ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Մեր սիրելի Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է...
Բժշկություն իմացողը բժիշկ է, սակայն արդարություն իմացողը միշտ չէ, որ արդար է...
Եթե որևէ մեկը հարցնի, թե ինչու ենք մենք ամեն օր, համարյա նույն բովանդակությամբ, պատգամները կարդում տարբեր օրինակներով, ապա թող հիշի, որ 2000 տարի շարունակ Ավետարանը քարոզվում է, բայց մենք դեռ մանուկ ենք հավատի մեջ,ինչը փաստում է մեր ապրած կյանքը այսօր: Մեր միտքը Աստծու մասին թող խոկա միայն:
Եթե ամեն օր չսնվենք ինչպես հացը, անկարելի է, որ զորանանք հավատի մեջ:
Յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի սրբազան պարտքն Աստծու խոսքի սերմնացան լինելու, ըստ իր կարողության: Աստծու խոսքը ցանելու ձևերը բազմազան են` խոսքով, գործով, լռությամբ, կեցվածքով, աշխատանքով, հոգատարությամբ և այլն: Միայն թե կարևոր է, որ այդ քարոզը լինի սիրով` Աստծու փառքի և մարդու օգտակարության համար: Սա մեր պարտքն է, իսկ աճեցնելու և պտղաբեր դարձնելու հետ մենք չենք առնչվում, դա էլ Աստծու գործն է: Մենք մի ուրիշ պարտականություն էլ ունենք, որով կարող ենք հաղթել չարին և ապահովել մեր անձերի փրկությունը: 3 բան թող միշտ զբաղեցնի մեր մտքերը, որոնք են` հիշել մահվան մասին, հիշել գեհենի երկյուղը, փափագել Արքայության սերը: Քրիստոնյան իրավունք չունի պարապ ժամանակ անցկացնելու, որովհետև սահմանափակ է մեզ տրված ժամանակահատվածը, պետք է հասցնել: Հայտնության Գիրքն ասում է.
«Ահա գալիս եմ շուտով, եւ ինձ հետ են իմ վարձերը, որպէսզի հատուցեմ իւրաքանչիւրին ըստ իր գործերի։ Ես եմ Ալֆան եւ Օմեղան, Սկիզբը եւ Վախճանը, Առաջինը եւ Վերջինը»։ Հայտն. 22:12
Միայն հղանալը բավական չէ զավակի բերկրանքը վայելելու համար: Պետք է հղիությունը խնամքով հասցնել երկունքի և ծնունդի: Նույնը հավատքի պարագան է: Բավական չէ միայն հավատալ: Հավատքի գործերն էլ կարևոր են: Հավատքի մեջ մանուկ մնալն էլ արդարացված չէ: Հավատքն էլ պետք է աճ ունենա, որպեսզի արդյունքը գոհացուցիչ լինի:
Այսօ՛ր քայլդ ճիշտ գցիր, որ վաղը զղջալու կարիք չունենաս...
Դու ազատ ես բարու և չարի ընտրության մեջ, սակայն երբ չարը ընտրես, արդեն ազատ չես լինի այնտեղից դուրս գալու ժամանակ:
Ամուր հաստատիր քո մեջ քո ազգայինը, որ օտարածին հոգեկործան երևույթները տեղ չգտնեն քո մեջ: Անթույլատրելի հարցերում ժամանակակից երևալը անմտությանից բացի ոտնձգություն է Աստծո և Աստվածաշնչի դեմ: Դեռ ժամանակ ունենք սթափվելու.
Խնդրենք Աստծու ողորմությունը` առաջիկա օրը հնարավորինս առանց մեղքերի և գայթակղության անցկացնել:
Օրվա ընթերցվածք.
Պողոս Առաքյալի թուղթը գաղատացիներին 5.16-26
16 Բայց ասում եմ ձեզ. հոգո՛վ ընթացէք եւ մարմնի ցանկութիւնը մի՛ կատարէք, 17 քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը: Եւ քանի որ սրանք միմեանց հակառակ են, մի՛ արէք այն, ինչ ուզում էք: 18 Իսկ եթէ հոգով էք առաջնորդւում, ապա օրէնքի տակ չէք. 19 որովհետեւ մարմնի գործերը յայտնի են. այսինքն՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, 20 կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ, 21 չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ: Այժմ ասում եմ ձեզ, ինչպէս որ առաջուց էլ ասում էի, թէ նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծոյ արքայութիւնը չեն ժառանգելու: 22 Իսկ հոգու պտուղն այս է՝ սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն, 23 քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն. այսպիսի բաներին օրէնք չկայ: 24 Իսկ նրանք, որ քրիստոսեաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով եւ ցանկութիւններով հանդերձ: 25 Եթէ ապրում ենք հոգով, ըստ հոգու էլ ընթանանք: 26 Եւ սնապարծ չլինենք՝ միմեանց գրգռելով եւ միմեանց նախանձելով: