Հա՛յր իմ, եթե մեկը մի բան է խնդրում, ինչպե՞ս տամ սիրալիրությամբ, երբ ես կասկածում եմ սկզբից: Քանզի երբ ստիպողաբար եմ տալիս, ապա հոգիս լինում է դաժան և դժգոհ:
-Եթե գիտես, որ խնդրողը կարիքից ելնելով է խնդրում, տո՛ւր նրան ուրախությամբ, որպես թե տալիս ես Աստծո պարգևներից: Հենց սրանում է կայանում սիրալիրությունը: Իսկ եթե գիտես, որ նա խնդրում է առանց կարիքի, մի՛ տուր նրան, այլ ասա՛՝ ինձ պատվիրան է տրված աբբայի կողմից՝ ոչինչ չտալ նրանց, ովքեր կարիք չունեն, և դա չի՛
լինի դաժանություն: Տերը թող իմաստացնի քեզ:
-Պատահում է, որ ես սիրո ճաշ եմ տալիս եղբայրներին, և դրա համար ինձ փառաբանում են, արդյոք ինձ վնասակար չէ՞ դա, և ավելի լավ չէ՞ գաղտնի անել այն՝ աբբայի միջոցով, թե՞
ես ինքս անեմ, որպեսզի սովորեմ: Եվ ինչպե՞ս, հա՛յր իմ, ազատվեմ այդ փառքից, քանի որ այն հետևում է մարդու թե՛ արդար և թե՛ անարդար գործերին:
-Դու պետք է ուշադիր լինես այս երկու դիտավորությունների նկատմամբ, քանզի դրանք սնափառելու առիթ են տալիս: Աբբայի միջոցով ավելի հեշտ է ճաշ տալ, քանզի այդ դեպքում քեզ հարկ կլինի պայքարել միայն սեփական սրտիդ հետ: Իսկ եթե ինքդ քեզնով անես դա, ապա քեզ սպասում է երկակի պայքար, ոչ միայն սեփական սրտի հետ, այլև մյուս մարդկանց կարծիքների հետ: Փառասիրությունից և սնափառությունից ազատ լինել կարող են միայն նրանք, ովքեր իրենց միջից հանել են հին մարդուն: Տերը թող շնորհի քեզ այդ
ազատությունը Հիսուս Քրիստոսով՝ մեր Տիրոջով, Որին փա՜ռք
-Երբ ես Պատարագի արարողության ժամանակ աչքերս փակում եմ, մտքերս ժողովվում են: Բայց արդյոք դա լա՞վ է: Միգուցե, կողքիս կագնած իմ եղբայրներին տարօրինակ թվա, և նրանք գայթակղվեն:
-Եթե մտքերդ իսկապես ժողովվում են, երբ արարողության ժամանակ հանուն Աստծո փակում ես աչքերդ, ապա ոչ մեկի վրա ուշադրություն մի՛ դարձրու, թեկուզ դա, ինչպես դու ես ասում, տարօրինակ թվա քո կողքին կագնած եղբայրներին:
-Եթե ինձ հետ գտնվող եղբայրները ինչ-որ բանում մեղանչեն, ինչպե՞ս շտկեմ նրանց առանց խռովքի:
-Եթե սրտիդ մեջ տպավորես Աստծո կամքը, ապա չես խռովվի, այլ ձեռք կբերես բարի սովորություն, ինչպես և հայրերը, իսկ եթե մոռանաս այն և ոգևորվես իբրև մարդ, ապա ասա Աստծուն զղջումով. «Ների՛ր ինձ, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ», և ասա քեզ հետ գտնվող եղբայրներին.
«Զգուշացե՛ք, եղբայրնե՛ր, քանզի դրա միջոցով մենք մեզ ենթարկում ենք դատապարտության և կործանում ենք մեր հոգիները», և մի՛ խոսի՛ր չափազանց բարձր, այլ այնպես միայն, որ լսելի լինի: Եթե քեզ կրթես այդ բանում, կհասնես նաև այնպիսի հոգեվիճակի, որը հաճելի է Աստծուն:
Հոգևոր Հայրեր