Աֆրիկյան մի երկրում կար մի մաքսավոր՝ Պետրոս անվամբ, նա երբեք չէր ողորմում աղքատներին և չէր հաճախում եկեղեցի, Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Բարեգութ Մարդասեր Աստված չցանկանալով մեղավորի մահը, այլ բոլորի փրկությունը, Պետրոսի հետ էլ վարվեց ըստ իր գթասրտության և փրկեց նրան հետևյալ կերպ:
Մի անգամ մի տեղ հավաքված աղքատները և թշվառները նստել էին փողոցում և գովաբանում էին ողորմածներին, իսկ անողորմներին վատաբանում: Երբ խոսքը վերաբերվեց Պետրոսին, բոլորը միահամուռ կերպով վկայեցին, որ նրանից ոչ ոք երբեք ողորմություն չի ստացել: Այնժամ մի աղքատ ասաց. «Ի՞նչ կտաք ինձ, եթե ես նրանից ողորմություն վերցնեմ»: Պայմանավորվեցին, և աղքատը
գնաց Պետրոսի դարպասների մոտ կանգնեց: Երբ մաքսավորը դուրս եկավ դարպասներից հացով բարձած լի սայլով, քանզի նաև մատակարարողն էր արքայական տան, այդժամ նրան մոտեցավ մուրացիկը և սկսեց համառորեն ողորմություն խնդրել և ամբողջ ճանապարհին գնում էր նրա հետևից և անդադար պաղատում: Եվ ցանկանալով ինչ-որ կերպ ազատվել այդ մուրացիկից, մաքսավորը մի հաց վերցրեց և զայրացած նրանով հարվածեց աղքատին, որը և վերցնելով հացը շտապեց իր եղբայրների մոտ:
Երկու օր անց Պետրոսը ծանր հիվանդացավ և մոտ էր մահվան: Եվ հանկարծ նա սկսեց տեսիլք տեսնել, որ իրեն խոշտանգում են դատաստանի ժամանակ և իր գործերը դնում են կշեռքին, մի նժարին դևերը դրեցին Պետրոսի բոլոր չար արարքները, իսկ մյուսին լուսավոր հրեշտակները դրեցին ընդամենը մի հաց, որ համառությամբ ստացել էր աղքատը և այնուամենայնիվ հացով նժարը ավելի ծանր եղավ: Այնժամ հրեշտակներն ասացին Պետրոսին.
«Եթե նույնիսկ մի փոքր ողորմությունն այսքան օգտակար է, ինչ առավել փրկարար կլինի մեծ ողորմությունը»: Այդ օրվանից Պետրոսը դարձավ մեծ ողորմած և նույնիսկ ինքն իրեն չխնայեց հանուն ողորմության: Նա բաժանեց իր բոլոր ունեցվածքներն աղքատներին, ազատ արձակեց ստրուկներին և թողեց միայն մեկին: Իսկ այս ստրուկին Պետրոսը կարգադրեց, որ ինչ պիտի կատարվի, թող գաղտնի մնա և ասաց. «Գնանք սուրբ քաղաք Երուսաղեմ, և այնտեղ ինձ վաճառիր որպես ստրուկ մի որևէ քրիստոնյայի, իսկ գումարը բաժանիր աղքատներին»: Շատ հակաճառություններից հետո ստրուկն այդպես վարվեց, և այն տունը, որտեղ Պետրոսը որպես ստրուկ մտավ, մեծ օրհնության արժանացավ Աստծո կողմից:
Երկար տարիների ծառայությունից հետո մի օր մարդիկ եկան Պետրոսի երկրից այդ տունը և ճանաչեցին նրան ու պատմեցին տան տիրոջը, թե ինչ մեծ մեկն է եղել Պետրոսն իրենց երկրում: Իսկ Պետրոսն իմանալով, որ գաղտնիքը բացված է, չնայած իր հանդեպ տան տիրոջ մեծ սիրո և հարգանքի, փախավ այդտեղից և իզուր փնտրեցին նրան: Շատերը վշտացան նրա համար, և փառք տվեցին Աստծուն իր ծածուկ ծառաների համար: Իսկ Պետրոսը փախչելով մարդկային փառքից, թաքնվեց անհայտ վայրերում մինչ Տիրոջ առջև իր երանելի հանդիսանալը