hogevor qarozner 2015
Աղոթք հիվանդների համար
Գիշերվա հո´ւյս, վաղորդյան լո´ւյս, օրվա իմաստությո´ւն մեր Տե´ր ու Փրկիչ` Հիսուս Քրիստոս:
Շնորհակալ ու երախտապարտ ենք Քեզ` այսօր էլ խաղաղությամբ ու անփորձանք անցկացնելու համար:
Պարգևի´ր մեզ խաղաղ գիշեր և բարի առավոտ, որպեսզի նոր օրը սկսենք Քո մեծ ողորմությունն ու
նախախնամությունն ունենալով մեզ որպես ուղեկից, քանզի առանց Քո միջամտության ձախողված է մեր յուրաքանչյուր քայլ:
Միամիտ սրտի կատարյալ հավատով աղաչում ենք Քեզ, Հա´յր` այս գիշեր այցելիր բոլոր հիվանդներին, տարեց թե մանուկ,
Քո բարեխնամ ձեռքը դիր նրանց ցավոտ անդամներին, թող վաղը նրանց համար նոր առավոտ բացվի, ամրացրու մեր հավատքը
և օրհնիր մեզ, որպեսզի աղոթենք միմյանց հոգու փրկության համար, շնորհիր մեզ քաջություն մեր կյանքում շեշտերը
ճիշտ տեղերում դնելու համար:Սովորեցրու մեզ միմյանց սիրելու գաղտնիքը, միմյանց չբամբասելու,
այլ աղոթելու պատրաստակամությունը: Բոլորս ենք հիվանդ, բոլորս ունենք Քո բարեխնամ բուժող ձեռքի կարիքը:
Բոլորս ենք Քոնը, մի արտոնիր, որ սևերես կանգնենք Քո առջև Ամենակալ Տեր:
Հիվանդ թե առողջ, մեղավոր թե անմեղ, երիտասարդ թե ծեր`
ամեն ժամ գոհություն ենք մատուցում Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին: Ամեն.