Թող ոչ ոք տղայական բարքով և չքննող մտքով չհամարձակվի մատակարարել Աստծու խոսքը:
Այլ թող միշտ նայի լսողների մտքի` այն ընդունելու կարողությանը և վարդապետության խոսքը խոպանացած ականջներում թող սերմանի մեծ զգուշությամբ.
սկզբում միանգամից ծանր լսելի ու դժվարակիր վարք թող չպարտադրի հոգևոր կյանքից ամայացածներին: Քանզի եթե անվարժ ավանակին հնազանդեցնել կամեցողները սկզբում
ծանր ու դժվարակիր բեռներ կախեն նրա վրա, կա՛մ նրանք կկքեն, կա՛մ բեռի հակերը իրենց վրայից ցած կգցեն:
Այլ թեթև բեռներով են ընտելացնում և կատարյալին են հասցնում: Այդպես նաև հողը մշակող հմուտ մշակները խոպան և փշակալած հողում անխորհրդաբար լավ սերմեր չեն սերմանում, որ հողի` խոպան լինելու պատճառով չկորչեն կամ էլ թռչունները չհափշտակեն դրանք: Այլ նախ կտրում են փշերը, կակղեցնում են հողը և ապա ցանում են լավ և շահավետ սերմերը: Նույն օրինակով էլ նրանք, ովքեր կամենում են մշակել բանական հողը, հարկ է, որ նախ խոստովանությամբ արմատախիլ անեն մեղքերի փուշը, պահքով ու աղոթքով կակղեցնեն խոպանացած ու
խոտանացածը` կուսության, անընչության, ողորմության և մահուչափ չարչարանքների համար: Թեև ընչասերների համար մահվան չափ ծանր են ողորմության հրամանները,
բայց դրանք առավել շահավետ ու օգտակար են, քան վարձատրության արժանի բոլոր առաքինությունները և շատ ավելի բարձր են առաքինության բոլոր ճգնություններից,
այնպես որ վարձքի արժանի բոլոր առաքինությունները չեն երևում ողորմության պտուղների առավել լուսավորությունից:
Իսկ ի՞նչ ասեմ մյուս առաքինությունների մասին. և՛ Հին, և՛ Նոր Կտակարաններում պատվված է կուսության սրբությունը, բայց առանց ողորմության այն արհամարհված եղավ և առագաստից դուրս դրվեց: Հիմար կույսերը ո՛չ թե ողորմություն չէին արել, այլ արել էին, բայց քիչ, և այդ բավական չեղավ, որովհետև գիշերվա կեսին պակասեց նրանց յուղը, և հանգան նրանց լապտերները: Ղուկ. 25: 6-8: Այդպես նաև նրանք, ովքեր շատ ունեցվածք ունեն, բայց քիչ ողորմություն են անում, այդ կարող է բավական չլինել նրանց փրկության համար, քանզի ողորմությունն ըստ ունեցվածքի չափի է ընդունելի. ովքեր շատ ունեցվածք ունեն, նրանցից շատ ողորմություն է պահանջում, իսկ ում ունեցվածքը քիչ է, նրա սակավ ողորմությունն էլ
է ընդունելի: Ինչպես որ վկայության խորանի նյութի համար պետք էր ոսկի, պետք էր և այծի մազ: Նրանք, ովքեր ոսկի ունեին, բայց մազ էին բերում, անընդունելի և պիղծ էր համարվում, իսկ նրանք, ովքեր ինչքեր չունեին և միայն մազ էին բերում, ընդունելի էր, Աստծուն հաճելի, և նրանք օրհնվում էին Ելք, ԼԵ 21-29: Որովհետև Աստված ոչ թե ինչքերի չափին է նայում, այլ տվողի կամքին. Նա շատից շատն է ընդունում իբրև շատ, ընդունում է նաև սակավից սակաւը` իբրև շատ: Որովհետև եթե մեկը տասը դահեկան ունի և ողորմություն է տալիս մեկ դահեկանը, և աղքատը, որ միայն տասը լումա ունի, և մեկը տալիս է իրենից ավելի աղքատին, Աստծու առջև նույնն են համարվում, բայց չքավորի տվածն ավելի զարմանալի է, որովհետև չքավոր լինելով` հարուստի չափ տվեց: Սրա վրա նաև Հիսուսը զարմացաւ. երբ այրի կինը, ով միայն երկու լումա ուներ և այն ողորմություն տվեց, Հիսուս ասաց. «Մեծամեծներն իրենց ունեցվածքից ավելորդը բերեցին, բայց այն տառապյալ այրին իր ամբողջ ունեցվածքը աղքատներին բաժանեց» Ղուկ. ԻԱ 3. այդ երկու լուման նրա ամբողջ ունեցածն էր:
Եվ արդ, սատանան շատ ինչքեր ունեցողներին ու մեծատուններին խաբում է այն բանով, երբ նրանք չեն տալիս իրենց ունեցածի համեմատ և առատ ողորմություն չեն բաժանում, այլ
շատ քիչ և սակավ, ինչպես աղքատները, նրանց կարծել է տալիս, թե փրկության համար բավական է այդ: Իսկ ոմանք իրենց ամբողջ ունեցվածքը բաշխեցին աղքատներին և աղքատացրին իրենց անձերը, որովհետև անանց մեծությունները փափագեցին, ոմանք էլ իրենց ունեցվածքի կեսը տվեցին տնանկներին. բաժանեցին նրանց` իբրև եղբայրների:
Եվ արդ, եթե հավատում ես Աստծու անսուտ խոսքին, ճշմարտապես հիշի՛ր, որ երբ կերակրում ես քաղցածներին, Քրիստոսի՛ն ես կերակրում. եթե ծարավածին ջուր ես տալիս խմելու, Քրիստոսի՛ն ես խմեցնում, եթե հյուր ես ընդունում, Քրիստոսի՛ն ես ընդունում, և եթե օտարականին օթևան ես տալիս, Քրիստոսի՛ն ես հյուրընկալում, եթե հիվանդին տեսության ես գնում, Քրիստոսի՛ն ես տեսնելու գնում, եթե սփոփում ես նեղվողներին, Քրիստոսի՛ն ես մխիթարում. եթե օգնում ես անօգնականին, Քրիստոսի՛ն ես օգնական լինում, եթե ծառայում ես տկարներին, Քրիստոսի՛ն ես ծառայում, և ամեն բան, որ տալիս ես քաղցածներին, Քրիստոսի ձեռքն ես տալիս, որ բազմապատիկ հատուցելու է քեզ վերջին Օրը, ուր ո՛չ ամբարած ինչքեր կան, ո՛չ սիրելիներ ու ծանոթներ, ուր ո՛չ սուրբերը կարող են օգնել, և ո՛չ արդարները կարող են փրկել, ուր ո՛չ հայրերն են գթում, և ո՛չ եղբայրները` ողորմում, այլ օգնում են միայն աղքատներին արված ողորմություններն ու բարի վարքը:
Արդ, չսպասե՛նք վախճանին և ագահ չլինե՛նք, աղքատներին կարիքի մեջ չթողնե՛նք և Քրիստոսին չտրտմեցնե՛նք, այլ կերակրե՛նք որբերին, այրիների մասին հո՛գ տանենք, պանդուխտներին հավաքե՛նք, քաղցածներին կերակրե՛նք, մխիթարե՛նք Քրիստոսին. այս աշխարհում առատ տուրքերով մարդասիրությամբ սերմանե՛նք և երկնքում ողորմություններ հնձենք, երկնային խորաններ բարձրանանք և անանց ուրախությունները վայելենք մեծապայծառ բերկրությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին փառք և պատիվ հավիտյանս հավիտենից. ամեն:
Հովհան Մանդակունի Հայրապետ
Տնանկների ողորմություն տալու մասին ճառից.