ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Պալատական փափուկ կյանքով ապրած պատանին մի օր անսպասելիորեն հարցնում է ծնողներին, թե ո՞րն է կյանքի նպատակը: Ոչինչ արդեն իրեն հետաքրքիր չէ, ինքն ամեն ինչ ունի, ամեն ինչ տեսել է և չի հասկանում իր ապրած կյանքի նպատակը: Խորհրդականները բացահայտում են, որ հեռու մի անապատում ապրում է մի վանական, որ գիտե, թե որն է կյանքի նպատակը: Երիտասարդը որոշում է կայացնում և իր ծեր խնամակալ խորհրդականի հետ ճանապարհ է ընկնում: Կես ճանապարհի նրանք հոգնում են, ջուրը համարյա վերջանում է, իսկ շարունակելն այլևս անհնար է դառնում: Ծերը խորհուրդ է տալիս արքայազնին, թողնել իրեն, վերցնել մնացած ջուրը և վերադառնալ տուն: Տղայի աչքի առջև է գալիս իր մանկությունը, հիշում է, որ այս ծեր մարդու ձեռքերի վրա է մեծացել, ինչպես կարող է նրան լքել այս անապատում, կիսամեռ վիճակում:
Իր ուսերին է վերցնում ծերին, վերջին ջուրը տալիս է նրան խմելու և ճանապարհ է ընկնում դեպի տուն: Ծերի հարցին, թե ապա կյանքի նպատա՞կը. Նա պատասխանում է.
- Ես արդեն հասկացա կյանքի նպատակը, պետք է օգնել մարդուն կարիքի մեջ եղած ժամանակ:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 1.18-25
18 Արդարեւ, Աստծոյ բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան եւ անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահում: 19 Ինչ որ կարելի է իմանալ Աստծոյ մասին, յայտնուած է նրանց, քանզի Աստուած ինքը յայտնեց այն նրանց. 20 արդարեւ, ի սկզբանէ աշխարհի Աստծոյ աներեւոյթ յատկութիւնները, այն է՝ նրա մշտնջենաւորութիւնը եւ զօրութիւնը եւ Աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են նրա ստեղծածների մէջ. այնպէս որ ամենեւին արդարանալ չեն կարող. 21 որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստուած չփառաւորեցին կամ գոհութիւն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մէջ նանրացան, եւ նրանց սրտերը անմտութեամբ խաւարեցին: 22 Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ յիմարացան: 23 Եւ անեղծ Աստծոյ փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների: 24 Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկութեան, Աստուած նրանց մատնեց պղծութեան, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մէջ. 25 նրանք փոխանակեցին Աստծոյ ճշմարտութիւնը ստով, հնազանդուեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ՝ Արարչին, որ օրհնեալ է յաւիտեանս: Ամէն: