ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Չնախանձենք հարուստներին և չարհամարհենք աղքատներին, քանզի թե մեկը, և թե մյուսը լինում են Աստծուց, նաև՝ ոչ Աստծուց: Բայց կասես, որ ասված է, թե. «Հարըստությունը և աղքատությունը Աստծուց է» (Սիրաք 11:14): Բայց հարցնենք մեզ հակաճառողներին, բոլոր հարստություննե՞րն են Աստծուց, և արդյոք ամեն մի աղքատությո՞ւն է, որ Աստծուց է: Ով կարող է դա ասել: Քանզի մենք տեսնում ենք, որ շատերն իրենց մեծ հարստությունը հավաքում են հափշտակությամբ, կախարդությամբ և նմանօրինակ այլ միջոցներով: Դե ասա ինձ, կարելի՞ է ասել, որ նման հարստությունը Աստծուց է: Ոչ, ուրեմն որտեղի՞ց է՝ մեղքից: Պոռնիկը պղծում է իր մարմինը և հարստանում, այսպես և գողը՝ ծակելով պատը, հավաքում է անիրավ հարստություն: Եվ ինչ, արդյո՞ք ամեն մի հարստություն է, որ Աստծուց է: Բայց լսիր, որ լինում է նաև աղքատություն, որ Աստծուց չէ: Մի անժուժկալ պատանի ծախսեց իր հարստությունը անառակ կանանց, կախարդների և նմանօրինակ այլ բաների վրա և դարձավ աղքատ, հայտնապես է, որ սա Աստծուց չէ, այլ սեփական անժուժկալությունից: Այսպես է նաև, եթե մեկն աղքատանում է պարապությունից, դառնում է կարիքավոր՝ սեփական անմտությունից, կամ որ արել է բաներ վտանգավոր և անօրեն, պարզ է, որ նման մարդիկ Աստծուց չէ, որ ընկել են նման վիճակի մեջ:
Ինչպիսի՞ աղքատությունն է և ինչպիսի՞ հարստությունն է, որ տրվում է Աստծուց: Նա դարձրեց հարուստ Աբրահամին, նրանից հետո նաև Հոբին, ինչպես որ ասում է. «Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ 2:10): Հակոբի հարստությունն էլ այստեղից առաջ եկավ: Լինում է և Նրանից չքավորություն, որը պատճառ է բարիքի, որը և Նա երբեմն առաջարկեց հարուստին հետևյալ խոսքերով. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ունեցվածքը և բաժանիր աղքատներին և եկ իմ ետևից» (Մատթ. 15:21): Եվ հիմա կհարցնես, եթե հարուստները օգտակար չեն, ուրեմն, ինչի՞ համար նրանք գոյություն ունեն: Նրանք են անպիտան, ովքեր իրենք իրենց են հարստացրել, իսկ ում հարստացրել է Աստված, նրանք հույժ օգտակար են: Սա կարելի է տեսնել և իր գործերից: Աբրահամը տիրում էր հարստության և հօգուտ բոլոր ճամփորդների օտարականների ու կարիքավորների:
Այսպիսին էր Հոբ Երանելիի խոսքերը. «Իմ դուռը բաց էր բոլոր այցելուների համար», «Կույրին աչք էի և կաղ մարդուն՝ ոտք ու խեղճին՝ հայր», «Օտարը դրսում չէր օթևանում, իմ դուռը բաց էր եկվորի առաջ», «Կորած մեկին անտեսեցի՞ և չհագցրեցի՞» (Հոբ 31:32) : Եվ սրանից առավելն էր անում նա:
Իսկ հիմա ուզու՞մ ես տեսնել նրանց, որ հարստացան, բայց ոչ Աստծուց, և տեսնել, թե ինչպես էին նրանք վարվում իրենց ունեցվածքի հետ: Նայիր հարուստին, որ հիշատակվեց Ղազարոսի հետ, որ մի հատիկ իսկ չհեռացրեց իրենից, նաև Աքաբին, որ հափշտակեց այգին և նմանօրինակ այլոց:
Հիմա կհարցնես. ինչո՞ւ է Աստված թույլ տալիս նման մարդկանց հարստանալ: Որովհետև Նա երկայնամիտ է և ուզում է մեզ բերել ապաշխարության, որովհետև Նա պատրաստել էր գեհենը և օր նշանակել, որում պիտի դատի ամբողջ երկիրը: Եթե նա նույն պահին պատժեր հափշտակությամբ հարստացողին, այնժամ Զակքեոսը ժամանակ չէր ունենա զղջալու և քառապատիկ ավելին տալու իր հափշտակածից, դնելով և իր սեփական ունեցվածքի կեսը, Մատթեոսը չէր կարող փոխվել և դառնալ առաքյալ, եթե չունենար համապատասխան ժամանակամիջոց, և նմանօրինակ ուրիշ շատերը: Եթե նրանք չուզենան զղջալ և շարունակեն նույնն անել, ուրեմն, նրանց համար է ասել Պողոսը, որ նրանք իրենց. «Խստությամբ և անզիղջ սրտով բարկություն են դիզում իրենց անձի դեմ բարկության օրվա և Աստծո դատաստանի հայտնության օրվա համար» (Հռոմ. 2:5): Որպեսզի մենք խուսափենք այս բարկությունից, ապա հավաքենք երկնային հարստություն և փնտրենք չքավորությունը, որ արժանի է գովասանքի, և այնժամ մենք էլ կարժանանանք գալիք անանց բարիքներին:
(Հովհան Ոսկեբերան` ժողովրդական Հայրապետ):
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 6.48-55
Ես եմ կենաց հացը: Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: Այս է երկնքից իջած հացը, որպէսզի ով որ սրանից ուտի, չմեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. եթէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կապրի. եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»: Հրեաներն իրար հետ բուռն կերպով վիճում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ: Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ:
Post Views: 897