Երբ Իսրայելը անցավ Կարմիր ծովով, դա նրան համարվեց որպես թե մկրտություն: Եվ ինչպես որ մկրտվողը խորասուզվում է սուրբ ավազանի ջրում և դուրս հանվում, որպես թե հին մարդը մահացավ, և նորը Քրիստոսով ծնվեց: Իսրայելն էլ անցնելով Կարմիր ծովով, դուրս եկավ Եգիպտոսից, որը խորհրդանշում էր աշխարհը, բայց ինչպես որ մկրտվողը մկրտվելով որդեգրվում է Աստծուն, բայց միանգամից երկինք չի մտնում, նմանապես և Իսրայելը խոստում ուներ Քանանի երկիր մտնելու, բայց այդ խոստմանը արժանանալու համար նա պետք է անխափան անցներ անապատի միջով, որպեսզի ժառանգեր Ավետյաց երկիրը:
Բայց տեսնում ենք, որ մկրտությամբ Եգիպտոսից ելածներից քսան տարեկանից բարձր եղողներից միայն երկուսն արժանացան Քանանին, իսկ մնացածների ոսկորները մնացին անապատում: Այս օրինակով տեսնում ենք, որ մկրտված, դարձի եկած հավատացյալը, նմանությամբ այս հին Իսրայելի, մեծ նեղությունների և վտանգների միջով անխափան պիտի անցնի, որպեսզի չմնա այս կորուսյալ երկրում առանց փրկության:
Քանի որ ասվեց, թե նեղ է այս ճանապարհը, և բազում են թշնամիները՝ մռնչացող առյուծներ, մանր աղվեսներ, մխացող նետեր, գառան մորթով գայլեր և այլն: Իսկ ինչո՞ւ զրկվեց Իսրայելը խոստացված բարիքներից, որովհետև հիշողությունից հանեց Եգիպտոսի տառապանքները, նաև չհասկացավ, չընկալեց և չգնահատեց Քանանի արժեքը, և մտնելով անապատ, փոխանակ ամեն բան մոռանալով վազեր դեպի նպատակը՝ դեպի Քանան, դատարկ ու փուչ անապատի մեջ տրվեց բազում կրքերի և ծանրաբեռնեց իրեն բազում ցանկություններով: Մոռանալով այն ընթացքը, որի վերջը կաթ և մեղր բխող
երկիրն էր: Ինչպես որ Պողոս առաքյալն էր ասում, թե. «Ամեն բան ետևում թողած, վազում եմ դեպի առաջ, դեպի նպատակ, քանի որ մրցողը աջ և ձախ չի նայում, այլ ակնկալում է առաջինը հասնել նպատակակետին և ստանալ փառաց պսակը» (Փիլիպ. 3:13 -15):
Եվ այսպես, մոռանալով գալիք խոստումը և եգիպտացիների հալածանքը, իսրայելացիներն ընկան գաղջության մեջ: Իսրայելը տարբերվում էր մնացած բոլոր ազգերից նրանով, որ չուներ կայուն
բնակավայր, տների փոխարեն վրանների մեջ էին բնակվում, չէին զբաղվում ինչ-որ բան աճեցնելով կամ կառուցելուվ, որովհետև մի էր նպատակը՝ շուտափույթ հասնել Քանան, ինչպես որ Տերն ասաց՝
Մարդու որդին գլուխ դնելու տեղ անգամ չունի, այնինչ աղվեսներն իրենց բներն ունեն: Իսրայելը զոհել էր ժամանակավոր հանգիստը, որպեսզի իր ժամանակին ժառանգի կաթ ու մեղր բխող երկիրը, ինչպես որ գրված է՝ այս աշխարհի մեջ պանդուխտների պես ապրել: Սակայն Իսրայելը աչքը տնկեց այն ազգերի ապրելակերպին, որոնք անհոգ ապրում էին, և նախանձեց նրանց հանգստին, դժգոհեց իր վիճակի համար: Չհասկացավ այն երանությունը, որ իրեն էր բաժին հասել, այն ամպի և կրակի սյունը, որ իր հետ էր գնում, որը և խորհրդանշում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսին:
Ահա Իսրայելը տրտնջաց և ջուր ուզեց, մոռանալով անմահության Աղբյուրին, որ իրենց մեջ էր, հաց ուզեց՝ անտեսելով երկնքից իջած Հացին, որի ճաշակողները հավիտենական կյանք են ձեռք բերում: Միս ուզեց՝ մոռանալով մեր մեղքերի համար խաչված Աստծո Գառանը, հպարտացավ և փառք փնտրեց անապատում:
Մենք էլ՝ դարձի եկած, մկրտված քրիստոնյաներս, դուրս եկանք աշխարհից, այսինքն՝ Եգիպտոսից, որպես Տիրոջ կողմից կանչվածներ, ցնծությամբ և ուրախությամբ մտանք անապատ, այսինքն՝ մերժեցինք աշխարհը և մեր ընթացքն ուղղեցինք դեպի երկնային Քանան: Բայց ցավոք, ինչպես որ Իսրայելը, այնպես էլ շատերս անապատի մեջ հոգնեցինք, ձանձրացանք, հեղգացանք, ծուլացանք և տրտնջացինք, նայեցինք աշխարհին և սրտներիս մեջ ցանկացանք Եգիպտոսի սոխն ու սխտորը: Հին մարդուն կենդանացրինք մեր մեջ որկրամոլությամբ, աշխարհսիրությամբ, վավաշոտությամբ և դրամապաշտությամբ, հպարտությամբ, փառամոլությամբ, զվարճանքներով և բազում այլ կրքերով, և սրանք էլ, որպես թե ամեն մեկը մի կուռք, մեր մեջ ունենալով, երկրպագեցինք՝ մոռանալով այն կենդանի Ջրի Աղբյուրը, այն Երկնքից իջած հացը, որին հաղորդ եղանք: Ահա գրված է, թե կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ:
Ո՜վ Տեր, ամեն վիշտ, նեղություն և ցավ օրհնյալ ձեռքիցդ գոհունակությամբ ընդունելու շնորհ արա մեզ, որպեսզի ամեն նմանօրինակ իրավիճակներում գոհությամբ փառավորենք սուրբ և պատվական անունդ հավիտյանս. Ամեն:
Խրատանի ապաշխարության գրքից.