ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Փոքր ծուլությունը մեզ կարող է ենթարկել մեծ վտանգների: Վերջերս ես գնացի մի եղբոր մոտ և, գտնելով նրան հիվանդությունից ուժասպառ վիճակում, զրուցեցի նրա հետ և իմացա, որ նա ընդամենը յոթ օր է ջերմել, և ահա անցել է ևս քառասուն օր, իսկ նա տակավին ուժ չի գտնում իր մեջ: Տեսնո՞ւմ եք, եղբայրնե՛ր, թե ինչպես է տառապում նա, ով ընկնում է իրեն ոչ հատուկ վիճակի մեջ: Մեկ ուրիշն էլ բնավ չի հոգում իր մարմնի փոքր խանգարումների համար և չգիտի, որ եթե մարմինը թեկուզ դույզն-ինչ տառապի, և հատկապես եթե այն տկար է,
ապա հարկավոր են բազում ջանքեր և ժամանակ, մինչև որ այն կատարելապես ապաքինվի: Յոթ օր է հիվանդ եղել այս խեղճը, և ահա որքա՜ն օրեր են անցել, իսկ նա տակավին հանգիստ
չի գտնում և չի կարողանում ամրանալ: Այդպես է լինում և հոգու հետ. մեկը սակավ մեղանչում է, իսկ որքա՜ն ժամանակ է անցկացնում նա հետո՝ հեղելով իր արյունը, մինչև որ ուղղում է իրեն: Սակայն մարմնավոր հիվանդությունների պատճառները տարբեր են լինում. կամ բժիշկն է անփորձ լինում և մի դեղի փոխարեն մեկ ուրիշն է տալիս, կամ հիվանդն է իրեն անկարգ պահում և չի կատարում բժշկի նշանակումները:
Հոգու պարագայում այլ կերպ է լինում: Մենք չենք կարող ասել, որ բժիշկը, հմուտ չլինելով, չի տվել հարկավոր դեղամիջոցը:
Քանզի հոգիների բժիշկը Քրիստոսն է, Ով ամեն բան գիտի և ամեն մի կրքի դեմ տալիս է իրեն համապատասխան դեղամիջոցը. այսպես փառասիրության դեմ Նա տվեց խոնարհամտության պատվիրանը, հեշտասիրության դեմ՝ ժուժկալության պատվիրանը, արծաթասիրության դեմ՝ ողորմության պատվիրանը, և մի խոսքով, յուրանքանչյուր կիրք, որպես բուժամիջոց, ունի իրեն համապատասխան պատվիրանը: Եվ այսպես, չի կարելի ասել, որ բժիշկը հմուտ չէ, նմանապես, որ դեղամիջոցները հին են և չեն ներգործում, քանզի Քրիստոսի պատվիրանները երբեք չեն հնանում, քանզի որքան ավելի ենք դրանք կատարում, այնքան ավելի են դրանք նորոգվում: Դրա համար էլ ոչինչ արգելք չի հանդիսանում հոգևոր բժշկությանը, բացի անձի անօրենությունից:
Եվ այսպես, ուշադի՛ր լինենք մեր հանդեպ, եղբայրնե՛ր, և ճգնե՛նք, քանի դեռ ժամանակ ունենք: Ինչո՞ւ մենք չենք հոգում մեր մասին: Գոնե մի բարի բան անո՞ւմ ենք, որպեսզի օգնություն գտնենք փորձության ժամանակ: Ինչո՞ւ ենք մենք մեր կյանքը կործանում: Մենք այսքա՜ն լսում ենք և չենք հոգում մեր մասին և արհամարհում ենք ամեն բան: Տեսնում ենք, թե ինչպես են մեր եղբայրները հափշտակվում մեր միջից, և դարձյալ ուշք չենք դարձնում մեզ վրա, մինչդեռ գիտենք, որ մենք ևս կամաց-կամաց մերձենում ենք մահվան: Ահա, այն պահից, երբ մենք նստեցինք զրուցելու, մինչև այս ժամը մենք ապրեցինք մեր դարի երկու կամ երեք ժամը և մոտեցանք մահվան, և տեսնելով, որ կորցնում ենք ժամանակը, չենք սարսափում: Ինչպես մենք չենք հիշում այն ծերի խոսքը, որ ասաց, թե՝ եթե մեկը կորցնում է ոսկի կամ արծաթ, ապա դրա փոխարեն նա կարող է գտնել ուրիշը, իսկ եթե ժամանակն ենք կորցնում՝ ապրելով պարապության ու ծուլության մեջ, ապա չենք կարող գտնել ուրիշը կորցրածի փոխարեն: Արդարև, մենք հետո պիտի փնտրենք գոնե մեկ ժամը այս ժամանակից և չպիտի գտնենք այն: Որքա՜ն մարդիկ են ցանկանում լսել Աստծո խոսքը և չեն ստանում ցանկալին, իսկ մենք այսքա՜ն լսում ենք և զանց ենք առնում այն և չենք խանդավառվում: Աստված գիտի, թե ես ինչպե՜ս եմ զարմանում մեր հոգիների անզգայության վրա, որ մենք կարող ենք փրկվել և չենք ուզում. քանզի քանի դեռ մեր կրքերը տակավին նորածիլ են, մենք կարող ենք հատել դրանք, սակայն մենք չենք հոգում այդ մասին և թույլ ենք տալիս, որ դրանք զորանան մեր դեմ, որպեսզի հասնենք վատթար վախճանին: Քանզի այլ բան է, ինչպես բազմիցս ասել եմ ձեզ, արմատախիլ անել փոքրիկ տունկը, որովհետև այն հեշտ է դուրս գալիս, և այլ բան՝ արմատախիլ անել մեծ ծառը:
Դրա համար էլ ես ձեզ միշտ ասում եմ. թույլ մի՛ տվեք, որպեսզի որևէ մի կիրք ձեզ մոտ վերածվի սովորության, այլ ճգնեցե՛ք և աղոթեցե՛ք Աստծուն օր ու գիշեր, որպեսզի փորձության մեջ չընկնեք: Իսկ եթե մենք որպես մարդիկ պարտվենք էլ և ընկնենք մեղքի մեջ, ապա ջանանք իսկույն ոտքի կանգնել, զղջա՛նք, լա՛ց լինենք Աստծո բարերարության առջև, արթո՛ւն լինենք և ճգնե՛նք: Եվ Աստված, տեսնելով մեր խոնարհամտությունը և սրտի կոտրվածությունը, մեզ օգնության ձեռք կմեկնի և Իր ողորմությանը կարժանացնի, քանզի Նրան է վայելում անմենայն փառք, պատիվ և երկրպագություն հավիտյանս: Ամեն:
Աբբա Դորոթեոսի խրատական խոսքերից.
Օրվա ընթերցվածք.
Թուղթ եբրայեցիներին 3.1-6
1 Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, որ մասնակից էք երկնաւոր կոչմանը, նայեցէ՛ք Յիսուս Քրիստոսին, որին Աստուած ուղարկեց՝ լինելու Քահանայապետն այն հաւատի, որ խոստովանում ենք մենք. 2 նա հաւատարիմ էր իր Արարչին, որ նրան կարգեց այս պաշտօնին, ինչպէս որ Մովսէսն էլ հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ. 3 որովհետեւ նա առաւել փառքի արժանի եղաւ, քան Մովսէսը, ինչպէս որ տունը կառուցողն աւելի պատիւ ունի, քան տունը. 4 արդարեւ, ամէն տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է: 5 Մովսէսը հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ որպէս ծառայ՝ վկայելու համար ասուելիք խօսքերը. 6 իսկ Քրիստոս՝ իբրեւ որդի՝ նրա տան վրայ: Նրա տունը մենք իսկ ենք, միայն թէ վստահութիւնը եւ յոյսի պարծանքը մինչեւ վերջ հաստատ պահենք:
Post Views: 876