Բարի է յուրաքանչյուր բացված առավոտ, եթե մենք չդարձնենք այն չար` մեր գործերով, և չասենք, թե ինչ վատ օր էր այսօր, օրը երբեք վատ չի լինում:
Մեր աչքին հաճելի է, որ հոգևորականը ունենա հոգևոր նկարագիր, ժուժկալ կենցաղավարություն, բարոյական վարք, անկեղծ շփում ժողովրդի հետ:
Շիտակ է մեր պահանջը, որը հաստատում է նաև Աստվածաշունչը բազում համարներով և գլուխներով: Սակայն Աստվածաշունչը ունի նաև բազում
համարներ և գլուխներ, որտեղ մեր Տերը հավանություն է տալիս, գովում է, և երբեմն էլ զարմանում է մարդու ունեցած հավատքի և առաքինությունների վրա: Օրինակ` մեր Տերը զարմացավ Նաթանայելի աննենգ սրտի վրա, գովաբանեց անիրավ տնտեսի հմտությունը, Իմաստուն կույսերի լավագույն օրինակը տվեց, գովեց բարի սամարացուն, պարարտ հողի մասին առակով խոսեց սերմնացանի առակում, փրկություն համարեց հարուստի դրամների բաժանումը, մեծահարուստ երիտասարդի օրինապահության վրա ուրախացավ, անառակ որդուն գովեց, որը դարձի եկավ և այլն...
Սակայն Թովմասին ահա ասաց, անհավատ մի եղիր, Պետրոսին ջրի վրա ասաց
ինչո՞ւ երկմտեցիր, անմիտ մեծահարուստին է ասաց. «Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»։ Անպտուղ թզենի անվանեց չապաշխարողներին ու չզղջացողներին, և նեղ դուռը
մեզ ցույց տվեց մեր Տերը: Ամենակարևորը չմոռանանք, որ ավազակն արժանացավ դրախտին իր շիտակ զղջման և արժանի պատիժ կրելու իր վճռական համոզումի համար: Այնպես որ մեր Տերը միայն չուսուցանեց ու անտարբեր մնաց, այլ ակնկալեց որ ուսուցանածը պտուղ տա մեկին երեսուն, վաթսուն և հարյուր... և ասաց ով ականջ ունի լսելու թող լսի... Տասը բորոտներից իննին էր փնտրում, որոնք չվերադարձան մաքրվելուց հետո: Մեծ է մեր անելիքը մեր և մեր զավակների հոգևոր դաստիարակության հարցում: Որպես երկրի քաղաքացի մենք ունենք աշխարհիկ պարտականություններ, սակայն բոլորիս բաղձանքն է երկնքի քաղաքացիությունը, հետևաբար ունենք նաև հոգևոր պարտականություններ, որոնց մեզ միշտ գաղջ ենք: Աստված մեզ ուժ կարողություն տա` հասնելու ավազակի գիտակցությանը, և պարարտ հողի վիճակին:
Մեր բոլոր խանդավառությունները թող չնմանվեն ժայռի վրա ընկած սերմին, որ արմատ չունենալու պատճառով չորանան..
Մեր Տերը իր առաքյալներին մի հորդոր արեց, ասելով.
«Հունձն առատ է, մշակները՝ քիչ։ Ուրեմն խնդրեցե՛ք հնձի Տիրոջից, որ մշակներ ուղարկի իր հնձի համար»։ (Մատթ 9:37)
Այդ մշակների կարիքը առատապես զգացվում է նաև մեր օրերում, քանզի երկարատև արգելանքից հետո քրիստոնյա ժողովուրդը ժամանակավոր անհաղորդ մնաց մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենսատու վարդապետությանը: Մենք էլ մեր հերթին աղաչենք ու խնդրենք հնձի Տիրոջը, մեր մշակներն ավելացնելու և հունձը առատ դարձնելու հարցում: Մեր Տերը հոգաց մեր ազգի հոգևոր կարիքները և մեզ ուղարկեց Իր Առաքյալին, որն Իր բնութագրմամբ իր մեջ նենգություն չուներ:
Թող Աստված նախախնամի հայաստան աշխարհը, որ դրախտավայր ու սրբավայր է, մեզ համար դարձյալ պատրաստի մշակներ, մենք էլ ջանք թափենք մեր հերթին, դառնալու համար պարարտ հող, որի մեջ ընկած սերմերը պտուղ տան յուրաքանչյուրն իր կարողության չափով Տիրոջ փառքի համար: Աղոթենք, որ մշակն ու հունձը միաբան լինեն, և որ գլխավորն է` Աստծու հետ լինեն:
Մեր Տերը այսօրվա ավետարանում նաև այս խոսքերն է ասում. «Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր». Փառք Աստծուն` Իր կատարյալ բարիքների համար: