«Սեր» բառը մինուճար է, բայց շատ բարեկամներ ունի.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Մեր կյանքում և կենցաղավարության մեջ սիրո գործերը ավելի կարևոր են, քան կեղծ սիրո արտահայտության դրսևորումը բառերով արտահայտված: Կենցաղում և մարդկային հարաբերություններում մենք անվերջ բախվում ենք ևս մեկ կարևոր խնդրի, որը կամ հաղթահարում ենք, կամ ոչ: Դա բոլորին սիրելու հարցն է:
«Սիրեք միմյանց» պատվիրանը երբեմն մեզ մտածելու տեղիք է տալիս այն առումով, որ չենք ուզում մերժել Աստծո խոսքը, բայց միևնույն ժամանակ չենք կարող սիրել մի մարդու, որի կյանքին ու վարքին ծանոթ ենք, և այն չի բխում քրիստոնեական մեր պատկերացումներից: Սա դարձյալ «սիրել» բառի մինուճար լինելու պատճառով է: Մենք սիրել պատկերացնում ենք մի տեսակ: Օրինակ` մեր երեխային, մեր ծնողին, մեր Հայրենիքը, մեր եկեղեցին, մեր բարեկամը: Մենք չենք կարող սիրել մեր ճանաչած բոլոր մարդկանց:

Երբ մենք չենք սիրում որևէ մեկին, պայման չէ, որ նրան ատենք, բայց պարտադիր պայման է, որ նրան կարիքի մեջ եղած ժամանակ օգնենք, խրատենք` եթե կարիքը կա, ընկած է` բարձրացնենք: Պարտավոր ենք օգնել և վատ չզգալ, որ առանձնապես չենք սիրում: Սիրելն էլ միանգամից չի տրվում մարդուն: Մենք նախ պետք է բազմաթիվ սիրո գործեր անենք, որպեսզի սիրելը դառնա մեր կյանքի բաղկացուցիչ մասը: Օրինակ` երբ մենք չլուսաբանենք մեկի վատ արարքը` դեռ սիրել չէ, այլ սիրո գործ: Սիրո գործերը պետք է մեզ պարտադրելով անենք, որպեսզի իրական սերը մոտենա մեզ: Օրինակ զրույցի ժամանակ պարտադրենք մեզ չասել մի բան, որը կարող է վիրավորել զրուցակցին, կամ խոսելիս ավելորդ մտքեր չարտահայտենք, որոնք մեզ չեն վերաբերում, առավել ևս երբ տեղյակ չենք երևույթին: Մեզ պարտադրելը շատ հեշտանում է, երբ այդ պահին մեր մտքում ասում ենք. «Տեր իմ, ճիշտ է, ես Քեզ չեմ տեսնում, բայց համոզված եմ, որ Դու ինձ տեսնում ես ամեն ժամ, ես լռում եմ միայն հանուն Քեզ, օգնում եմ միայն հանուն Քեզ, օգնիր ինձ գոնե այս բանը միշտ հիշել»: Ուրեմն արա հանուն Աստծո, խոսիր հանուն Աստծո և լռիր հանուն Աստծո:

Թե չէ աղավաղվել են սիրո կերպերը:
Սիրել, չի նշանակում հաճոյախոսել, քծնել, գլուխը շոյել, անհարկի պաշտպանել կամ անհարկի ծափահարել: Մեծագույն և Կատարյալ Սերը`Տեր Հիսուս Քրիստոս խարազանով տաճարից դուրս արեց այն պղծողներին: Բազմիցս հանդիմանեց իր համար ծուղակ պատրաստողներին, իրեն փորձողներին, բայց երբ ժամանակը եկավ Նա խաչվեց մարդկության համար` սիրուց դրդված: Մեր երեխային սիրելով սաստում ենք, հանդիմանում ենք, հարկ եղած դեպքում պատժում ենք, հակառակ իր կամքի տանում ենք բժշկի, քանի որ այն բխում է իր շահերից:

Աղավաղված են սիրո տեսակները մեզանում:
Սիրել նշանակում է անձի բարիքի համար հոգ տանել, նրան վատություն չկամենալ, չար չխորհել նրա մասին և հոգևոր կապի մեջ լինել նրա հետ: Հասկանալ, թե ինչ է սիրելը, ավելի կարևոր է, քան կեղծ բարեպաշտության օրինակները և այդքան կրկնվող «սիրում եմ բայը»:

Օրվա ընթերցվածք.

Իմաստություն Սողոմոնի 1.11-15

11 Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին: 12 Ձեր կեանքի մոլորութեամբ ձեզ մահ մի՛ ցանկացէք եւ մի՛ սպանէք ձեր անձերը ձեր իսկ ձեռքերի գործերով: 13 Արդարեւ, Աստուած մահ չի ստեղծել եւ նա չի ուրախանում ողջերի կորստեան համար: 14 Նա ամէն ինչ հաստատել է լինելու համար, եւ աշխարհի գործերը փրկութեան համար են: Ո՛չ մահաբեր թոյն կայ նրանց մէջ, ե՛ւ ոչ էլ դժոխքի թագաւորութիւն՝ երկրի վրայ, 15 որովհետեւ արդարութիւնը անմահ է: