Խոնարհությունն արիություն է, ոչ թե թուլություն...
Շատերը երբեմն կարծում են, թե խոնարհությունը թուլություն է։ Սակայն իսկական խոնարհությունը հերոսություն է և հերոսին հատուկ քաջություն է պահանջում, որը շատ քիչ մարդիկ ունեն։
Օրինակ` երբ մեզ վատություն են անում և մենք ներում ենք, սրանից ավելի մեծ քաջություն չկա։ Իսկ եթե վրեժ ենք լուծում, բամբասում ու չարախոսում, մեր սրտում ատում, նշանակում է` ուժ չունենք մեծահոգի և բարի լինելու, ուժ չունենք հասցված վիրավորանքը հաղթահարելու և արհամարհելու, արհամարհելու վիրավորա՛նքը և ոչ թե այն հասցրած մարդուն։
Եվ շատ մեծ թուլություն է, երբ սխալ ենք թույլ տալիս, վատ բան անում և չենք կամենում այն ընդունել ու ներողություն խնդրել, այլ վախկոտի պես սկսում ենք մեզ արդարացնել ու սուտ խոսել։
Խոնարհ մարդն է, որ պատրաստ է հնազանդվելու ցանկացած հրամանի, եթե դա պահանջվում է հայրենիքի և ժողովրդի համար։ Նա պատրաստ է հնազանդվելու նույնիսկ մահվան գնով, նա պատրաստ է անձնազոհության։
Մի՞թե սա մեծ քաջություն չէ։ Եվ անչափ մեծ քաջություն ու հերոսություն է սեփական ցանկությունը մի կողմ թողնելով` կատարել ուրիշինը, զիջել ուրիշին, սակայն սա անել ուրախությամբ ու սիրով։
Տեր Հիսուսն Ինքը շատ խոնարհ ու հնազանդ էր։ Նրա մասին գրված է, որ երբ դեռ երեխա էր, հնազանդ էր Իր ծնողներին։ Իսկ Ինքն Իր մասին ասում էր. «Ես երկնքից իջա, ոչ թե որպեսզի Իմ կամքը կատարեմ, այլ Նրա, Ով ինձ ուղարկեց», այսինքն` Հայր Աստծո։ Եվ այդ նույն հնազանդությամբ էլ չարչարվեց ու խաչվեց մեզ համար։ Որովհետև այդպես էր որոշել Նրա Հայրը։
Քրիստոնյան միայն մի դեպքում իրավունք ունի և նույնիսկ պարտավոր է չհնազանդվել։ Քանի որ նա նախևառաջ Աստծո ծառան է, ապա պիտի կատարի նախևառաջ Աստծո հրամանները. երբ իրենից պահանջում են Աստծո պատվիրաններին հակառակը, այսինքն` չար ու տմարդի բաներ կատարել` ինչ-որ մեկին որևէ վատություն անել, գողանալ, սպանել և այլն, նա չպիտի հնազանդվի։ Նա կարող է սպանել միայն, եթե դրանով պիտի փրկի ուրիշների կյանքը։ Ահա այդ պատճառով էլ պատերազմի ժամանակ նա թեև սպանում է թշնամուն, սակայն դա անում է, որպեսզի թշնամին, իր հայրենիքը գրավելով, չսպանի ու չկոտորի իր մերձավորներին ու ժողովրդին։ Եվ երբ պետք է սրբությունն ու ճշմարտությունը պաշտպանել, քրիստոնյան ոչ ոքից ու ոչնչից չի վախենում, գիտի պաշտպանել Աստծուն, իր հայրենիքը, ծնողներին, եղբայրներին ու քույրերին, ընկերներին, աղքատ ու թշվառ կամ նեղության մեջ ընկած մարդկանց։
Անկեղծ ասած ինձ շատ դուր եկավ խոնարհության մասին այս գեղեցիկ մեկնաբանությունը: Սակայն այստեղ մի ավելի գեղեցիկ խոնարհության դրսևորում կա, որ նյութի հեղինակը չի տրամադրել իր անունը, նույնիսկ հարցումից հետո: Մտքերի հեղինակը ես չեմ, սակայն աղոթում եմ հեղինակի համար, որ Աստված նրա շնորհը և ստեղծագործական միտքը առավել լուսավորի և անսասան պահի հավատքի մեջ: