ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Սովորենք ամեն օր դաս քաղել մեր ամենօրյա կյանքից:
Սրտագետ Աստված կուրացնում է Պողոս Առաքյալի պես գիտակ մեկի աչքերը, դարձի բերելու և Իր խոսքը տարածելու համար, մեկ այլ կույրի աչքերը բժշկում է իր հավատի համաձայն:
Հիսուս Քրիստոսի հրաշքների մասին կարդալիս երբեմն մտածենք, որ մենք այն կույրն ենք Ավետարանի, որի աչքերը բացեց Տերը, երբեմն էլ մտածենք, որ ավելի շատ նման ենք այն անդամալույծին, որը վերցրեց իր մահիճը և քայլեց այն բանից հետո, երբ հավատաց Տիրոջը: Քանանացի կնոջն ենք նման, որին շուն անվանեց Տերը, բայց հավանեց նրա հավատքը: Երբեմն Թովմասին ենք նմանվում թերահավատությամբ, որը տեսնելուց հետո առավել ամրապնդվեց հավատքի մեջ: Մարթայի նման ենք, կենցաղի սովոր: Բայց կարող ենք դառնալ Մարիամի պես` Տիրոջ ոտքերի մոտից չհեռացող և Նրա խոսքի ծարավից չհագեցող մեկը:
Լույս, բժշկություն, արդարություն, իմաստություն և մտածելու կարողություն տվեց մեզ Տերը և այժմ Կանայի հարսանիքի հրաշքն է մեր սրտում, մեր ջուրը գինի է դարձրել, որպեսզի սևերես չմնանք մեր Տիրոջ հետ հանդիպման ժամանակ, և մեր մերձավորների աչքի առջև: Արտոնել է մեզ հաղորդվել Իր Սուրբ Մարմնին և Արյանը, թողություն տալով մեր մեղքերին` մաքրել է մեզ բորոտի պես: Մեր հին էությունից գրեթե բան չի մնացել, ամբողջը ջնջվել, նորն է կառուցվել: Ի՞նչ կարող ենք մենք տալ Աստծուն այսքանից հետո, եթե ոչ սիրտ ու հոգի ու մեր ողջ կյանքը: Ի՞նչի մասին կարող ենք խոսել, կամ ո՞ւմ պետք է փառաբանենք, եթե ոչ մեր Տեր ու Փրկիչ, Լույսի Վարդապետ, հույսի Պարգևիչ, սիրո Արարիչ, հավատ ներշնչող` փառահեղ Աստծուն` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Ինչպես առակողն է ասում. «Սրտի բերկրանքից ծաղկում է դէմքը»: Սովորենք դաս քաղել նաև այսօրվա փորձություններից:
Տէրն է մեր հայրը,
Տէրն է մեր դատաւորը,
Տէրն է մեր իշխանը,
Տէրն է մեր թագաւորը,
Տէրն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ։ Եսայ.33:22
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 4.1-7
1 Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտ եւ ամէն ինչի տէր է: 2 Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը: 3 Նոյնպէս եւ՝ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում: 4 Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ 5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք: 6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: 7 Ուստի ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծոյ:
Post Views: 828