ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Սուրբ Բարսեղի խոսքը Սուրբ Հաղորդությունից առաջ.
Լսե՛ք ինձ, իմ սիրելի՛ որդիներ, և ես աննախանձաբար Տիրոջ երկյուղը կուսուցանեմ ձեզ` իբրև հարազատ որդիների. որովհետև պարտականություն է դրված ինձ վրա, և վա՛յ է ինձ, եթե ձեզ հանապազօր չավետարանեմ, որպեսզի թերևս կարողանամ ճանաչել տալ ձեզ, թե ի՛նչ է Աստծու կամքը` բարին, հաճելին ու կատարյալը:
Որովհետև Եզեկիել մարգարեն Աստծու խոսքով հանապազ զարհուրեցնում է ինձ` քահանաների վերաբերյալ այսպես ասելով.
«Մարդո՛ւ որդի, քեզ այդ ժողովրդի վրա տեսուչ եմ նշանակել. եթե տեսնես, որ սուրը գալիս ու վրա է հասնում, և փողով չազդարարե՛ս, և նրանք չզգուշանան, և սուրը գալով՝ որևէ մեկին
անպատրաստ գտնի, և նա մահանա իր անօրենության մեջ, նրա արյունը քո՛ ձեռքից կպահանջեմ»:
Արդ, սուրը` գեհենի սպառնալիքն է, իսկ փողը` Աստծու պատվիրանը, որն այսօր զեկուցում եմ ձեզ բեմի վրա: Ես, ո՜վ եղբայրներ, ձեզ նման մարդ եմ և առավել ևս ծանրաբեռնված եմ մեղքերով, բայց քանի որ ձեզ տեսուչ ու խրատող կարգվեցի, ուստի արտասուքներով և սրտի բազում հառաչանքով` սիրով ձեզ եմ ներկայացնում Աստծուն հաճելի բաները:
Ո՛չ ինչ-որ նորաձայն մտացածին խոսքերով եմ ձեզ վտարանդի դարձնում, քանզի ես ստուգապես հաշիվ եմ տալու ձեզ համար կենդանի Աստծու առջև. որի պատճառով սուրբ հայրերի՝ վաղուց անտի դրոշմված կանոնը` դյուրալուր խոսքերով ձեզ եմ մատուցում. բայց նախ սա՛ իմացեք, որ քահանայության պատիվը չվստահվեց հրեշտակներին, քանզի անմեղ են, այլ` մարդկանց, որպեսզի ինչպես որ մենք ենք մեղանչում և հույս ենք դնում Քրիստոսից թողություն ստանալու վրա, նույնպես և ձե՛զ տանք թողության ու ապաշխարության հույսը: Եվ արդ, աղաչում եմ ձեզ բոլորիդ` համբերությամբ լսել ինձ:
Ահա բացվում է երկինքը, և Քրիստոս իջնելով` բազմում է սուրբ սեղանի վրա, և երկնքի ողջ զորքերը աներևութապես երկրի վրա են ծավալվում` սպասավորելու Աստծու Որդուն, և բոլորվում են սեղանի շուրջ. և Սուրբ Հոգին առատապես շնորհներ է բաշխում սրբությամբ մերձեցողներին: Արդ, դուք` ի՛մ եղբայրներ, բազում զգուշությամբ ու երկյուղով ձեր սրտերում դրեք հետևյալը` չնկատել միայն տեսանելի հացն ու գինին, այլ այն մեծ խորհուրդը, որ ծածկված է մարմնավոր աչքի տեսությունից, որ միայն հոգո՛ւ աչքով է երևում նրանց, ովքեր սրբությամբ փնտրում են այն, որից ճաշակելով`
ուրախանում են աստվածային ցնծությամբ, որովհետև Աստված այն կարող է վերածել հում մսի և արյան, ինչպես եղավ սրբերից մեկի հետ:
Սակայն քանի որ մեր զգայարանները չեն կարող տանել հում միսն ու արյունը, այդ պատճառով Աստված հացով ու գինով տպավորեց, սակայն մի նայեք որպես հացի, և ոչ էլ որպես գինի նկատեք, քանզի սա է Աստծու Որդու ճշմարիտ Մարմինն ու Արյունը. որևէ մեկն արհամարհանքով, սովորական ընդունելությամբ թող չմերձենա որպես մի ինչ-որ կերակրի, որովհետև մեղավորներին` այրող ու սպառող
կիզիչ հուր է, ուստի նախ ապաշխարության միջոցով պետք է սրբվել մեղքերից, որպեսզի մեղքերի բազմությամբ չկիզվենք հրի մեջ. որովհետև սպառվում են հոգիները նրանց, ովքեր նախապես չեն բաժանվում մեղքերից, այլ բևեռված են մնում նրանց վրա: Եվ դարձյալ` թող ոչ ոք անհույս կերպով չհեռանա և սնոտի երկյուղ առաջ չբերի, որովհետև դա երկյուղ չէ, այլ արհամարհանք, քանզի սա՛ է երկնքի արքայության դուռն ու նույն ինքը արքայությունը, որ է Քրիստոս` Աստծու Որդին և մեր Աստվածը, և սրբությամբ մերձեցողներին գրանցում է որպես Երկնավոր Հոր անջնջելի որդեգիրներ:
Այլ պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր հարազատ որդի իր մեջ հոր կերպարանքի նմանությունն է կրում. և դու, երբ ասում ես` «Հա՛յր մեր, որ երկնքում ես», և խնդրանք ես մատուցում, պետք է նույն նմանությունը քո մեջ ունենաս, որպեսզի լսելի լինի. ապա եթե չունենաս բարերար ու մարդասեր Երկնավոր Հոր նմանությունը, Նա չի լսի քեզ և չի խոնարհվի դեպի քո աղաչանքները, այլ քեզ կլսի նա, որի գործի կերպարանքն ունես, և որն անդունդներում է:
Արդ, այս լսելով` ձեր անձերից հեռացրե՛ք չարությունն ու ամեն տեսակի խարդախությունը. յուրաքանչյուրդ ի սրտե ներե՛ք ձեր եղբոր հանցանքներն ու ամեն տեսակի անհամաձայնություն, որ ունեք միմյանց հետ, որպեսզի և դուք թողություն գտնելով Երկնավոր Հորից`արժանի լինեք այս զենմանը: Ամենքդ հեռո՛ւ վանեցեք ձեզանից անհավատությունը, արատավոր խիղճն ու թերահավատությունը:
Սրբեցե՛ք ձեզանից նախանձը, նենգությունը, չարությունը, կեղծավորությունը, հպարտությունը, ամբարտավանությունը, սնապարծությունը, մարդահաճությունը, հակառակությունը, ոխը, վաշխառությունը, տոկոսատվությունը և բոլոր չարիքների արմատ` արծաթասիրությունը, ագահությունը, այլև կանացի դյութանքներն ու կախարդիչ հրապույրները. և ամեն տեսակի չարախոսությունները, թշնամությունը, ցանկության ցավերը, մանավանդ սրբեցեք ձեր բերանից տգեղ ու տխեղծ հայհոյիչ խոսքերը, որով միմյանց եք նախատում, նաև անօրեն կռապաշտությունը և
անկարգ ու անառակ մոլորությունը, որոնց հիշելը ապականում ու գարշեցնում է նախ` իր, ապա` լսողների միտքը, քանզի դատաստանի օրը որդնալից են լինելու գարշելի բերանները նրանց, ովքեր չեն բաժանվում դրանցից. որովհետև Տերն ասաց. «Նա, ով իր եղբորը հիմար է անվանում, դատապարտվելու է գեհենի հրին»: Արդ, պետք է մեզանից արմատախիլ անել այդպիսի չարիքները. թող ո՛չ ոք չլինի շուն, պոռնիկ, արվագետ, գող, հափշտակող, ցանկասեր, որովայնամոլ, հարբեցող, չարակամ, կռվարար, սպանող, խռովարար, բարկացող, անողորմ, բանսարկու, պիղծ, թշնամացող, երդմնազանց, ուխտադրուժ, անօրեն, անիրավ, բամբասող և ուրիշ մեղքերով ծանրաբեռնված, որովհետև կան մեղքեր, որ մահվան հավասար են, որոնք այստեղ հիշելու իսկ արժանի չեմ համարում:
Եվ այս ասելով` պատվիրում եմ, որ հին մարդն ամբողջովին դեն նետեք իր բոլոր չար գործերի հետ միասին:
Այլ զգաստանալով` ամենքդ զգեստավորվե՛ք պարկեշտ, սուրբ, բարեմիտ, հեզ, քաղցր, անոխակալ, խաղաղարար վարքով. հիվանդների ու վշտացածների նկատմամբ` ողորմած. տնանկների, աղքատների ու կարոտյալների հանդեպ`գթացող. զարդարված ամեն տեսակի արդարությամբ, սիրով, հավատով, հույսով. կատարյալ սեր ունենալով առ Աստված և դեպի մարդիկ. քանզի բոլոր արդարությունների լրումը սերն է` սուրբ սրտից և անկեղծ հավատքից բխած: Պատվեցե՛ք ձեր հայրերին ու մայրերին. տղամարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց` ձեր անձերի նման. և դո՛ւք` կանայք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին. ամենքդ երկյո՛ւղ ունեցեք Աստծուց, պատվեցե՛ք կիրակի օրը: Երիտասարդնե՛ր և կույսե՛ր, սրբությո՛ւն սիրեցեք, որպեսզի այս սրբությունն ընդունելով`լուսավորվեք ինչպես լուսափայլ հայելին, երբ
արեգակի շողերը ճառագայթում են նրա վրա. և աճելով առաքինությունների մեջ` ապրեք արդարությամբ և չդատապարտվեք ըստ առաքյալի խոսքի. «Որովհետև, արդարև, մահտարաժամերն ու անտանելի ցավերի բազում հոգնությունները, բորոտություններն ու մնացած ամեն ինչ` անարժան հաղորդությունից են լինում»:
Որևէ մի կեղծավոր թող ներսում չմնա` կարծիք ստեղծելով դրսում կանգնածների մեջ, թե իբր հաղորդվողներից է, որովհետև երկմիտը Աստծուց ոչինչ չի ստանում, քանզի Աստված չի փորձվում. մարդկային ամոթը պատճառ մի՛ բերեք, որովհետև այս ամոթը ոչինչ է, այլ ա՛յն է մեծ ամոթ, որը տիեզերական հրապարակի վրա է, այն, որ այժմ թաքցնում ես ինձնից և չես խոստովանում ու ապաշխարում. այնտեղ` մեծ Դատավորի առջև հրապարակվելով` կբացահայտվի, և այլևս չես կարող թաքցնել քո գործերը, որովհետև քո հոգին քեզ դատախազ կլինի:
Արդ, ահա այս բոլորն աննախանձաբար ասացի ձեզ. այսուհետև անպարտ եմ. ձեր արյունը` ձեր գլուխը, քավված եմ ես ձեր արյունից, որ մինչև հիմա կար ինձ վրա:
Սակայն գիտեմ, որ ձեր մեջ կան ոմանք, որ արհամարհում են ասածներս. ուստի ձեզ ի վկայություն եմ դնում այս խոսքերը, որոնք այսօր բեմի վրա խոսեցի ձեզ. դատաստանի օրը`Քրիստոսի ահավոր բեմի առջև, ձեզ դեմ-հանդիման կբերեմ Սուրբ Ավետարանի վկայությամբ. ապա այն ժամանակ այլևս արհամարհողը չի կարող արհամարհել, այլ կշտամբվելով` պատուհասակոծ կլինի և կուղարկվի դեպի գեհեն` դեպի հուրն անշեջ: Այժմ խոսքիս ավարտն անեմ, որովհետև Խորհրդի մասին ամեն ինչ ասացի ձեզ` համառոտ ու պատշաճ կերպով:
Արդ, նրանք, ովքեր արժանաբար են հաղորդվում` զարդարված բարի գործերով, Պետրոսի և մյուս սուրբ առաքյալների հետ պսակվում են մեր Աստծուց` Քրիստոսից. իսկ ովքեր ըմբոստությամբ են հաղորդվում, կրկին խաչ են հանում Աստծու Որդուն. և ովքեր լիրբ երեսով ու անարժանությամբ են հաղորդվում` մատնիչ Հուդայի և խաչողների մասն ու բաժինն են ստանում: Ձեր օգուտը դո՛ւք գիտեք:
Եվ Սուրբ Հոգին, որ սրբերի բնակարան է և ամենայն բարիքի աղբյուր, թող մաքրի ձեր հոգիներն ու մարմինները, և փրկական խորհրդի Հաղորդությունը թող ձեզ համար մեղքերի թողության վերածի:
Որին Հոր և մեր Տիրոջ` Միածին Որդի Հիսուս Քրիստոսի հետ փա՜ռք հավիտյանս. ամեն:
Օրվա ընթերցվածք.
Դուք ինչպէ՞ս կարող էք հաւատալ, եթէ իրարից էք փառք առնում եւ չէք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս: Հովհ.5:44