ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Ինչո՞ ւ են մարդիկ ամուսնալուծվում, եթե սիրում էին միմյանց ..
Եթե հարցնենք, թե ինչո՞ւ է օրեցօր ավելանում ամուսնալուծությունների թիվը, ապա պատասխանները կլինեն մոտավորապես` այսպիսին...
1. Սոցիալական դժվար պայմաններ.
2. Արտագնա աշխատանք.
3. Դավաճանություն. 4. Անհնազանդություն. 5 Իրավաբանորեն հեշտացված ամուսնալուծություն:
Սակայն կա մի հիմնավոր պատճառ, որին ավաղ, ոչ ոք չի անդրադառնում: Ամուսնալուծությունների հիմնական պատճառը նորապսակների` Սուրբ Պսակի խորհրդին անհաղորդ լինելն է:
Սուրբ Պսակի Խորհուրդը երբեմն նմանվում է ձևական, մրցութային, ցուցադրական և հաշվարկային միջոցառման` ողջ ուշադրությունը կենտրոնացնելով անկարևոր` սնոտի բաների վրա:
Նորապսակների հետ չի տարվում բացատրական խորհրդատվություն` Ոչ ծնողների կողմից, ոչ եկեղեցու և ամենակարևորը` ոչ էլ նորապսակներն են գիտակցաբար գնում այդ պատասխանատու քայլին: Ասածս փաստելու համար, մեկ անգամ ուշադիր եղեք Պսակի խորհրդին մասնակցելիս, որպեսզի տեսնեք, թե քանի հոգի է լսում խորհրդակատար հոգևորականի հորդորները և աստվածաշնչյան լուսատու խոսքերը, որոնք հիմքն են հանդիսանալու ամուր ընտանիքի: Դեռ չեմ ուզում խոսել այն մասին, որ որոշներն էլ Պսակի Խորհրդի ժամանակ անընդհատ ժամացույցին են նայում` սպասելով թե երբ կվերջանա, որ շուտ հասնեն հանդիսությունների սրահ և ցուցադրեն իրենց նորաոճ հագուստը, զարդերը, պարերը և այլն:
Ես կարծում եմ, որ վերը նշված հինգ պատճառները անշուշտ կարող են խանգարել ամուսնական խաղաղ ընթացքը, բայց ոչ մի դեպքում չեն կարող նպաստել ամուսնալուծությանը: Եթե նյութական գումարի պակասությունը պետք է բաժանի զույգին, ուրեմն այնտեղ միություն չի եղել ի սկզբանե, քանի որ զույգը եկեղեցում` Սուրբ Խորանի առջև խոստանում է, ամեն պատահած նեղության դեպքում տեր և հնազանդ լինել: Արտագնա աշխատանքը նույնպես պատճառ չէ բաժանության համար, որովհետև մարդը բանական է, և բանականությունն է իշխում զգացմունքների վրա, և ոչ թե հակառակը: Եթե մարդը մեղավոր է, միշտ էլ գտնում է իրեն արդարացնող միջոցներ, սակայն այդ արդարացումներով գուցե կարող ենք համոզել, խաբել մեզ նմանին, բայց ոչ Աստծուն: Շնությունը այսօր վնասում է խաղաղ մարդու սիրտը, կասկած է հարուցում միամիտ հոգում, վեճերի ու խռովությունների պատճառ է դառնում: Միթե այս քայլը անհնազանդություն չէ Աստծո պատգամին, որ ասվեց եկեղեցում: Անհնազանդություն է երկուստեք, որովհետև այն սերը, որի շնորհիվ ամուսնացան, դեռ սեր չէր, այլ համակրանք: Սերը այլ բնութագիր ունի: Սիրո անունը ծառայություն է` խոնարհությամբ: Սիրելինե՛ր, վստահ եղեք, ամեն ինչ անցողիկ է, միայն ամուր ընտանիքն է կայուն, մնայուն և հարատև: Այս բոլորը կլինի կատարյալ, եթե մեր սրտում լինի Աստծո՛ կամքը և ո՛չ թե մեր:
Եթե Աստված ձեր սրտին չի հայտնել Իր կամքը` ամուսնանալուց առաջ, ապա գործ չունեք այդ ամուսնության հետ: Երբ դու ամուսնանում ես առանց Աստծու կամքն ունենալու, ապա, երբ փոթորիկները գան, իսկ դրանք անպայման կգան, քո մեջ հարցեր կծագեն. «Ի՞նչ կլիներ, եթե ես ամուսնանայի մեկ ուրիշի հետ», «Կունենայի՞ արդյոք այս խնդիրները», «Ես պետք է վստահ լինեի, թե իրո՞ք նրա հետ ամուսնանալը Աստծո կամքն էր», «Ես թակարդի մեջ էի» և այլն… Հետո քո սիրտը գնալով կձանձրանա, և դու ի վիճակի չես լինի պայքարել այն ձախորդության դեմ, որը կհարվածի քո ամուսնությանը: Դու կլինես քո բոլոր ճանապարհների մեջ անհաստատ, մի տատանվող ու երմտող մարդ»: Խնդրեք Աստծո կամքը, խնդրեք իմաստություն, աղոթքի մեջ հարատևեք, մինչև ձեր սիրտը ձեզ հայտնի Աստծո կամքը և օրհնությունը, այնուհետև ամուսնացեք: Հաշվարկով մի ամուսնացեք, հաշվարկը խաբուսիկ է, մաքուր սրտով և առանց կեղծիքի ամուսնացեք:
Ամուսնությունը պատահական հանդիպման և հանկարծակի որոշման ենթակա չէ, այն կարևոր է ոչ միայն ձեր, այլև հասարակության և երկրի ամրության համար: Ամուր ընտանիքն է ամուր պահում պետությունը:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 18.18-27
18 Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 19 Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած: 20 Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»: 21 Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»: 22 Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կունենաս. եւ արի՛ իմ յետեւից»: 23 Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր: 24 Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծոյ արքայութիւնը կմտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն: 25 Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծոյ արքայութիւնը մտնի»: 26 Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»: 27 Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծոյ համար հնարաւոր է»: