ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Այսօր եկեղեցում կարդացվում է տասը կույսերի առակը (Մատթ 25:1-13)
Երեկոյան ժամերգության ժամանակ Ավետարանի ընթերցանության ընթացքին, երբ կարդացվում է տասը կույսերի առակը, սովորություն է նաև, որ տասը աղջիկների ատյան հրավիրեն, տասը մոմեր բաժանեն նրանց, ու ծալված տասը թղթեր տան. այդ թղթիկների վրա գրված է լինում «հիմար» և «իմաստուն» բառերը: Նրանցից հինգի ձեռքերին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի՝ հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին: Նրանց, որ «հիմար» գրված թուղթն է վիճակվում վիճակահանության ժամանակ, մարում են իրենց մոմերը: Այս պատկերը արվում է առակի խորհուրդը ավելի պատկերավոր և հասկանալի դարձնելու համար: Տասը կույսերը մենք ենք` հավատացյալներս, այսինքն մարդկային ազգը, որը պիտի կանգնի Տիրոջ առջև ժամանակին իր բարի և չար գործերով գնահատվելու համար: Շատ կարևոր է թե մեր լապտերները ինչ վիճակում են մեր ապրա՛ծ կյանքի ընթացքում, ինչքանով ենք մենք պատրաստ Տիրոջ հետ հանդիպելու: Ինչպես ենք սպասում Տիրոջը, որի գալը անակնկալ է բոլորիս համար: Առակի խորհուրդը և պատգամը ահազանգ է բոլորիս արթուն լինել ամեն պահ, որպեսզի հանդիպումը Տիրոջ հետ խուճապ չառաջացնի: Այսօր է ժամանակը շտկվելու, քանի ցերեկ է: Բոլորիս համար էլ մի օր կլինի գիշեր: Գործի դնենք յուրաքանչյուրս մեզ բաժին հասած քանքարը, ջանանք ավելիով վերադարձնել այն Պարգևատուին: Իսկ երբ գա ոչխարները այծերից զանազանելու ժամանակը, չլսենք այն սարսափելի պատասխանը. «Ձեզ չեմ ճանաչում»...
Եթե մենք այսօր քնած մնանք և չլսենք, թե ինչ քարոզվեց եկեղեցում օրվա խորհրդի վերաբերյալ, կամ տանը չկարդանք օրվա խորհուրդը Ավետարանից, ապա պատասխանը տխուր կլինի...
Ո՜վ Տեր մեր Հիսուս Քրիստոս. Քո բոլոր առակները մեզ համար պատգամ ու խրատ են, որոնց միջոցով անդադար աղոթում ենք Քեզ, ապավինելով Քո մեծ գթությանն ու ողորմածությանը: Որովհետև մեր հոգին մոռանում է իր ազնիվ ծագումը և հաճախ ընկնում է անպարկեշտության չարիքի մեջ: Արդ այս առակի միջոցով ընդունիր մեր աղաչանքը և օրհնիր մեզ, որպեսզի իմաստուն կույսերի օրինակով լցնենք մեր կյանքը, և Քո տված քանքարը ավելիով վերադարձնենք Քեզ: Որպեսզի մեր կոչման օրը արժանանանք լսել Քո երանավետ ձայնը և փառավորենք Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին հավիտյանս հավիտենից. Ամեն.
Տասը կույսերը երեկ և այսօր:
Եթե առաջին դարերում կույսերը Քրիստոսի սիրո համար կամավոր հալածվում և նահատակվում էին, այսօր կույսերը Քրիստոսի սիրո համար կամավոր ծառայում են եկեղեցու երիտասարդական միություններում, ծանոթանալով սովորելով առաջին կույսերի անսասան հավատքի, աներկբա նահատակության ու նրանց սուրբ վարքի մասին: Եթե զուգահեռներ անցկացնենք առաջին դարերի և մեր օրերի միջև, ապա կտեսնենք, թե ինչ երանելի վիճակում ենք մենք գտնվում քրիստոնեաբար ապրելու առումով, աղոթքի համար ունենք Քրիստոսի հիմնած առաքելահիմն եկեղեցին, դաստիարակության համար ունենք առաջին սրբերի վարքը, Աստվածաշնչի սերտողության համար եկեղեցում ունենք հոգևոր հայրեր: Ոչինչ մեզ չի խանգարում, որպեսզի միաբանվենք մեր սուրբ եկեղեցու շուրջ և կյանքի կոչենք մեր տիրոջ խոսքը որ ասում է. «Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»: Գոհություն Քեզ Տեր Աստված:
Օրվա ընթերցվածք.
Եսայու մարգարեությունը 40.9-17
9 Ե՛լ այդ բարձր լեռան վրայ, ո՛վ աւետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ աւետաբերդ Երուսաղէմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր եւ յայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին. 10 «Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են: 11 Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին»: 12 Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով: 13 Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար: 14 Կամ թէ ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, եւ կամ ո՞վ նրան ցոյց տուեց արդարադատութիւնն ու իմաստութեան ճանապարհը կամ անցեալում ո՞վ փոխ տուեց իրեն, որ հատուցի նրան: 15 Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը: 16 Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն, 17 եւ բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչութիւն են համարւում: