ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Ընչասիրության ախտերը մեծ չարիքներ են, բայց ամենից մեծ չարիքը փոխ տվածի համար տոկոս վերցնելն է. այն մշտապես նախատվում և պարսավվում է և՛ Հին, և՛ Նոր Կտակարաններում, և պատուհասվելով չարապես պատժվում են վաշխ և տոկոս փնտրողները. նրանք, ովքեր Աստծու պատվիրաններին հակառակ` իրենց արծաթը վաշխով են տալիս և տոկոսով են պահանջում այն, անամոթաբար ուտում են տնանկների մարմինը, անողորմաբար խմում են նրանց արյունը և չեն լսում Եզեկիել հոգելից մարգարեին, ով մեծամեծ չարիքների մեջ է դնում փոխերի տոկոսները և այն իր պղծությամբ համեմատում է կռապաշտության հետ` ասելով. «Իսրայելի տունը կուռքերով պղծվեց, որովհետև տոկոս պահանջեց»:
Իսկ Մովսեսն ասում է. «Քո եղբորը վաշխով արծաթ չտա՛ս, որովհետև այն անօրինություն է Աստծու առջև» Բ Օր. 23: 19. որ և երկնային խորաններից դուրս է դնում նրանց,
ովքեր վաշխ և տոկոսներ են պահանջում: Իսկ Դավիթ մարգարեն ասում է. «Նա, ով իր արծաթը վաշխով չի տալիս և իրավունքի դեմ կաշառք չի վերցնում, հավիտյան չի սասանվի»
[Սաղմ. 14:5 Մյուս մարգարեն ասում է. «Ով լեռների վրա զոհաբերվածը չի ուտում, վերադարձնում է պարտապանի ավանդը, վաշխ և տոկոս չի պահանջում, արդար է նա և ապրելով պիտի ապրի»:
Իսկ նրանք, ովքեր վաշխ և տոկոս են պահանջում, ընդդիմանում են Աստծու պատվիրաններին, հակառակվում են Հոգու հրամաններին, քանզի անօրենություններով չարաչար գործադրում են Հոգու հրամաններով արգելվածը: Եվ այնքան անօրեն են տոկոսով փոխ տալու ախտերը. մինչև իսկ բռնությամբ որդի է փնտրում ամուլ արգանդից, պտուղ է որոնում ապառաժ քարերից, առանց սերմերի կամենում է արդյունք ժողովել, արուներից ծնունդներ պահանջել, քարից կաթ կթել, քարերից բուրդ ստանալ. Լիովին վերցնում է արծաթը, որ փոխ է տվել, առանց սերմանելու հանդգնում է արդյունքներ ժողովել և իր տունը լցնել անօրեն ստացվածքներով: Ապա նստում և խորհում է նախ բազմացնել ու ավելացնել իր ունեցվածքը և ապա անօրինությամբ հավաքածներից տնանկներին ողորմություն տալ և հաշտության զոհաբերություններ անել, որ հանդիմանում է Եսային` ասելով. «Ով իր հափշտակածն է ինձ զոհ մատուցում, նույնքան զազրելի է, որպես թե շուն մորթի և կամ մարդու գանգ ջախջախի» Եսայ. ԿԶ 3: Քանզի աւելի լավ է, որ աղքատներն անտեսվեն և ողորմություն չստանան, քան թե հափշտակվածից ինչ-որ բան ստանան: Ավելի լավ է` քահանաները սովից մեռնեն, քան թե անարժանների ձեռքով կերակրվեն: «Ով որ ուրիշից վերցրածն է բաշխում մյուսներին, ասում է, ոչ թե վարձ կստանա, այլ պատիժներ ու սաստիկ տանջանքներ», որովհետև փոխ տվածի ծնունդները այրող հուր են ու սպանող սուր:
Իսկ նրանք, ովքեր համարում են, թե անիրավ ինչքերով Աստծուն են ծառայում, առավել են բարկացնում Նրան: Քանզի. «Պատվի՛ր, ասում է, Տիրոջը քո արդար վաստակից և
քո արդա՛ր բերքից պտուղ հատկացրու նրան» [Առ. 3:9]:
Մի՛ խորհիր հափշտակությունը հավաքել և ապա ողորմություն անել մեղքերի թողության համար, որովհետև երբեք հրով հուրը չի հանգչի, վերքերը վերքերով չեն բժշկվի, մեղքերով մեղքերը չեն սրբվի և ոչ էլ անօրինությամբ կքավվեն անօրինությունները, որովհետև հույժ չար էն վաշխերի անօրենությունները, և հղիի երկունքի պես են նրանց պայմանաժամերը:
Եվ եթե պարտապանն աղքատ էլ է, մտածմունքների և հոգսերի մեջ հալումաշ է լինում մշտապես, անքուն կամ դառնաքուն են նրա գիշերները, տխուր, իսկ ցերեկով շրջում է տրտում ու մտահոգ` չիմանալով, թե ուր գնա:
Սուրբ Հովհան Մանդակունի
Փոխ տալու և վաշխ վերցնելու մասին ճառից.
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 3.24-29
24 Այսպէս օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք: 25 Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. 26 քանզի բոլորդ էլ Աստծոյ որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս: 27 Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. 28 ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս: 29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ ըստ խոստման:
Post Views: 920