Եթե դու տրտմել ես Իսկարիովտացի Հուդայի արարքից, որը մատնեց Հիսուս Քրիստոսին, ապա ինչո՞ւ ես անիրավում քո մերձավորին, ծանոթին ու անծանոթին:
Եթե վատ զգացիր Պետրոսի ուրացումից, ապա դու հավատարիմ եղիր Տիրոջը քո փորձությունների ժամանակ:
Եթե զարմանում ես, որ տասը բորոտներից միայն մեկը վերադարձավ, որպեսզի փառաբանի Աստծուն, ապա ո՞ւր ես դու կիրակի օրերը, երբ եկեղեցում Պատարագ է մատուցվում:
Եթե սրտնեղում ես Պիղատոսի սառնասրտությունից, ապա դու ճշմարտության կողմը կանգնիր և անաչառ եղիր մարդկանց դատելիս:
Եթե երբևէ կմեղադրես Թովմասին` իր թերահավատության համար, ապա հիշիր ինչ ասաց մեր Տերը այդ ժամանակ. «Երանի նրանց, որոնք հավատում են առանց ինձ տեսնելու»:
Դու նրանցի՞ց ես, որոնք հավատում են առանց տեսնելու...
Եթե քեզ զարմացրել է հիմար կույսերի անպատրաստությունը` Տիրոջ դիմավորելու համար, ապա ստուգիր քո լապտերը, գուցե քո լապտերո՞ւմ էլ յուղ չկա վաղուց...
Մեղադրո՞ւմ ես մեծահարուստ երիտասարդին, որը տրտմեց, երբ լսեց թե ունեցվածքը պետք բաժանի աղքատներին, որպեսզի կատարյալ լինի, ապա նայիր շուրջդ քանի աղքատ կա...
Այսպես կարող ենք խոսել Ավետարանի հետ, բացահայտելով մեր բացթողումները և անհիմն մեղադրանքները այլոց հասցեին:
Ամեն ոք հրավիրված է դառնալու Աստծո տաճար:
Ցանկացողները դառնում են մատուռ:
Ջանացողները դառնում են եկեղեցի:
Քրտնաջան փափագողները դառնում են տաճար:
Իսկ ոմանց հաջողվում է այդ հոգևոր տաճարում կառուցել նաև Սուրբ սեղան, որ է մարդու սիրտը: Այնուհետև Աստված հաճույքով բազմում է այդ հոգևոր տաճարի Սուրբ Սեղանին, և այդ տաճարը անուշահոտություն է բուրում և դեպի իրեն է ձգում ցանկացողներին: Երբ միտքդ է մաքուր, օգուտը քոնն է, երբ մաքուր են նաև գործերդ, օգուտը հասարակաց է:
Նորոգվելը քրիստոնյայի կյանքում դժվար գործընթաց չէ, սակայն նորոգված կյանքի մեջ մնալը դյուրին չէ և զոհողություն է պահանջում: