 ժամ: Այնուհետև գիշերով վերցրու մի երկար փայտ, ու հերթով բոլորի պատուհանները թակիր,
և երբ նրանք դուրս կգան, դու փախիր:
Այս տարօրինակ առաջադրանքը վերցրած անհույս քահանան անցնում է գործի և երկու ամիս հետո ճարահատ վերադառնում է եպիսկոպոսի մոտ բողոքելու, որ արդյունք չկա, չնայած որ ինքը ամեն օր է կատարել տրված հանձնարարությունը:
-Արդյունքի մասին խոսելը վաղ է, շարունակիր, պատասխանում է առաջնորդը և օրհնությամբ ճանապարհում քահանային:
6 ամիս անց երջանկությունից թռչկոտող քահանան շտապում է եպիսկոպոսի մոտ` հայտնելու ուրախ լուրը:
- Դուք չեք պատկերացնի, սրբազան հայր, մեր գյուղում յուրաքանչյուր երկրորդ տանը հղի կին կա, շուտով ինչքան մկրտություն կլինի եկեղեցում...
- Տեսնո՞ւմ ես, ինչքան լավ է մարդկանց ժամանակին արթնացնել քնից, ասում է առաջնորդը հավաքված հոգևորականներին, որոնց ներկայությամբ էր պատմում ուրախացած և ժողովրդին ժամանակին արթնացնող քահանան:
-Ուրեմն, սիրելի հայրեր, ոտքի կանգնելով ասում է եպիսկոպոսը, ձեր սուրբ պարտքն է աղոթել Աստծուն` մարդկանց համար, և արթնացնել մարդկանց ժամանակին` Աստվածաշունչ կարդալու և Աստծուն դառնալու համար:
Այս հրաշալի, և իրական դեպքի մասին լսել եմ քարոզներից մեկի ժամանակ, և քանի որ նույն վիճակում մենք ենք քնած, կամեցա ձեզ էլ փոխանցեմ սիրով: