ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Քանի որ աղոթքը մտքի համբարձումն է առ Աստված, պետք է, որ աղոթելիս միտքը զերծ լինի բոլոր աշխարհային մտածումներից, և կամքը լինի բարի կամեցողության մեջ:
Մինչև ե՞րբ պիտի սիրենք պարապ, սնոտի և ոչ միայն սուտ, այլև խիստ չար այս կյանքը: Այն, ինչը որ Տիրոջ կամքն է, չենք անում, իսկ երբ այս կյանքից անդենականին անցնենք, մեր անցած օրերի համար պատիժ և վնասներ պիտի կրենք ... Նա զուր տեղը միայն մարմնի պահանջները շարժելու համար չէ, որ այս կյանքում Սուրբ Հոգին բերելով շնորհեց մեզ, այլ որպեսզի այս կյանքով հանդերձյալը շահենք: Նման կյանք պետք է միայն ձիերին, էշերին ու եզներին, որովհետև նրանց ծառայությունը միայն այստեղ է պետք, իսկ մենք, որ անմահ հոգի ունենք, ջանանք մեր համար պատրաստված լավագույն կյանքը ժառանգել, ուր Սուրբ Հոգու միջոցով մարմինը ևս պիտի անմահանա:
Մտածիր, թե ո՞րչափ պիտի պատժվես Նրա կողմից, որ կյանք է շնորհել քեզ, իսկ դու երկիրն ես սիրում: Աստված ժամանակ է տվել քեզ, որպեսզի քեզ Իրեն հետ հաշտեցնես, մինչ դու այն ժամանակավոր, իզուր մեղքերի մեջ ես մաշեցնում: Երբ պարապ տեղը դրամ ես ծախսում, ցավում ես դրա համար, իսկ երբ ամբողջ օրերդ սատանայի խայտառակության մեջ ես վատնում, չե՞ս ցավում դրա համար: Ասա ինձ, եթե զավակիդ արհեստ սովորելու տայիր, իսկ նա միշտ մնար տանը կամ ուրիշ տեղ խաղար, վարպետը չէ՞ր հրաժարվի նրանից, ասելով. «Դու ժամանակ որոշեցիր, որպեսզի զավակդ արհեստ սովորի, սակայն այսքան ժամանակվա մեջ, տակավին ոչինչ չի սովորել, որովհետև երբեք չեկավ իմ մոտ, և այս իրողությունը հարկ է, որ իմացնեի քեզ»: Նույնպես և Աստված ասում է. «Ձեզ ժամանակ տվեցի, որպեսզի երկյուղածության, աղոթքի և բարեգործության արվեստը սովորեք, իսկ դուք պարապ տեղը ի՞նչ բանի համար վատնեցիք այդ: Ինչո՞ւ հաճախակի կերպով վարդապետների մոտ գնալով ուշադրություն չդարձրիք ասված խոսքերին և առաքինի գործեր չկատարեցիք»:
Լսիր, թե ինչ է ասում մարգարեն. «Եկեք, որդիներս, լսեցեք ինձ և Աստծո երկյուղը պիտի սովորեցնեմ ձեզ» ինչպես նաև՝ «Երանի այն մարդուն, որին Դու ես խրատում, Տեր, և դաստիարակում ես Քո օրենքներով»: Իսկ դու, որ այս ժամանակը պարապ տեղն ես անցկացնում, ի՞նչ պատասխան պիտի տաս:
Բոլոր նրանք, որ սիրում են այս աշխարհը, նմանվում են մարդու, որ ատելով իր կնոջը, նրանից բաժանվում է և ջանում գրկել նրա ստվերը, կամ մերժում է որդուն և սիրում է նրա շողքը: Արդարև, աշխարհը ստվեր է իր բոլոր բարիքներով՝ փառքերով, հեշտություններով և թե այլ բաներով, որի համար էլ մարգարեն ասում է. «Մարդիկ ստվերի մեջ են շրջում», այսինքն՝ արագորեն շուքի ետևից են գնում, և մի ուրիշ տեղ էլ. «ծուխ և խոտի ծաղիկ» է անվանում մարդկանց գործերը: Հետևաբար, պետք չէ սիրել աշխարհի զբաղմունքները, այլ փնտրիր միայն այն, ինչ որ Աստծո կողմից գովված է:
Արդ, փնտրենք արքայությունը, եղբայրնե՛ր, ոչ այնպես, ինչպես Ղովտի կինը, որ ետ նայեց և աղի արձան դարձավ, քանզի թեև դուրս եկավ Սոդոմից, սակայն ետ շրջվելով՝ կործանվեց: Նույնպես և մենք, եթե արքայությունը փնտրելով՝ թողնում ու ետ ենք դառնում դեպի աշխարհի սերը, կործանվում ենք:
Քանզի ո՞վ կարողացավ աշխարհին տիրելու հետ միասին նաև անապականություն ստանալ. կամ ո՞ր թագավորը կարողացավ մահը կյանքի փոխարկել. կամ մարմնավոր ո՞ր երանությունը կարողացավ հավիտենական կյանք տանել: Մեր Տերը մարդասիրության լավ խրատ է տալիս մեզ` հաճախ ասելով. «Օ՛, եկե՛ք գնանք այստեղից» Մատթ. 26:46, այսինքն՝ երկրից երկինք. իսկ մենք երկրից դեռ չենք հրաժարվում, այլ օձի նման երկրի վրա քարշ ենք գալիս:
(Բարսեղ Մաշկևորցի)
Օրվա ընթերցվածք.
Post Views: 1,113