Աստված, որ բնակվում է սրբություն-սրբոցում, երբեք չի իջնի բնակվելու կրքոտ և մեղքերով լեցուն անոթների մեջ:
Տեսնում ենք, որ առաքյալը հավատքի հիմքի վրա կառուցված տան յոթերորդ հարկում դասեց սերը, և եթե այս կառույցի մի հարկն էլ բացակայի, ինքնըստինքյան տունը չի կառուցվի, այսինքն, հինգերորդ հարկի վրա յոթերորդը չենք կարող դնել, մի առաքինությունը, ըստ առաքյալի, բխում է մյուսից, և եթե մենք մեծ նախանձախնդրությամբ չջանանք, որ կառուցենք մեր հոգևոր կյանքում թվարկված ամեն մի հարկը, ուրեմն, ինքնըստինքյան չենք հասնի յոթերորդ հարկին, այսինքն՝ սիրուն:
Իսկ այն, ինչը մենք սեր ենք անվանում, առանց անցնելու այս ճանապարհով, ընդամենը խաբեություն է և ուրիշ ոչինչ, ինչպես որ շարունակում է առաքյալը ասելով «Իսկ նա, ում մեջ այս բաները չկան, կույր է կամ կարճատես» (Բ Պետրոս 1:9): Սուրբ հայրերը իմաստնությամբ էին քայլում և խուսափում սատանայական խաբկանքներից և ոչ մի արժեքավոր բան, որ շատ էժան գնով էին իրենց առաջարկում, մերժում էին, քանզի գիտեին, որ դա կեղծիք կլինի, որովհետև թանկարժեք բանը մեծ գին է պահանջում: Ուրեմն, եթե խոնարհությունը, հեզությունը, համբերությունը, աստվածպաշտությունը և այլ առաքինությունները ձեռք են բերվում մեծ ճգնությամբ՝ այսինքն՝ մեծ գնով, ուր մնաց սա, բոլոր առաքինությունների գլուխը՝սերը, որ ամենաթանկարժեքն է: Այն ձեռք բերելու համար է, որ ասվեց, թե. «Գնաց իր ամբողջ ունեցվածքը վաճառեց և եկավ գնեց հողակտորը, որի մեջ գանձն էր»: Չէ՞ որ Սուրբ գիրքն ասում է. «Աստված սեր է», ուրեմն, եթե այդ Սեր-Աստվածը չբնակվի մեր հոգիների մեջ, ինչպե՞ս կարող ենք մենք սիրել, իսկ Աստված, որ բնակվում է Սրբություն - Սրբոցում, անմերձենալի
լույսերի մեջ, երբեք չի իջնի բնակվելու կրքոտ և մեղքերով լեցուն անոթների մեջ: «Երանելի է մարդը, որն իր մեջ ունի Աստծո սերը, որովհետև նա իր մեջ Աստծուն է կրում: Ում մեջ սեր կա, նա Աստծու հետ միասին վեր է ամեն ինչից»: «Թող շնորհի Տերը Իր սերը մեր բոլորի սրտերին, Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն»: (Եփրեմ Ասորի):
Ի՜նչ գեղեցիկ ու պատկերավոր է նկարագրում Սուրբ Գրիգոր Տաթևացին, թե ինչպե՞ս են մարդիկ լցվում Սուրբ Հոգով:
Նյութեղեն կարասը, լցնելու համար չորս բան է հարկավոր:
Նախ՝ հարկ է, որ այն դատարկվի ներսում եղած գարշելի իրերից:
Երկրորդ՝ հարկ է, որ լվացվի:
Երրորդ՝ հարկ է, որ անվնաս լինի, իսկ եթե կոտրված է՝ ամուր կպցվի:
Չորրորդ՝ հարկ է, որ դրված լինի բերանը դեպի վեր:
Այդպես էլ՝ ով լի է գարշելի մեղքերով և կամենում է լցվել Սուրբ Հոգով, նախ անհրաժեշտ է, որ խոստովանությամբ սիրտը դատարկի գարշելի մեղքերից: Ինչպես ոմն փիլիսոփա ասաց Ալեքսանդր Մակեդոնացուն. «Պատրաստ է Աստված հեղել Իր իմաստությունը, քանզի չի խնայում, սակայն դու պատրաստ չես, քանի որ սիրտդ լցված է հպարտությամբ և աշխարհի փառքերով: Դատարկի՛ր սիրտդ աշխարհիկ հոգսերից և կլցվես աստվածային իմաստնությամբ»:
Եվ ինչպես օձը, երբ ջուր է խմում, նախ թափում է թույնը և հետո՝ ըմպում, նույնպես և մեզ անհրաժեշտ է նախ սիրտը դատարկել նախանձից, ցանկություններից և ամենայն մեղքերից, նոր միայն ընդունել Սուրբ Հոգուն: