ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Աստված Սուրբ է և կատարյալ.
Մարդը մեղանչող է և անկատար:
Մարդուն Աստված է պետք մեղքից ազատվելու համար:
Աչքերիդ հետ ուխտ կնքիր. լեզուդ վարժեցրու լռության և աղոթքի:
Կրթիր աչքերդ համացանցում, չկարդալով անբարո նյութեր, չնայելով անբարո տեսանյութեր, կամ միայն մարմնավոր հաճույք պատճառող նկարներ և կադրեր, այլ սովորեցրու քո աչքերին իրենց իսկական առաքելության նպատակը: Հիշիր, Սուրբ Մկրտության ժամանակ աչքերդ նույնպես Մյուռոնով դրոշմվեց, որպեսզի զերծ մնա անվայել բաներ նայելուց:
Եվ այսպես ամեն օր կրթիր մի զգայարան և շուտով կրթված կլինես, ինչը ամենևին կապ չունի բարձրագույն կրթության հետ: Այս կրթությունը մեզ տալիս է Աստված մեր կյանքը շիտակ
ապրելու համար... Փառք Աստծուն այս պարգևի համար. Մի ասա համացանցը հեղեղված է վատ նյութերով, ես մեղավոր չեմ: Չէ որ շուկայում դու փնտրում և գտնում ես առողջ սննդամթերք և հոտած միրգ չես գնում: Նույնն էլ այստեղ է` ինտերնետում է: Վերջապես ոտքերը տանում են այնտեղ, ուր աչքերը մի բան են տեսել..
Հարց տանք մեզ ամեն օր քնելուց առաջ.
Ո՞ւր էր մեր սիրտը ողջ օրվա ընթացքում, և պարզ կլինի, թե ինչպիսի գանձեր ենք կուտակել, և հատկապես որտե՞ղ են կուտակել այդ գանձերը` երկնքո՞ւմ թե երկրի վրա...
«Քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն» Մտ.6:22
Մարդկանց մի մասը ի սեր Աստծո աղոթում է, բարիք է գործում, ողորմություն է անում, ապավինում է Աստծուն, և ապրում է չափավոր կյանքով:
Մի մասը կեղծիքի մեջ է, դավ է նյութում, հարստություն է դիզում և իր կարծիքով վայելում է իր ստեղծած բարիքները, ոչ թե Աստծու պարգևները,
Աստծու երկյուղը չունենալով իր սրտում, վնասում է նաև այլոց` իր օրինակով:
Մի մասը գաղջ վիճակում է գտնվում, անմասն է թե` առաջինից, թե` երկրորդից...
սակայն Աստված աշխարհը պահում է անսասան, ուրեմն կարելի է վստահ լինել, որ առաջին խմբի մարդկանց թիվը գերազանցում է մյուս խմբերի թվին:
Աստված չի շտապում մեզ պես, սպասում է մինչև երկրորդ և երրորդ խմբերը միանան առաջին խմբի մարդկանց: Ուրեմն շտապենք համալրել առաջին խմբի շարքերը:
Սկսենք մեր օրը` առանց մեղավոր փնտրելու մեր կյանքում և հիշենք Սուրբ Գրիգոր Տաթևացու այն խոսքը, թե`
«Եթե հրեշտակը ընկավ միայն մեկ մեղքի` հպարտության պատճառով, ինչ կլինի մեզ հետ, որ ունենք բոլոր յոթ մահացու մեղքերը..»
Եթե երբևէ մտքովդ կանցնի, որ Ադամն էր մեղավոր ամեն ինչի համար, ապա հիշիր, որ նա ամենևին փորձ չուներ, իսկ դու այդքան փորձառու լինելով, չես հետևում Կատարյալ Ադամին` Հիսուս Քրիստոսին, Որը քեզ ամեն ինչ սովորեցրեց:
Եթե երբևէ մտքովդ կանցնի, որ Եվան էր մեղավոր, ով կին, որը նույնպես փորձ չուներ, ապա քեզ համար եկավ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը` իր հեզության ու խոնարհության կատարյալ օրինակով: Մոռացիր Եվային ու Սուրբ Աստվածածնին հետևիր, նրա բարեխոսությունը խնդրիր իր Որդու առաջ քո մեղքերի համար: Հեշտ է մեղադրել անփորձին, որը ընկավ, սակայն դժվար է, երբ նույն փոսի մեջ դու ես ընկնում, փորձառու լինելով հանդերձ: Թող Ողորմի մեզ Տերը` մեր անհնազանդության ու անհեռատեսության համար:
Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Բարձրյալն Աստծո, ողորմիր մեզ` անշուք մեղավորներիս:
Օրվա ընթերցվածք.
Իմաստություն Սողոմոնի 6.22-26
22 Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ, եթէ իշխանութեան գահեր եւ մականներ էք տենչում, ապա պատուեցէ՛ք իմաստութիւնը, որպէսզի յաւիտեան թագաւորէք: 23 Իսկ թէ ի՞նչ է իմաստութիւնը եւ ինչպէ՞ս է ծագել այն, ես կպատմեմ. 24 ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կքննեմ արարածների ստեղծման սկզբից եւ կբացայայտեմ նրա իմացութիւնը: 25 Ես չեմ շեղուի ճշմարտութիւնից եւ ոչ էլ նրան կհետեւեմ այն անձի նման, որ մաշուել է նախանձից, քանի որ այդպիսի մէկը հաղորդ չէ իմաստութեանը: 26 Իմաստունների բազմութիւնն աշխարհի փրկութիւնն է, իմաստուն թագաւորը՝ ժողովուրդների ամրութիւնը:
Post Views: 1,451